Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան․ Պահանջում ենք, որ արագ ազատ արձակեն բերման ենթարկվածներին

Դեկտեմբեր 28,2020 13:38

Ազգային ժողովի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվեցին դեպի կառավարություն։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են, որ ոստիկանություններից արագ ազատ արձակեն բերման ենթարկվածներին։ Նրա տեղեկություններով՝ բերման ենթարկվածները հիմնականում կենտրոնացած են ոստիկանության Արաբկիրի բաժնում։

Նա կոչ արեց քաղաքացիներին հավաքվել ոստիկանության բաժինների մոտ և պահանջել ազատ արձակել բերման ենթարկվածներին։

Գեղամ Մանուկյանը անդրադարձավ նաև Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետեւյալ հայտարարությանը․ «Ես դիմում եմ Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետին ու խնդրում եմ, հորդորում ու պահանջում, որ շատ արագ վերականգնի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների: Բազմաթիվ քաղաքացիներ գրում են ու ասում են՝ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանենք մեր կողմից ընտրված պատգամավորներին եւ իշխանությանը»:

Գեղամ Մանուկյանն ասաց․ «Բոլորը լավ գիտեն, որ Հայկ Սարգսյանի ասած այդ քաղաքացիների տակ բանդաներն են, որոնք արդեն 1.5 ամիս կառավարական ամառանոցում պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև Նիկոլն արդեն համոզվել է, որ նույնիսկ իրավապահները իրեն չեն պաշտպանելու։ Հույսը կրիմինալի, խուլիգանի, հանցագործի վրա է։ Դրա համար է Ազգային ժողովում այսօր սպառնում Սարգսյան Հայկը, դրանով է, որ նորից քաղաքացիական բախումների, քաղաքացիական պատերազմի կոչ անում հենց Ազգային ժողովի ամբիոնից։ Եվ սրան է, որ իրավապահները պետք է գնահատական տան, և ոչ թե իրենց քաղաքացիական անհնազանդությունը արտահայտող քաղաքացիներին բերման ենթարկեն, քրեական գործեր կարեն»։

Լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ բերման ենթարկվածների շարքում են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը և բազմաթիվ այլ քաղաքացիներ․ «Հիմա արդեն սկսել են հարուցել քրեական գործեր խուլիգանության մեղադրանքով։ Սկսել են ոստիկանատնից ոստիկանատուն տեղափոխել, կարծես, հետքեր կորցնելու համար»։

Քաղաքացիները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031