Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմել եմ ԱԺ-ին, որ ինձ տրամադրի ամենագնաց մեքենա… դուք կփոշմանեք ձեր տված հարցի համար». Արմեն Խաչատրյանը՝ ԲՀԿ-ականներին

Դեկտեմբեր 28,2020 13:04

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ նիստում արձագանքելով իմքայլական Հայկ Սարգսյանի ելույթին, որը նախկինում թալանից էր խոսել ու ասել, որ նախկին իշխանության օրոք ժամկետային զինծառայողների թիվը կրկնակի պակասել է՝ ասաց. «Ես էլ կուզենամ թվային տվյալներ ներկայացնել այս իշխանության 2,5 տարվա արդյունքների վերաբերյալ: Պարոն Սարգսյան, հատուկ ձեզ համար՝ ձեր իշխանության 2,5 տարվա ընթացքում ՀՀ տարածքը 42 հազար քմ-ից դարձավ 29 հազար: Թշնամու հետ շփման գիծը երկարեց 500 կմ-ով: Սանձազերծված պատերազմի արդյունքում ունեցանք մոտ 5000 զոհ, 10 հազար վիրավոր: Ունեցանք մոտ 40 հազար անտուն մնացած հայրենակիցներ, որոնց խնդիրները պետք է լուծվեն, բայց իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի այս օրակարգով զբաղվելուց»:

Իվետա Տոնոյանն ասաց, որ Փաշինյանը ամեն հարցազրույցի ժամանակ իրար հակասող բան է ասում ու շարունակելով այս իշխանության բացթողումները՝ ասաց. «Մենք ունենք րոպեներ առաջ ԱԺ մուտքի մոտ ցուցարարներին ծեծող պատգամավոր: Եվ դուք դեռ խոսում եք ինչ-որ վատ ավանդույթների՞ց: Եթե այդպիսիք եղել էլ են, ապա այդ վատ ավանդույթների ամենացայտուն կրողն ու արտահատողը այսօր գործող իշխանություններն են»:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն իր ելույթում ասաց. «Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ, եթե այդպես է, ձեր քաղաքական առաջնորդը ինչո՞ւ է ամեն անգամ կրկնում թե ՀՀ-ից ոչ մի մետր չի զիջվել»: Նա ասաց, որ Սյունիքը զրկվել է անվտանգության երաշխիքից ու իշխանությունները ունեն գաղտնի պայմանավորվածություններ, որոնց մասին 3 մլն վարչապետներին հարկ չեն համարում իրազեկել, որ էժան առեւտրի մեջ են ու դրա գինը լինելու է Մեղրին:

«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Սյունիքից խոսող Իսայանին պատասխանեց. «Քանի՞ հոգի է գնացել Սյունիք ու տեսել, խոսել, հասկացել, հանդիպել սահմանապահների հետ եւ այլն: Եթե գնացել եք, շատ լավ է»:

Դահլիճից ԲՀԿ-ականները սկսեցին վիճել՝ ակնարկելով գումար ստանալու մասին: Արմեն Խաչատրյանն էլ պատասխանեց. «Այդ գումարի հետ կապված ասեմ՝ ես դիմել եմ ԱԺ-ին, որ ինձ տրամադրի ամենագնաց մեքենա, որովհետեւ իմ գնացած տարածքները հնարավոր չէր գնալ իմ տրանսպորտային միջոցով եւ ընդամենը սրանով էր պայմանավորված իմ գործուղումը: Ավել պարզաբանելու համար ես ձեզ խոստանում եմ, դահլիճից դուրս անպայման կպարզաբանեմ ու դուք կփոշմանեք ձեր տված հարցի համար: Ինչ վերաբերում է նրան, թե Մեղրին են տալիս եւ այլն, եկեք դիտարկող խումբ ստեղծենք, համապատասխան պետական կառավարման օղակներից մարդկանց հետ գնանք Սյունիք, տեսնենք ինչ են անում: Եթե այդպիսի տիեզերական մտքեր կան, թե ինչպես պետք է սահմանազատումն անեինք, նոր գաղափարներ, առաջարկներ կլինեն, խնդրեմ, բոլորս անենք, հասկանանք: Եթե կարող ենք ավտոմատով այդ սահմանը պահենք ու ասենք՝ ադրբեջանցին 50 կմ-ից ներս չթափանցի, եկեք գնանք պահենք, ես էլ ձեր հետ»:

Նա ասաց, որ այստեղից խոսում են, բայց 90 տոկոսը չգիտեն՝ Շուռնուխը որտեղ է, Որոտանը որտեղ է, ադրբեջանական դիրքերը որտեղ են, ռուսները որտեղ են կանգնած. «Տագնապ եք տարածել այն աստիճան, որ Հյուսիսային պողոտայում ապրողն ասում է՝ վախենում եմ տնից  դուրս գամ, կարող է թուրքը գա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031