Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտահերթ ընտրությունները կարող են դառնալ Երրորդ հանրապետության վերջին ընտրությունները». Արմեն Աղայան

Դեկտեմբեր 28,2020 15:30

«Հայկական ընտրություն» խումբը օրերս հրավիրած հավաք էր նախաձեռնել՝ ներկայացնելով առաջարկները՝ «Ազգային պետության սահմանադիր խորհրդարանի եւ անցումային կառավարության» նախագծում: Aravot.am-ը «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանից հետաքրքրվեց, թե որն էր միջոցառման մեխը:

«Հետպատերազմյան օրերին աստիճանաբար ձևավորվում է այն համոզմունքը, որ Արցախի թուրք-ռուսական զավթմամբ Երրորդ հանրապետության վերջը եկել է։ Դրա ներկա ու նախկին վերնախավերի՝ սեփական հանցանքը միմյանց վրա բարդելու սևուսպիտակ գզվռտոցն այլևս անտանելի է։ Ճգնաժամը որևէ կերպ հաղթահարելու նախապայմանը որակապես նոր՝ իսկապես ազգային պետության կերտումն է, որն ունակ կլինի ձևակերպել իրական համազգային օրակարգը և հաղթահարել արդեն մեր գոյությանը սպառնացող մարտահրավերները։

«Հայկական ընտրություն» ՀԿ-ն մտածել է, թե ինչպես, նախնական որ քայլերով կարող ենք ձեռնամուխ լինել այս պետականակերտ նպատակի իրականացմանը։ Երրորդ հանրապետությունից հիասթափված շատերը լուծումներ են փնտրում «սահմանադրական ուղուց» ու քաղաքականությունից դուրս։ Իսկ մենք առաջարկում ենք ընտրություն ընտրություններից առաջ, որպեսզի հակաճգնաժամային լուծումներ փնտրող գործիչները և կառույցները, հանդես գալով միասին, վերջապես հնարավորություն ստանան արդյունավետ մասնակցել քաղաքական և ընտրական գործընթացներին՝ չեզոքացնելով արցախյան պարտության և պետականության կործանման թե ներկա, թե նախկին պատասխանատուների մեկնարկային և ռեսուրսային առավելությունները։

Մեր պատրաստած նախագիծ-առաջարկությունը հասցեագրված է բացառապես այն գործիչներին և կազմակերպություններին, որոնք առաջնորդվում են ազգային պատասխանատվությամբ և ճգնաժամը հաղթահարելու եղանակների մասին ասելիք ունեն։ Նրանց բոլորին նախագիծը հրավիրում է մասնակցել «Ազգային պետության սահմանադիր խորհրդարանի և անցումային կառավարության նախնական ընտրությանը»։ Միաժամանակ նախըտրությամբ առաջադրված այդ կազմը, որպես ազգային պետության ջատագովների միասնական ցուցակ, կարող է մասնակցել նաև առաջիկա պաշտոնական արտահերթ ընտրություններին։ Այն էապես կտարբերվի մյուս ցուցակներից, քանի որ ցուցակը գլխավորող վարչապետի, նախարարական ու պատգամավորական թեկնածուները ընտրված կլինեն քաղաքացիների մասնակցությամբ, հատուկ մշակված վարկանիշային քվեարկությամբ, այլ ոչ թե կլինեն ինքնահռչակ կամ կուլիսային գործարքներով պայմանավորված»,-նշեց Արմեն Աղայանը։

Նրա խոսքով. «Նախընտրության առաջարկվող սկզբունքները պետք է երաշխավորեն գործընթացի ներառականությունը, գաղափարականությունը, թափանցիկությունը, օբյեկտիվությունը, ինքնաֆինանսավորումը։ Եթե հաջողվի դա կազմակերպել հիմա, ապա արտահերթ ընտրությունները կարող են դառնալ Երրորդ հանրապետության վերջին ընտրությունները՝ պատմության աղբանոց նետելով այն վայելած ու կործանած, ազգային գոյությունը վտանգած հին ու նոր դավաճաններին։ Մեծամասնություն կազմելու դեպքում, պետության ազգային կաղապարին անցնելու կողմնակիցները անմիջապես ձեռնամուխ կլինեն թե ընթացիկ մարտահրավերների հաղթահարմանը, թե նոր պետականության իսկապես ազգային և կենսունակ հիմքերի ձևավորմանը»

Խնդրեցինք մանրամասնել առաջնահերթ քայլերից մի քանիսը, որոնց իրականացնելու դեպքում հնարավոր կլինի ստեղծված իրավիճակից դուրս գալ:

«Նախ հասկանալը, թե որն է իրականում այդ իրավիճակը։ Կարծում եմ մենք դեռ տաք ենք և այնքան էլ լավ չենք գիտակցում, թե ինչ կատարվեց մեզ հետ։ Իսկ ճգնաժամը հաղթահարելու մասին մտածելու համար նախ անհրաժեշտ է, որ մենք լինենք՝ վերականգնենք մեր սուբյեկտությունը։ Այսօր դա բացակայում է, ոչ միայն մեր թուլացման և արտաքին կախվածությունների պատճառով, այլև Երրորդ հանրապետության տևական ճգնաժամի, որը երեսուն տարիների ընթացքում, կուսակցականացված ժողովրդավարություններին նմանակելով, այդպես էլ չկարողացավ ձևավորել ազգային հավաքական մտագործունեության արդյունավետ համակարգ։

Երբ լինենք և գիտակցենք իրավիճակը ողջ խորությամբ, ստիպված ենք լինելու բախվել արմատական լուծումներ պահանջող շատ ծանր երկընտրանքների և որոշել, թե պատրաստ ենք արդյո՞ք վճարել պահանջվող գինը այս կամ այն նպատակը սահմանելու դեպքում։ Շատ վատ կլինի, եթե այդ որոշումները կայացնենք հատվածաբար՝ մի մասը նախընտրի մեկ նպատակ, մյուսը՝ այլ, մի մասը պատրաստ լինի վճարել տվյալ նպատակի համար պահանջվող գինը, մյուսը խուսափի ու այսպես մատնվենք կործանարար ինքնահոսի։ Հիմա փաստորեն հենց այդ վիճակն է, երբ մեկը ուզում է շարունակել կռվել, չիմանալով ինչպես, իսկ մյուսը՝ ճանաչել թշնամու տարածքային իրավունքները ու առևտուր անել նրա հետ, չմտածելով վաղվա մասին, և երկուսն էլ դա ուզում են անել անվտանգության մտահոգությամբ՝ երրորդին մղելով հուսահատության և արտագաղթի։

Ուստի նոր պետականակերտման ողջ իմաստը պետք է լինի համազգային և խիստ ներառական արդյունավետ մտագործունեություն կազմակերպելը, դրա համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ լուծումները, առանց շտապողականության, բայց որքան հնարավոր է արագ։ Փրկիչ կամ ժողովրդի ներկայացուցիչ ձևացող, իրականում իշխանությունը վերադարձնել կամ պահպանել ձգտող նախկին թալանչիները և խեղկատակ կեղծ հեղափոխականները այս առումով ոչինչի ընդունակ չեն՝ միայն միմյանց ոչնչացնելու ու ընդհանուր կործանումը արագացնելու։

Որպես անհատ կամ քաղաքական խմբի ներկայացուցիչ՝ ես իհարկե ունեմ դիրքորոշում գործնականում բոլոր խնդիրների վերաբերյալ, գուցե ոչ այնքան վստահ, ինչպես նախքան պատերազմն էր, բայց ունեմ։ Դրանք շատ ծանր առաջարկություններ են, որոնց իրականացման համար բավարար չէ անգամ ընտրություններում 50 տոկոս ստանալը։ Որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի ունենալ համազգային համաձայնություն, այն էլ խիստ գիտակցված։ Սակայն չկա այն հարթակը, որտեղ նման դիրքորոշումով իմ կամ մեկ ուրիշի հանդես գալը իմաստ կունենա, արդյունավետ կլինի, մարդիկ կլսեն, կքննարկեն ու համեմատելով այլ տարբերակների հետ վերաբերմունք կհայտնեն։ Ուստի առաջնահերթ քայլը Սյունիքը փրկելը չէ, ոչ էլ տնտեսությունն ու բանակը վերականգնելը։ Առաջնահերթ քայլը նման հարթակի ստեղծումն է, առանց որի Սյունիքի, տնտեսության կամ բանակի հարցը լուծողը մենք չենք լինի։ Հիմա մենք չենք։

Հուսադրող է, որ ճգնաժամային պայմաններում որոշ քաղաքականացում է նկատվում նախկինում շատ ապաքաղաքական մարդկանց, հատկապես միջին խավի երիտասարդ ներկայացուցիչների շրջանում, որոնք սկսել են հասկանալ, որ առկա քաղաքական դաշտ աղբանոցում լուծումներ և լուծողներ չկան, որ լուծումները պետք է գտնվեն հենց իրենց մասնակցությամբ։ Արդյո՞ք այս ալիքը բավարար կլինի և մարդի կկարողանան ինքնակազմակերպվել, թե մենք այլևս անհույս ենք, ցույց կտա ժամանակը։ Մեր նախագիծը փաստորեն այդ ինքնակազմակերպման ձևի մասին մի առաջարկ է, գուցե միակ առաջարկը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031