Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա երկու-երեք տարում պետք չէ ժողովրդավարություն խաղալ

Դեկտեմբեր 27,2020 17:53

Չպետք է տուրք տալ ժողովրդավարության սկզբունքներին, երբ պատերազմից հետո ունես հայրենիք իր քայքայված տնտեսությամբ, ընկճախտով տառապող ժողովրդով, թուլացած բանակով, հազարավոր զոհված հերոս տղաներով, հաշմանդամներով ու փախստականներով:

Այս իրավիճակից դուրս գալու միակ արդյունավետ ուղին դիկտատուրայի սահմանումն է` թեկուզ երկու-երեք տարով: Այն էլ ազգային դիկտատուրայի, որը պիտի սպասարկի բացառապես հայրենիքաշեն գործունեությանը:

Մեր օրերում շատ է չարչրկվում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թեման, որը չափազանց ռիսկային է և լրացուցիչ ցնցումների առաջ կբերի առանց այն էլ մեր կիսաքանդ պետականությանը: Նախ, դեռևս ասպարեզում չեն երևում այն առողջ քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն ընտրություններին և կվայելեն ժողովրդի վստահությունը: Քաղաքական թատերաբեմում գտնվող բոլոր կուսակցությունները անկախացումից ի վեր իշխանական թևերում տարբեր տարիներին անցել են իրենց փորձաշրջանը, և դժվար թե ժողովուրդը գնա նրանց հետևից:

Նոր և կարող ուժեր են պետք, որոնք դեռևս ասպարեզում չեն երևում: Ուստի այս պայմաններում արտահերթ ընտրությունները դառնում են ոչ միայն անարդյունավետ, այլև անիմաստ՝ պարունակելով ժողովրդական ընտրության հերթական սխալմունքի մեծ ռիսկեր:

Սակայն, արտահերթի կազմակերպումը առավել վտանգավոր է պահի առումով: Շատ լավ ենք գիտակցում, որ ընտրությունների ժամանակահատվածում գրեթե չի գործում երկրի սոցիալ-տնտեսական զարկերակը, դանդաղում է տնտեսությունը, հասարակությունը պառակտվում է քաղաքական տարբեր դիրքորոշումներով խմբերի, թուլանում է հայրենիքի դիմադրողականությունը, որին էլ սպասում է մեր թշնամին:

Իսկ ինչ է տալու մեզ նոր Ազգային ժողովը։ Գրեթե ոչինչ, ինչպես որ նախկինները: Միշտ էլ ունեցել ենք միահեծան պետություն, իսկ իշխանական պատգամավորները ոչ թե պետական հարցեր են լուծել, այլ ընդամենը որպես կոճակ սեղմողներ, ծառայել են իրենց տերերին: Իսկ ինչ է արել այդ ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը. միայն քաղաքական շուուներ, տեսախցիկների առջև ներկայացումներ և ուրիշ ոչինչ:

Մեզ, գոնե առաջիկա երկու-երեք տարում, պետք չէ ժողովրդավարություն խաղալ, այլ օդի պես անհրաժեշտ է ազգային դիկտատուրա, իր ուժեղ առաջնորդով, ով պիտի դրսևորի երկաթյա կամք և ազգանվեր ծառայի պետությանը: Մեզ պետք չէ նաև անցումային կառավարություն, իր կոալիցիոն կազմով, որտեղ պարզապես անհասկանալի է դառնալու, թե այս օրհասական ժամանակահատվածում, ի վերջո, ով է կրելու պատասխանատվություն երկրում տիրող գահավիժումը կանգնեցնելու և վերելքի նախապայմաններ ստեղծելու համար:

Իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրություները պարզապես խորացնելու են երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, քանի որ քաղաքական դաշտում նույնպես քաոս է տիրում և որոշակի ժամանակ է անհրաժեշտ այստեղ էլ պարզորոշություն մտցնելու համար: Ուրեմն հիմա արդեն ոչ թե ժողովրդավարություն, այլ ազգային դիկտատուրա, իր ուժեղ և հավասարակշռված առաջնորդով: Եվ որքան արագ հայտնվի այդ առաջնորդը, այնքան շուտ դուրս կգանք հետպատերազմյան այս քաոսից:

Տարիներ անց, երբ երկիրն արդեն իսկ կունենա կայուն վերականգման ընթացք, նոր միայն ազգային դիկտատուրան աստիճանաբար նահանջ թող կապրի, իր տեղը զիջելով առողջ ժողովրդավարությանը, այլ ոչ թե հիվանդագին ամբոխավարությանը, որն հիմա օղապարանի նման սեղմում է մեր հասարակության կոկորդը՝ խոչընդոտելով ցանկացած առաջադիմական զարգացումների:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա Կ says:

    Ազգային՞ դիկտատուրա: Իսկ ով՞ է լինելու բուրգի գլխին

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031