Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի աշակերտները դժգոհ չեն ցուցահանդես-վաճառքի արդյունքից

Դեկտեմբեր 27,2020 17:26

Կիրակի՝ դեկտեմբերի 27-ին Կապանի քաղաքապետարանի մերձակա այգում ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել, որի ողջ հասույթը փոխանցվելու է սեպտեմբերյան պատերազմում զոհված, վիրավորված կամ անհետ կորած կապանցի հերոսների ընտանիքներին։

Քաղաքապետարանի հետ համատեղ միջոցառումը կազմակերպել էին Կապանի թիվ 3, թիվ 7, թիվ 5 դպրոցների մանկավարժներն ու աշակերտական խորհուրդները։ Երեք դպրոցների աշակերտները վաճառքի էին հանել իրենց ձեռքով պատրաստած դեկորատիվ իրեր, բռնիչներ, ձեռնոցներ, գուլպաներ, զարդեր, ձեւավորել էին տոնական կոլաժներ, իսկ նկարելու շնորհ ունեցողները վաճառքի էին հանել իրենց գեղանկարները։

Թերեւս միայն գեղանկարներն էին թանկ՝ 25000-ից 50.000 դրամ։ Կապանի թիվ 3 դպրոցի աշակերտուհի Միլենա Մկրտչյանը գեղանկարներից մեկը նկարել է մայրիկի օգնությամբ։ «Ծով, որը խորհրդանշում է խաղաղությունը, որը կարեւոր է մեր օրերում, ծովի ալիքներն էլ ներդաշնակություն են բերում, նաեւ արեւ կա»,–նկարի խորհուրդն է բացատրում Միլենան։

Գեղանկարը 50 հազար դրամ արժե, բայց սակարկել հնարավոր է։ Փոքրիկ գեղանկարիչների խոսքով՝ հարցնողներ շատ կան, ռեալ գնորդ դեռ չի եղել։ Գեղանկարների առաջին գնորդը սեպտեմբերյան պատերազմում անմահացած Շավարշ Մուրադյանի հայրն էր՝ Մարտուն Մուրադյանը։

«Ողջունելի է նման միջոցառումը, մանավանդ որ դպրոցահասակ երեխաներն են նախաձեռնողները։ Կարեւորը ուշադրություն է»,–ասաց Մ․ Մուրադյանը։

Փոքրիկ վաճառողները տետրի մեջ գրառումներ էին անում՝ նշելով վաճառված ապրանքներն ու գումարը։ Մանրադրամի խնդիր ունեին։ Ներողություն էին հայցում գնորդից՝ խնդրելով մոտակա խանութներում մանրել խոշոր թղթադրամները, որից հետո մոտենալ վաճառասեղանին։ «Մի անհանգստացեք, ձեր նախընտրած ապրանքը կպահենք»,–սիրալիր ասում էին նրանք։ Ի դեպ, բոլոր սեղաններին ալկոգել ու դիմակներ էին դրված։

Կապանի 5-րդ դպրոցի աշակերտներն էլ յուրացրել էին շուկայի բոլոր կանոնները։ Շատ գնումների դեպքում նվեր էին տալիս գնորդներին։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք թանկ չեն վաճառվող ապրանքները, դպրոցի ներկայացուցիչ Հասմիկ Մեսրոպյանն ասաց․ «Գուցե բռնիչները 100-200 դրամով թանկ են խանութում վաճառվողների համեմատ, բայց մարդիկ առնում են, գիտակցում են ինչին է ուղղվելու ստացված գումարը։ Ի դեպ, ասեմ, որ գնորդների պակաս չունենք, բավականին մեծ քանակով ապրանքներ էինք բերել, բայց մեր դպրոցի սեղանիկը ցուցահանդեսի մեկնարկից մոտ 15 րոպե հետո դատարկ էր»,–ասաց Հասմիկ Մեսրոպյանը։

Նրա խոսքով, այս օրերին դժվար է միջոցառումներ կազմակերպելը, բայց ի սկզբանե աշակերտներն են առաջարկել նման գաղափարը։ «Ուրեմն կյանքը շարունակվում է, ուրեմն ապագան նշմարվում է»,–ասաց Aravot.am-ի զրուցակիցը։

Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարն արդեն հաշվարկվել է։ Ինչպես օրվա վերջում մեզ հետ զրույցում նշեց միջոցառման նախաձեռնող, Կապանի թիվ 3 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը, Կապանի թիվ 7 դպրոցը վաճառել է 35500 դրամի, թիվ 5 դպրոցը՝ 52000 դրամի, թիվ 3 դպրոցը՝ 86000 դրամի ապրանք։ Ընդհանուր առմամբ, 3 ժամ տեւած ցուցահանդես- վաճառքի հասույթը կազմել է 173500 դրամ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031