Լրահոս
Օրվա լրահոսը

Սունդուկյան թատրոնի նոր նվաճումը

Դեկտեմբեր 28,2020 12:30

Աշխարհը ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր պատ է հիշեցնում: Այդպես կլինի նաեւ տեսանելի ապագայում: Ոմանց կարծիքով այդ պատը խանգարում է ազատությանը: Սրանք ազատամիտներն են, ու նրանք փորձում են ինչ միջոցով ասես՝ ջարդել պատը, իսկ մյուսները, որոնք իրենց նույնականացնում են օրենքի ու կարգի հետ, անընդհատ կառուցում եւ վերանորոգում են պատը՝ փորձելով նեղացնել շրջանը… իսկ թատրոնը աշխարհի փոքր մոդելն է: Ռեժիսոր Արմեն Էլբակյանը բեմականացնելով եւ բեմ հանելով Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը, մեծ հաշվով հենց այս թեման է շոշափում, շոշափում արվեստի լեզվով՝ ամեն մի պահ զարմացնելով ու լարված սպասման մեջ պահելով հանդիսատեսին:

Բեմում հոգեբուժարանն է: Կոկիկ, մաքուր, ինչ-որ առումով հարմարավետ: Հերոսները սպասարկող անձնակազմը եւ հիվանդներն են: Թվում է, թե ամեն ինչ կարգին է, այսինքն՝ կարգին այն չափով, որչափ որ ամեն ինչ կարգին կարող է լինել հոգեբուժարանում… բայց չէ, ո՛չ այդչափ հանդարտ: Հենց էքսպոզիցիայում, իր առաջին, բայց ոչ վերջին մենախոսությամբ հիվանդներից մեկը՝ հնդկացի առաջնորդը (Դավիթ Գասպարյան), փոքր-ինչ ցնցում է հանդիսատեսին, մտահոգում…ինչ-որ բան այնպես չէ. սա միայն արտաքին տպավորություն է:

Ու այս արտաքին բարեկեցիկ տպավորությունը սկսում է փլվել գլխավոր հերոսի՝ Մակմերֆիի բեմ ելնելով, որին բանտից ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման:

Նրա հայտնվելով յուրաքանչյուր պահ գործող անձանց առջեւ խնդիրներ են ծագում, որոնց լուծելը ստիպում է նրանց գործել: Խնդիրներ, որոնք տրված են որոշակի պայմաններում, պայմաններ, որոնց միջոցով հանդիսատեսը սկսում է հասկանալ հիվանդանոցում տիրող մթնոլորտը, իսկ գործող անձինք նպատակին հասնելու համար պետք է փոխեն այդ պայմանները: Հետո լուծելով, կամ չլուծելով խնդիրները՝ նրանց առաջ նոր խնդիրներ են ծագում: Այս միջոցով Արմեն Էլբակյանը միանգամից երկու կարեւոր հարց է լուծում:

Առաջին. հանդիսատեսը լարված սպասման մեջ է, կլանված կատարվածով, եւ երկրորդ՝ տրված խնդիրները կատարելով՝ կերպարները գործողություններ են կատարում: Հենց այս գործողությունների օգնությամբ էլ հանդիսատեսը բացահայտում է պերսոնաժներին։ Սեռական թուլությամբ տառապող բարեկիրթ Հարդինգին (Սամվել Բաղինյան), մորից մահու չափ վախեցող կակազող Բիլլիին (Մեսրոպ Աբտոյան), Արթուր Հարությունյանի տեսիլների հետ պատերազմող Մարտինիին, նյարդային, հիստերիկ, բայց եւ նվիրված ու ազնիվ Անդրանիկ Զաքարյանի Չեզվիկին, հախուռն, փոքր-ինչ տարօրինակ, երկրագունդը պայթեցնել փորձող Սկենլոնին (Արմեն Քուշկյան):

Նույնիսկ գրեթե անխոս պերսոնաժները՝ գնդապետ Մատերսենը (Ստեփան Շահինյան) եւ Ռակլին (Գագիկ Ադիլխանով) բացահայտում են իրենց ոչ այնքան սովորական էությունը: Պարզվում է, որ գրեթե բանջարեղեն դարձած այս հերոսների մեջ էլ, ինչ-որ տեղ, խորքում պահպանված են մարդն ու մարդկայինը: Եթե այդպես չլիներ, գնդապետի մահը, որը տեղի է ունենում առաջին գործողության ավարտին, չէր ցնցի հանդիսատեսին։ Սա կարծես զգուշության, սթափության կոչ է՝ ուղղված Մակմերֆիին, ու լարված սպասման եւս մի պատճառ՝ արդեն ուղղված հանդիսատեսին:

Հիմա եւս մի ցնցում… պարզվում է՝ հիվանդների մեծ մասը կամավոր է հայտնվել հոգեբուժարանում. չէ՞ որ այստեղ կենցաղային խնդիրներ չեն ծագում. ժամանակին կերակրում են, ժամանակին դեղ տալիս, ժամանակին քնեցնում: Իսկ որոշակի սահմանափակումներին եւ հոգին ցավեցնելու չափ, նվաստացնելուն միտված խմբակային թերապիաներին կարելի է եւ դիմանալ, գտնել պատճառաբանություններ: Հենց այս պատճառաբանությունների օգնությամբ էլ «կամավոր խելագարները» արդարացնում են իրենց գործողություններն ու արարքները՝ դրանք կապակցելով հասարակության մեջ տիրող վարքի նորմերի հետ: Սա է նրանց մոտիվը, գիտակցված պատճառը, որն ընկած է նրանց գործողությունների եւ արարքների հիմքում… սակայն հավասարակշռությունը խախտվել է, կոնֆլիկտը ծագել է, եւ բոլորը ստիպված են գործել, որպեսզի լուծեն հակասությունները. ստիպված են ընտրություն կատարել (որը նրանց համար այնքան էլ հեշտ չէ): Ըստ էության, նրանք զուրկ են եղել ընտրության իրավունքից, նրանց փոխարեն ամեն ինչ որոշել է ղեկավարությունը։ Այս մարդիկ, որոնք բոլորովին էլ չար չեն, իրենց մեջ խեղդել, կամ համենայնդեպս փորձել են քնեցնել բարի կամ չար զգացմունքները: Չկա չար ու բարի: Կա՛ կարգ, կա՛ օրենք, որոնք թույլ են տալիս ճզմել մեկմեկու, լրտեսել, դավաճանել, ծաղրել: Եվ սա ո՛չ բարին է, ո՛չ չարը. սա անխուսափելին է, սա ընդունվածն է:

Ինչեւէ, կոնֆլիկտի մի կողմում ավագ բուժքույր Ռեդչեդն է, մյուս կողմում՝ նախկին զինվորական, արկածախնդիր ու խռովարար Մակմերֆին: Նրանք ինչ-որ բանով նման են իրար. երկուսն էլ միայնակ են, երկուսն էլ հաղթելու սովոր, ավելին՝ պայքարն ու հաղթանակը նրանց համար կենսական անհրաժեշտություն է: Սակայն եթե Անի Պետրոսյանի բուժքույր Ռեդչեդը չի էլ կասկածում իր գործողությունների սարսափազդու բանականության վրա ու իր աղտեղությունները մշուշոտ թաղանթի տակ պահելով է պայքարում՝ արտաքին հոգատար խնամակալի դիմակի տակ թաքցնելով ցինիզմն ու երկաթյա կամքը, ապա Արմեն Մարգարյանի Մակմերֆիի ցինիզմն ու գռեհկությունը միայն արտաքին շերտեր են: Իրականում նա խռովարար ու անհանդուրժող լինելու հետ մեկտեղ բարձր է գնահատում մարդուն, նրա ընտրության իրավունքը, նրա ազատությունը: Այս երկու, ե՛ւ նման, ե՛ւ հակադիր գործող անձանց կոնֆլիկտը պիտի լուծվի Մակմերֆիի մահով, բայց ոչ Ռեդչեդի հաղթանակով:

Ու հանդիսատեսը վկա եղավ այս ամենին: Իսկ ի՞նչն է հանդիսատեսի համար ամենաէականը. ստեղծագործական իմաստի բացահայտման մեջ տեսնել կենդանի մարդկանց ռեալ իրավիճակներում, տեսնել իրավիճակն ու հասկանալ: Էլբակյանը կարողացել է կառուցել մի ներկայացում, որում դերակատարների գործողության արդյունքում բացահայտվում է պիեսի այն գաղափարը, որի մասին վերեւում խոսվեց: Այս ամենին մեծապես օգնել է միզանսցենների շղթան, որոնք իրոք պսակադրեցին նկարչի՝ Գարեգին Եվանգուլյան, կոմպոզիտորի՝ Գարի Քյոսայան, զգեստների նկարչի՝ Մերի Սարգսյան, ու դերասանների ստեղծագործական աշխատանքը, իսկ վերջնարդյունքում՝ բեմադրության դրամատուրգիան: Բեմադրիչի ռեժիսորական միզանսցենները ասես նվագակցում են դերասանների բեմական գործողություններին: Նվագակցում տարբեր գործիքներով՝ ձեռք բերելով ինքնուրույն գեղարվեստական նշանակություն:

Միզանսցենը ակտիվորեն ուղեկցում է դերասանների գործողություններին, հարստացնելով՝ երբեմն շեշտադրելով, իսկ ոչ հազվադեպ էլ կերպարանափոխելով այն: Նշենք դրանցից մի քանիսը…

Բոլորիս հայտնի է, որ մենախոսության համար միզանսցեն կառուցելը շատ բարդ է. բեմում միայնակ մարդը՝ ինքն իր հետ խոսող, ե՛ւ կեղծ է թվում, ե՛ւ ինչ-որ առումով զուրկ է գաղտնիքից, հանելուկից: Այս ներկայացման մեջ մենախոսությունները հնչում են առաջին պլանում, իսկ երկրորդ եւ երրորդ պլաններում արդեն գործողություններ են կատարվում, արդեն ինչ-որ բան, նոր բան է ծագում: Եվ այս ամենը ոչ միայն չի խանգարում, այլեւ նպաստում է ընկալելի դարձնել մենախոսությունը: Եվս մի դիտարկում. արդեն երկրորդ գործողության ավարտին մոտ, կարծես կախարդանքով հոգեբուժարանը վերածվում է ճերմակ առագաստները պարզած սլացող նավի, եւ սա ոչ միայն արտաքին տպավորություն է, այլեւ գործող անձանց տրամադրությունը շեշտադրող ներքին մի շերտ, որն այսուհանդերձ ստիպում է հանդիսատեսին լարված մնալ… չէ՞ որ այս աշխարհում, այս միջավայրում այսքան մնալ չեն կարող… չէ՞ որ այս ներկայացումը ոչ դաս է, ո՛չ դասախոսություն, եւ ո՛չ էլ քարոզ… սա կյանքն է, իրական կյանքը՝ իր ողջ լիարժեքությամբ, նաեւ ցինիզմով ու կրքերով: Բոլորովին էլ կարեւոր չէ, որ խենթանոց է, կարեւոր չէ, որ կյանքը պատկերող պերսոնաժները խենթ են համարվում… սա է կյանքը, եւ այն կանգ չի առնում, մինչ կհայտնվի մեկը, որ այս շարժմանը կտա արագություն եւ իր հետ կտանի թե՛ գործող անձանց, եւ թե՛ հանդիսատեսին:

«Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման հանդիսատեսը սրտի թրթիռով ու հույսով շարժվում է հերոսների հետ համընթաց, շարժվում բացահայտվող իրադարձությունների հետ մինչեւ վերջին հետեւանքները։ Ցանկացած արվեստի գործի գաղափարը ոչ այնքան մտահայեցողական է, որքան զգայական, էմոցիոնալ: Հանդիսատեսը այն ընկալում է ցնցումի միջոցով, որն Արիստոտելն անվանել է կատարսիս, մաքրագործում, ու ես համաձայն չեմ այն պնդումներին, թե կատարսիսը բնորոշ է միայն ողբերգությանը, ավելին, համոզված եմ, որ այն գործում է նաեւ դրամատուրգիայի այլ ժանրերում, այն ամբողջ պիեսի գործողության արդյունքն է:

Իսկ բեմում արդեն ձյուն է տեղում, փափուկ, մաքուր ձյուն, ինչու ոչ, այս դեպքում մաքրագործման սիմվոլը… եւ հետո հանդիսատեսը վերապրելով նրանց կյանքը, զգում է, որ հասկացել է այս խենթերին, ու նրանց խենթությունները, հասկացել է ու ներել նրանց թուլությունները… ու նաեւ ինքն իրեն:

Տիգրան ՔԵԼԵՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031