Պատերազմը նաև հիշողությունները վերարժևորելու և դրանք ամուր պահելու դասեր տվեց։ Տատս` Խալիսա Արզումանյանը, Ադրբեջանի բժշկական համալսարանում է սովորել, բայց միշտ ասում էր, որ մի ադրբեջանցի դասախոս չկար։
Երկար ժամանակ աշխատել է Ժդանովի շրջանում, տարբեր տարիներ եղել է գլխավոր բժիշկ։ 1988-ը պատճառ դարձավ, որ ընտանիքով տեղափոխվեն Ճարտար։ Հետագա տարիները, չնայած կրկին պատերազմների միջով անցան, բայց խոստումնալից էին այն առումով, որ Հայրենիքը ամուր և անսասան էր` հաստատակամ մարդկանցով։
Տատիկս իր սկզբունքներն ուներ։ Բնավորության ամենատարբեր գծեր ուներ, որն էլ փաստում են իր հիվանդները, գործընկերներն ու ճանաչողները։
Շուրջ 60 տարի մնաց Հիպոկրատի երդվյալ՝ ամեն օր, պահ, վայրկյան չլքելով իր հիվանդներին։ Եվ գիտե՞ք որն է ամենաուրախալին… հանրության առաջ նա մնացել է ամենամեծն ու ամենաբանիմացը, ամենաբարի բժիշկ-հսկան, ում ախտորոշումը հաստատում էին նաև օտար երկրներում։
Կարդացեք նաև
Մինչև կյանքի վերջին օրը հարցնում էի, ընթացքում զարմանում, թե ինչպե՞ս են կարողացել ադրբեջանցիների հետ ապրել։ Նա իր թեթև բառերով պատմում էր, բայց միշտ վերջում նշում, որ էլ նման բան չի կարող լինել, այդ ժամանակներն անցել են։ Պատմությունը կրկնվում է։ Այսօրվա պես եմ հիշում տատիս խոսքերը։
Կարոտս ճերմակ է դարձել, տատս` 88 տարեկան, ամեն գարուն ապրելու ընթացքով… իսկ ամեն գարուն չէ, որ իր հետ լավ գույներ է բերում։ Գարնանը փոխարինեց աշունը, որ իր գորշ գույներով ծածկեց երկիրս։
Պատերազմը պատճառ եղավ, որ բացեմ նկարների ալբոմն ու նորից ասեմ` տատ, երանի քեզ, որ չտեսար…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ