«Անկախության Սերունդ» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը ԱԱԾ-ի դիմաց լուռ ցույց է արել ընդդեմ տեղեկատվական ահաբեկչության:
Aravot.am-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից «Անկախության Սերունդ» հասարակական-քաղաքական նախաձեռնության խորհրդի անդամ Վանիկ Չալոյանը նշեց, որ հետեւելով վերջին շրջանում համացանցում շրջանառվող կեղծ լուրերի աճին՝ որոշել էին խաղաղ ցույց իրականացնել, որն ուղղված կլիներ կեղծ լուրերի տարածման դեմ:
«Քննարկեցինք ու հասկացանք՝ քանի որ դա ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներ կարող է պարունակել, դրա համար էլ ցույցը ԱԱԾ-ի դիմաց անցկացրինք: Մոտ 20 րոպե ենք եղել ԱԱԾ-ի դիմաց, չեն եղել կոչեր, վանկարկումներ, ուղղակի պաստառներով կանգնել ենք: Կեղծ լուրեր ասելով՝ նկատի ունենք տեղեկատվությունը լայն սպեկտրով՝ սկսած ֆեյսբուքյան օգտատերերի տարածած մտացածին գրառումներից, վերջացրած այդ ամենն իրենց էջեր տանող ու բազմացնող ԶԼՄ-ներով»,-ասաց Վանիկ Չալոյանը:
Կարդացեք նաև
Նա կարեւորեց մեդիագրագիտության դերը՝ կեղծ լուրերին չտրվելու համար. «Շատ ենք կարեւորում հանրության շրջանում մեդիագրագիտության բարձրացման մակարդակը, ու առաջիկայում մեր գործողությունների տրամաբանությունը բխելու է դրանից: Պետք է այնպես անել, որ մարդիկ լինեն ավելի մեդիագրագետ եւ չտրվեն տեղեկատվական խայծերին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Անկախության սերունդ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից