Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ուրիշ ԱԲՈՆ

Դեկտեմբեր 28,2020 13:30

Երբ որոշեցի պատմել մեր Ալբերտի մասին, հասկացա, որ այնքան բան կա պատմելու ու ամենը՝ միմիայն դրական: Աբոն` Ալբերտ Արմենի Բախշյանը, ծնվ. 20.08.2001թ., տղայիս 5 անբաժան ընկերներից մեկն է ու թեեւ ազգիս վրա հասած ճակատագրին, որն ընդհատեց Ալբերտի երկրային կյանքը նոյեմբերի 8-ին, վստահ եմ, որ ինչպես իր ընտանիքի, այնպես էլ իր ընկերների համար ինքն անմահ է ու հավերժ բոլորիս հետ:

Գիտեմ, որ մեր բոլոր հերոսներն էլ յուրահատուկ էին, բայց Աբոն իրոք ուրիշ էր. մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր, անգամ ամենավայրի կենդանիները Ալբերտի հետ ընկերություն էին անում: Ու սկսվեց չարաբաստիկ պատերազմը, կյանքը կանգ առավ, ամեն ինչ արժեզրկվեց, ամենակարեւոր մի հաղորդագրությունը դարձավ «Զանգել է»-ն, մայրերս սկսեցինք ավելի մոլեռանդ աղաչել Աստծուն մեր բոլոր զավակներին պահպանել ու մեզ արժանի դարձնել նրանց հետ հաջորդ հանդիպմանը:

Օրերն անտանելի երկար ու ձիգ էին, զգացողությունները՝ աննկարագրելի: Երբեք չեմ մոռանա 2020 թ. հոկտեմբերի 22-ի առավոտը: Հիվանդանոցում իմ արդեն վիրավոր որդուն էի խնամում, երբ ստացա չարաբաստիկ զանգը Ալբերտիս ծանր վիրավորվելու մասին ու ամենադաժանն այն էր, որ ինքս պետք է ասեի ծնողներին… ասացի …Ալբերտիս ծայրահեղ ծանր տեղափոխեցին Երեւան ու մեր հզոր տղեն սկսեց պայքարել:

Վիրավորումից անմիջապես հետո, երբ դեռ գիտակցությունը չէր կորցրել ու հավանաբար տեսել էր, որ զրկվել է ոտքերից, միակ մտահոգությունը էլի ընկերներն էին եղել: Բժիշկները չէին հուսադրում, բայց մենք մեծ հույս ունեինք, որ Աստված հրաշք է գործելու, որ Ալբերտս հաղթելու է մահին ու հուսադրում էինք նաեւ հարազատներին, որ մի օր լսեի՝ բա ասում էիր լավ ա լինելու: Չէ, չեմ ստել, տենց էի զգում իրոք: Ալբերտս հաղթեց:

Հաղթեց կյանքին, մեզ, այս անհավասար պատերազմը ու անմահացավ… Հավերժ փառք մեր հերոս, մեր ուրշ Աբոյին:

Ալբերտը զորակոչվել է 2019թ. դեկտեմբերի 23-ին: Նա ծառայել ու վիրավորվել է Թալիշում՝ ԱԹՍ-ի հարվածից: Ի դեպ, ընկերներն անգամ չեն արտաբերում Ալբերտի գերեզման արտահայտությունը, ասում են` գնում ենք Աբոյի մոտ…

Թամարա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031