Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ ոչ դուք եք դավաճան, ոչ էլ նրանց մեջ կան դավաճաններ. պատերազմն էր անհավասար». Վարդան Հարությունյան

Դեկտեմբեր 28,2020 12:36

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումը

Երկու դիտարկում Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ կապված․

1․Ասում է՝ եթե անգամ պատերազմ էլ չլիներ, միեւնույնն է, մենք հանձնելու էինք այդ 7 շրջանները եւ նույն այս պատկերն էինք ունենալու։
Ոչ, պարոն Փաշինյան, այս պատկերը չէինք ունենալու։ Այն, որ Ղարաբաղի մաս չհանդիսացող 7 շրջանները պետք է հանձնվեն, պարզ էր Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առաջին օրվանից։ Լեւոն Տեր-Պետրոսյանից բացի Հայաստանում ոչ մի այլ իշխանավոր համարձակություն չի ունեցել եւ այս մասին պարզ ու շիտակ չի խոսել։ Դուք նույնպես չեք ունեցել այդ համարձակությունը, չնայած ձեր գլխարկին գրում եք, թե համարձակ (դուխով) եք։ Համարձակության պակասը այսօր էլ ձեզ թույլ չի տալիս ընդունել սեփական սխալները, որոնք այդքան ճակատագրական եղան մեր ժողովրդի ու մեր պետության համար։ Դեռ մինչեւ իշխանության գալն էիք դուք փոխզիջումների գաղափարին դեմ։ Բայց, անկախ այս հանգամանքից, ձեր իշխանության գալուց հետո անձամբ ես հույս եմ ունեցել, թե դուք հետ կկանգնեք մաքսիմալիստական դիրքերից ու կգնաք առարկայական բանակցությունների։ Իսկ դուք գնացիք ձեր նախորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ճանապարհով՝ ձգձգել բանակցությունները։ Ավելին՝ սկսեցիք սադրել Ադրբեջանին, մի բան, որ երբեք չեն արել ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը։ Ձեզ թվաց՝ տպավորիչ կլինի տավուշյան միջադեպը, որպես հերոսամարտ, ձեզ էլ որպես մեծ ստրատեգ ներկայացնելը, «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» վանկարկելը։

Ի տարբերություն ձեր նախորդների՝ ունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը՝ դուք կարող էիք գնալ համարձակ քայլի՝ առարկայական բանակցությունների ու զիջումների։ Ադրբեջանը առանց պատերազմի, առանց հազարավոր երիտասարդ զոհերի ստանալու էր 7 շրջանները (Շուշին եւ Հադրութը չկան այս ցանկում), որից հետո սկսվելու էր երկխոսության ու խաղաղության գնալու փուլը՝ Հայաստանի ապաշրջափակումը եւ նոր իրավիճակ տարածաշրջանում։ Դուք պատմության մեջ մնալու էիք որպես քաջ գործիչ։ Փոխարենը, վստահաբար եւ արդարաբար, ձեր անունը գրվելու է ամենաձախողված գործիչների ցանկում։
Այնպես որ՝ սխալվում եք, կեղծում եք՝ նույն արդյունքը չէինք ունենալու։

2․Ասում եք՝ չենք հաղթել, որովհետեւ դավաճանություն է եղել եւ ինչ-ինչ հանգամանքներ պետք է հետաքննել։ Իբր՝ զինամթերք չեն տվել զինվորներին, չկռվելու կոչեր են արել եւ այլն։ Դավաճաններ եք փնտրում։ Դուք, բոլոր առումներով, 2018-ին մերժված իշխանության արգասիք եք։ Նրանց պես ու նրանց չափանիշներով եք մտածում։ Պատահական չի, որ նրանց սահմանադրությունը այդքան հարմար եկավ ձեզ ու այդքան սիրելի եղավ։ Պատահական չի, որ դուք նրանց եք էլիտա համարում։ Ձեր պատկերացրած էլիտան ու դուք նույն բառապաշարն ունեք, նույն մոտեցումները, նույն ագրեսիան։ Նրանք ձեր են դավաճան անվանում, դուք նրանց մեջ եք դավաճաններ փնտրում։

Իսկ ես վստահ եմ, որ ոչ դուք եք դավաճան, ոչ էլ նրանց մեջ կան դավաճաններ։ Պատերազմն էր անհավասար։ Մենք հաղթել չէինք կարող, որքան էլ, որ դուք ու ձեր էլիտար ընդդիմությունը հակառակը պնդեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031