Այս օրերին լրահոսից կարծես թե պայծառ լուրեր չենք սպասում։ Եվ ահա հերթական բոթը. 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ գրականության լեգենդներից մեկը՝ Սուրեն Մուրադյանը։
Այսօր իմ և հաջորդ սերնդակիցները հիշում են նրան որպես մանկագրի։ Իսկ նա ոչ միայն մանկագիր էր, այլև իր հայրենակցի՝ մեծն Թումանյանի գործը շարունակող պոետ, բազմաթիվ մանկական և էստրադային երգերի տեքստերի ու մանկական օպերաների, լիբրետոների, գրականագիտական ուսումնասիրությունների հեղինակ, երգիծաբան, դրամատուրգ։
Անհանգիստ ու անընդհատ որոնող ու պրպտող ստեղծագործական ձեռագիր ուներ, և պատահական չէր, որ նրա 1953 թվականին հրատարակած «Առաջին երգ» գրքին հաջորդեցին ևս 130-ը։ Մինչև վերջին ժամանակները անընդհատ ստեղծագործում էր, գրքեր պատրաստում տպագրության։
Զանգահարում էր ու տեղյակ պահում «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավարին՝ Մկրտիչ Կարապետյանին։ Իսկ Մկրտիչը չէր կարող երբեք մերժել մեծ գրողին. պետք է տպագրել և վերջ։ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն էլ միշտ էլ նախանձախնդիր է եղել Սուրեն Մուրադյանի նկատմամբ և աջակից եղել, որ նրա ստեղծագործությունները ընթերցողին հասնեն։
Կարդացեք նաև
Հոգով ու սրտով Թումանյանական էր, իր մեծ հայրենակցին նվիրված բոլոր միջոցառումների մասնակից ու բանախոս։ Նա ասում էր, որ մինչև կյանքի վերջը պետք է Թումանյանի հետ լինի: Դեռ ավելին գրեց «Թումանյանի հետ» գիրքը, որը յուրօրինակ երկխոսություն է Թումանյանի ու թումանյանական աշխարհի հետ։ Թումանյանին նվիրված նրա այս տողերն եմ հիշում.
«Ուղեկցում ես բոլորին
Մանկությունից ծերություն,
Ինքդ մնում ես հավետ
Արարատի պես կանգուն»։
Իր իսկ խոսքերով ասած. «Վաղ մանկությունից Թումանյանը եղել է իմ կուռքը, իմ պաշտամունքը։ Աքսիոմ է. որքան ապրի հայ ժողովուրդը,այնքան պիտի ապրի Թումանյանը, որքան ապրի Թումանյանը, անքան պիտի ապրի հայ ժողովուրդը»։
Սուրեն Մուրադյանը ոչ միայն ապրեց ու ստեղծագործեց հայ գրականության մեծերի՝ Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Գեղամ Սարյանի, Հովհաննես Շիրազի, Խաչիկ Դաշտենցի կողքին և այլոց կողքին, այլև արժանացավ նրանց ուշադրությանը և գնահատանքին։
Ավետիք Իսահակյանը գրել է. «Չմշակված շատ սյուժեներ կան, գրիր, մշակիր։ Մեր մանուկներին պետք է ծանոթացնել ժողովրդի գանձերին։ Թումանյանն այդպես է դարձել մեծ մանկագիր։ Սովորիր Թումանյանից, նա է ճշմարտության ուղին։ Սահուն, սրամիտ, կարճ. միշտ այս պահանջները պիտի հաշվի առնես»։
Սուրեն Մուրադյանը Թումանյանի հայրենակիցն էր, Լոռվա աշխարհի նվիրյալը։ Նա մի առիթով գրել է. «Որտեղ էլ եղել եմ, ինչպիսի նոր վայրերով ու պատկերներով էլ հրապուրվել եմ, իմ ոգևորության, կարոտի և գեղեցկության չափանիշը, բանաստեղծական խտացված կերպարը եղել է իմ ծննդավայրը,իմ Լոռին, իմ Ակներ գյուղը»։
Միշտ ոգևորությամբ էր պատմում հայրենի Ակներ գյուղի մասին՝ ասելով, որ իր ոգին միշտ այնտեղ է. ձգտում էր հնարավորության դեպքում լինել հայրենի գյուղում, քայլել մանկության արահետներով.
«Իմ գյուղը
Ասես ժայռեղեն
Մի գահի վրա
Բազմած է Ակներ
Իմ գյուղը ահա։
Աղբյուրներ ունի
Վճիտ,սառնորակ,
Որ կողմն էլ նայես՝
Անտառ ու ձորակ։
Գյուղի պռնկին
Կա մի հսկա ծառ,
Դառնում է շոգին
Հոգնածին հովհար»։
Այդ ծառը բռնչի էր,լտտենի հարյուրավոր տարիների ծառ, որի կողքին եկեղեցի է եղել։ Անցած տարի հողմը ջարդել, փշրել էր ծառը։ Լսել էր ու զարմացել. միթե հնարավոր է այդպիսի բան։ Բայց բնությունը ստեղծում ու քանդում է, ինքն էլ իր հետ տանում։
Երկար ու բեղուն էին Սուրեն Մուրադյանի ստեղծագործական տարիները։ Հասցրել էր տարբեր գրական ժանրերով երկեր ստեղծել և այդ ամենը ամփոփել բազմաթիվ գրքերում։ Ու ամեն անգամ սիրով էր սպասում դրանց ծննդին։ Կարծես իր առաջին գիրքն էր լույս տեսնելու։ Իսկ ամեն գիրքը իր պատմությունն ուներ: Հիշում եմ 2016 թվականն էր։ Ասաց, որ հանելուկներ է ստեղծել և ուզում է դրանք հրատարակել:
Շատ չանցած լույս տեսավ «100 Հանելուկ» գիրքը։ 85 -ամյա հոբելյանի առթիվ հատընտիր էր պատրաստել «Մեկ մանկիկ եմ,մեկ պապիկ» վերնագրով։ Այնուամենայնիվ, նա իրեն մանկագիր էր համարում,որը գրողի համար նաև պատասխանատվություն էր։ «Մանկագիրը մի առավելություն ունի՝ մեր ընթերցողները նախ շատ են,և երկրորդ՝ նրանք ամենաանկեղծն են։ Եթե երեխան չհավանի, չի շարունակի կարդալ։ Մեր իսկական քննադատները մանուկներն են, մեծերը կարող են կեղծել, սուտ ասել, բայց փոքրերը՝ ոչ, եթե չհավանեն ,գիրքը կշպրտեն։Այդ առումով մանկագիրն ավելի բախտավոր է»։
Իսկապես որ Սուրեն Մուրադյանը իր 90-ամյա կյանքում սիրվեց ու գնահատվեց, հասկացվեց ու ընկալվեց բազմաթիվ սերունդների կողմից։ Եվ սերունդներին թողեց իր հարուստ գրական ժառանգությունը, որը թույլ կտա նրանց դաստիարակվել ազգային ինքնությանը միշտ հավատարիմ լինելու սկզբունքներով։ Ըստ նրա՝ ամեն մի հայ պետք է. «Աչքի լույսի պես պահպանի ու սերնդեսերունդ փոխանցի մաշտոցյան այբուբենը,մայրենի լեզուն, որը մեր հավերժության ամենազորեղ սյունն է, մեր գոյության ամենավառ խորհրդանշանը»։
Նրա հետ վերջին հաղորդակցությունը հեռախոսային էր։ Գիտեր, որ լույս է տեսել թումանյանական նոր հատընտիրը։ Ցանկանում էր այն ունենալ՝ասելով որքան էլ Թումանյան ընթերցես,այն քիչ է։ Փոխանցեցի Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի և թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի կազմած գիրքը։ Հավանել էր, արձագանքը ջերմ էր։
Հիշեցրի իր 90-ամյա գալիք հոբելյանի մասին։ Ասաց, որ դժվարին ժամանակներ են, թող անցնեն, դա ամենհեշտն է։ Իսկ նոյեմբերի 26-ին լրացավ նրա ծննդյան 90-տարին։ Լռեցինք, սպասելով հարմար պահի, բայց նա հեռացավ մեցանից։ Իսկ մենք, մեր ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ։ Մեզանից հեռացավ մեր գրական անխոնջ մշակներից մեկը, որը թողեց հայեցի ապրելու ու գործելու բազում բանաստեղծական բանաձևներ, պատգամներ ու դասեր, որոնք պետք է կարողանանք փոխանցել ներկա և գալիք սերունդներին:
Բարի հիշատակ, իմ լավ բարեկամ։ Քո կյանքը այս 90 տարով կանգ չառավ։
Սերգո ԵՐԻՑՅԱՆ
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ
բանասիրակական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր