Այսօր տրվեց «Համահայկական մտավոր ներուժի համախմբման» մեկնարկը: Նախաձեռնությունը, հիշեցնենք, քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքական վերլուծաբան Աբրահամ Գասպարյանինն է:
Միջոցառումը սկսվեց արցախյան սեպտեմբերյան պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Նախաձեռնության նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբմամբ ժամանակակից, ուժեղ, կրթված, ազգային, ժամանակակից եւ ուժեղ Հայաստանի կառուցումն է:
Ստեղծված իրավիճակն, ըստ բանախոսի, հնարավոր է հաղթահարել միայն չընդունելով պարտության գաղափարը եւ պայքարելով: Ըստ նրա, վաղ թե ուշ ՀՀ-ն կանգնելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համակեցության նոր պայմանների հրամայականի առաջ. «Վերջին պատերազմի քաղաքական օրակարգը հենց դա է ենթադրում: Փախչել իրականությունից միշտ հնարավոր է, բայց այն հղի է լինելու տարածքային ու քաղաքական նոր էսկալացիաներով: Ասածս ամենեւին չի նշանակում, որ Հայաստանի այսօրվա իշխանության որդեգրած անսկզբունք, անբովանդակ, անհեռանկար թաքուն արտաքին քաղաքականությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կարող է հանգեցնել մեր ազգային պետական շահերի եթե ոչ լիարժեք, ապա գոնե ապահով իրականացմանը, հակառակը, այն պետք է դառնա ուղեղային կենտրոնների լայն քննարկման առարկա, հնարավորինս խուսափելով կուլիսային պայմանավորվածություններից»:
Նախաձեռնության համար գլխավոր արժեք է ազգի ու հայրենիքի հավերժականության գաղափարը:
Կարդացեք նաև
Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձներ եղան Հայաստանի անվտանգային տնտեսական զարգացման, արտաքին քաղաքականության խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ