«Ո՞ւմ ձեռք չէր տալիս տիկին Զոհրաբյանի պաշտոնավարումը: Դա առաջին հերթին թուրք-ադրբեջանական տանդեմն է: Տիկին Զոհրաբյանը տարիներ եվրոպական կառույցներում իրենց օր ու արեւ չէր տալիս»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ որոշման նախագիծ է դրել շրջանառութան մեջ, որով ուզում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնել՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի: Ըստ հիմնավորումների, նա չի կարող ղեկավարել այդ հանձնաժողովը, քանի որ դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որի մեջ նշել է. «Ես ատում եմ քեզ, ժե՛խ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։
Աբովյանի մեկնաբանությամբ՝ փորձել են ապազգային օրակարգեր բերեն, տիկին Զոհրաբյանը այդ ճնշումներին չի գնացել ու չի բացառվում, որ այս ընթացքում, մինչեւ ԱԺ-ն կցրվի, Ստամբուլյան կոնվենցիան բերեն անցկացնեն:
Արման Աբովյանը մինչ այդ ԱԺ նիստում ամբիոնին մոտենալով՝ հայտարարեց, որ Դոնթի բանաձեւով՝ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը պատկանում է ԲՀԿ-ին. «Մենք հայտարարում ենք, որ եթե դուք ձեր անօրինական քվեարկությամբ զրկեք տիկին Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորությունից, ապա ԲՀԿ-ն որեւէ մեկին չի առաջադրելու այդ պաշտոնի համար, մտածեք ձեր պատասխանատվության մասին: Այս հակասահմանադրական եւ անբարո քննարկումը, որը պետք է տեղի ունենա, որակավորում ենք՝ որպես քաղաքական հետապնդում եւ հաշվեհարդար Նաիրա Զոհրաբյանի հանդեպ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Մենք չենք մասնակցելու այդ կրկեսին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ