Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների լրատվական կայքերից մեկում՝ Tolishmedia-ում, անանուն հոդվածագիրն իրենց գյուղի ճանապարհի լուսանկարն է հրապարակել՝ թալիշաբնակ շրջանների ենթակառուցվածքների խնդիրը կապելով իշխանության խոստումների հետ:
Հոդվածագիրը մատնանշում է, որ նախկինում իշխանության բացատրություններն ու արդարացումները կապված էին Արցախի խնդրի չլուծված լինելու հետ, սակայն հիմա, երբ այն լուծված է համարվում, թալիշների խնդիրները շարունակում են նույնը մնալ:
Հրապարակման մեջ ասվում է. «Սա մեր գյուղի՝ Օրուջլուի ճանապարհն է, եթե իհարկե հնարավոր է այն ճանապարհ անվանել: Դուք չեք ուզենա տաքսի պատվիրել այս ճանապարհով անցնելու համար: Չի եղել մի դուռ, որը մենք այս խնդրով թակած չլինենք երկար տարիներ, բայց խնդիրը չի լուծվում: Մենք չգիտենք, թե երբ կլուծվի: Մեզ ասում էին, որ ամենաբարդ խնդիրը Ղարաբաղն է, բայց դա էլ լուծվեց, իսկ մեր գյուղ տանող ճանապարհի հարցը մնում է չլուծված: Մեր գյուղի հարեւանությամբ եւս չորս գյուղ կա: Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ դրանցից յուրաքանչյուրում ճանապարհն ասֆալտապատ է: Իսկ ինչո՞ւ են մեր գյուղն օտար համարում: Մյուս գյուղերում գործում է հեռախոսագիծ, իսկ ահա մեր գյուղում հեռախոսակապ ունենալը նույնպես խնդիր է: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ հենց մեր գյուղը: Գուցե այն պատճառով, որ մեր գյուղում բարձրաստիճան չինովնիկներ չկա՞ն: Ամեն անգամ, երբ դժգոհում ենք, իշխանությունն ասում է, որ լուծումն առջեւում է: Չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն, երբ ամեն անգամ պատճառաբանում են, թե վերեւներում պետք է ծրագիր հաստատեն, հետո՝ սկսվի աշխատանքը: Մենք այլեւս որեւէ մեկին չենք վստահում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մեր գյուղից երեսուն մարդ, այդ թվում՝ կամավորներ, գնացին մարտի դաշտ, չորսը դարձան շեհիդներ: Սա է այն գյուղի դեմքը, որի որդիները փամփուշտներ ընդունեցին սեփական կրծքին: Գուցե մե՞ր մեղքն է: Նրանք չեն մտածում, որ 2000 բնակչություն ունեցող գյուղում ապրում են ծերեր, երիտասարդներ, հիվանդներ, դպրոցականներ: Մենք ինչպե՞ս կարող ենք նման ճանապարհից օգտվել»:
Օրերս հրապարակված մեկ այլ հոդվածում էլ թալիշները զայրույթ են արտահայտում կրթության նախարարության պաշտոնյաներից մեկի այն հայտարարության առնչությամբ, որ Ադրբեջանում 225 դպրոցներում դասավանդվում է թալիշերենը:
Կարդացեք նաև
Հոդվածագիրը հայտարարությունը սուտ է որակում եւ ասում, որ իրականում այդ դպրոցներից որեւէ մեկում իրենց մայրենի լեզուն չեն սովորում, եւ դա Ադրբեջանի իշխանության կանխամտածված քաղաքականությունն է տեղաբնիկ ժողովուրդների հանդեպ:
Պատրաստեց
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2020