ԿԳՄՍ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց. «2020 թվականին տարվա 10 լավագույն մարզիկ մրցանակաբաշխությունը չի կայանալու: Նախ, COVID-19 համավարակը խանգարեց ոչ միայն մեր մարզիկներին, որոնք չկարողացան մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, խոշոր մրցաշարերին, այլեւ հենց այդ պաշտոնական առաջնությունները գրեթե առանց բացառության, ընդհուպ, մինչեւ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղեր, չեղարկվեցին կամ հետաձգվեցին: Աշնանը համավարակին միացավ նաեւ Արցախյան պատերազմը, որը ետին պլան մղեց ամեն բան:
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Հայաստանի ու Արցախի առաջատար մարզիկները տասնյակ ու հարյուրավոր մեդալներ էին նվաճում, մենք ամբողջ 2020 թվականի կտրվածքով Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից, չհաշված օրերս անցկացված ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը, սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի միջազգային հուշամրցաշարը, ունեցանք ընդամենը 12 մեդալ մի քանի մարզաձեւից: Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակում «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը կազմակերպելն անիմաստ էր եւ, ինչպես ասում են, դրա սիրտն էլ չկար:
Քանի որ հետաձգված պաշտոնական առաջնությունները, վարկանիշային ու միջազգային խոշոր մրցաշարերը նախատեսված է անցկացնել 2021 թվականին, հուսանք, որ մեր մարզիկները կկարողանան դրանց արժանիորեն մասնակցել ու կրկին հայ ժողովրդին հաղթանակների զգացողություն պարգեւել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ