«Համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր այստեղ անմիջապես քաղաքական հետապնդում են տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ իշխող ուժի նախաձեռնությանը:
Հիշեցնենք, իշխող ուժի խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ: Իբրեւ հիմնավորում Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն են: Մասնավորաբար, նախագծի հիմնավորումներում մեջբերված է Նաիրա Զոհրաբյանի դեկտեմբերի 17-ի գրառումը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:
Ապա` դեկտեմբերի 22-ի գրառման մի հատվածը. «Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք, այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու»:
Ովքեր որ Նաիրա Զոհրաբյանի դեմ իրականացվող իշխանական ոտնձգությունը քաղաքական չեն համարում, Լարիսա Ալավերդյանը հորդորում է` «թող մեկ անգամ ընթերցողությամբ զբաղվեն»: Իր խոսքն էլ վերաբերում է «այս այլազգային, այսպես ասած, քայլականներին»: Նա խորհուրդ է տալիս կարդան «Ամնեսթի ինթերնեյշնլի», ԵԽ-ի կողմից սահմանված չափանիշները եւ կտեսնեն, որ այն, ինչ իրենք անում են, քաղաքական հետապնդում է: Նաեւ ՀՀ ԱԺ կանոնակարգում կամ որեւէ այլ օրենքում չկա մի կետ, որը թույլ կտա այդ խմբակցությանը նման հարց բարձրացնել:
Կարդացեք նաև
Ի դեպ, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է.
«Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»:
Իսկ ՀՀ ԱԺ 11-րդ հոդվածը սահմանում է հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հետեւյալ կարգը.
1) նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են.
2) նա դուրս է գալիս հանձնաժողովից.
3) նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա տեղում նշանակում է խմբակցության անդամի:
Լարիսա Ալավերդյանը նախ նկատում է, որ Նաիրա Զոհրաբյանի արած արտահայտությունը նշանակում է մոլախոտ. «Ճիշտն ասած, մեղմ է արտահայտվել տիկին Նաիրան: Ինքը հո անուն չի՞ տվել, ասել է` ովքեր հանցակից են, նրանց համարում է ժեխ (մոլախոտ): Ինքը կարծիք է հայտնել, եւ սա բնավ հիմք չէ այդ խմբակցության համար` նման քայլ նախաձեռնելու»:
Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, Նաիրա Զոհրաբյանն այն եզակի պատգամավորներից է, որը տարիներ շարունակ, նաեւ վերջին 2,5 տարիների ընթացքում բավական ինտենսիվ ԵԽ-ում հստակ խոսել է Ադրբեջանի հանցագործությունների մասին, ինչը հակասում է, հակադրվում է իշխող ուժի խորհրդարանական խմբակցության եւ իշխող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարած միջազգային քաղաքականությանը. «Եվ ես բոլորովին չեմ կարծում, որ պատճառը հենց այն է, որին իրենք հղում են անում: Այստեղ է իրական արմատը: Մանավանդ, ասվածը պաշտոնական ելույթ չէ, պաշտոնական հայտարարություն չէ, ֆեյսբուքյան գրառում է ընդամենը»:
Տիկին Ալավերդյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեր խորհրդարանը ԵԽԽՎ-ում, անգամ Լյուսքենբուրգի պառլամենտի հարցը բարձրացնելուց հետո, դեռ չի արտահայտվել պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տեղի ունեցած այն հանցագործությունների մասին, որոնք բնորոշվում են իբրեւ ռազմական հանցագործություններ, մարդկության, խաղաղության դեմ հանցագործություններ:
Հարցին` ինչպե՞ս կգնահատեք Նաիրա Զոհրաբյանի գործունեությունն առհասարակ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում, քան որ իշխող ուժի ներկայացուցիչները միշտ են դժգոհել նրա գործունեությունից, մանավանդ, երբ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նախագահն էր, իր հետ բավական սերտ համագործակցել եք, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Այդ համատեքստում, մենք պետք է տեսնենք, որ դա ոչ թե կետային է, այլ ՀՀ ՄԻՊ Աման Թաթոյանի դեմ բարձրացված աղմուկի համատեքստում է: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր իրականում իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանություն, այլ ոչ թե պաշտպանում են առկա իշխանական քաղաքականությունը եւ անձանց, նրանց դեմ արշավ է սկսվում: Ես գտնում եմ, որ վերին աստիճանի իր տեղում է Նաիրա Զոհրաբյանը: Նա, չթաքցելով իր հստակ մոտեցումները, կարողացել է անգամ մատի փաթաթան դարձած ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի ելույթի ժամանակ տեսակետ հայտնել եւ այդ առիթով մեկնաբանությունները բացարձակ չեն համապատասխանել իր ասածին: Իմ կարծիքով, Նաիրա Զոհրաբյանը վերին աստիճանի գրագետ կերպով իրականացնում է իր պաշտոնով վերապահված գործառույթները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ