«Գնահատում ենք մեր զավակների սերն ու նվիրումը եկեղեցու հանդեպ»,- այսօր Սուրբ Գայանե եկեղեցում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Հիշեցնենք, եկեղեցու բակում այսօր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» խորագրով ցույց էր իրականացվում` ի սատարումն Հայ առաքելական եկեղեցու:
Կաթողիկոսն իր օրհնությունը տվեց հավաքվածներին։
Կարդացեք նաև
«Անշուշտ, ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին, սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ»,- ասաց Գարեգին Բ կաթողիկոսը։
Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ հայտարարություններին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին: «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով եւ համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաեւ արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը, եւ որեւիցե կերպ սա այլ մեկնաբանություն չպետք է ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»։
Եկեղեցու ցանկացած սպասավորի արտահայտած ցանկացած տեսակետ, որը ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, աստվածահաճո է։
Կաթողիկոսն ասաց, որ չի կարող ասել` արդյո՞ք եկեղեցու դեմ հարձակումներն ուղղորդված են, որովհետեւ չգիտի՝ ովքե՞ր են հարձակվողները եւ ի՞նչ ծավալի հարձակումների մասին է խոսքը։ «Որոշ անհատներ, որոնք ունեին դժգոհություն, կարծիք, տեսակետ, վերաբերմունք Հայոց Հայրապետի, Հայ եկեղեցու վերին իշխանության նկատմամբ, արտահայտել են իրենց դիրքորոշումն այդ իրավիճակում, այդ կացության մեջ կատարել են այն, ինչը համարել են, որ պետք է թույլ տան իրենց»,- ասաց կաթողիկոսը` հիշելով 2,5 տարի առաջ եկեղեցու նկատմամբ հարձակումները:
Սբ. Գայանե եկեղեցու բակում հավաքված քաղաքացիները կաթողիկոսին ուղեկցեցին մինչեւ Վեհարան։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ