«Ազատություն» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության հետ զրույցում:
«Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի ու կառուցողական հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի վրա, թույլ են տվել Պուտինին միջնորդ լինել Ղարաբաղում այդ կարգավորմանը»,- ասել է Պեսկովը:
Այդ հարցազրույցում Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Պեսկովի խոսքով` Թուրքիան և Ռուսաստանը խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են փոխնպաստել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։ «Համենայն դեպս անել այնպես, որպեսզի պատերազմ չլինի»,- հավելել է Դմիտրի Պեսկովը: