«Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգի եւ հայապահպանության կենտրոնն է եղել դարեր ի վեր։ Ցանկացած հայ մարդ պարտավոր է խոնարհումով եւ նվիրումով հետեւել Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես այսօր այստեղ եմ ինչպես եւ միշտ, ցանկացած կիրակի՝ որպես հավատացյալ մարդ այցելում եմ եկեղեցի։ Այսօր որոշել ենք այցելել Սուրբ Գայանե եկեղեցի»,- այսօր Սբ. Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա Էջմիածնում մասնակցում էր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ցույցին:
Երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ԱԽ քարտուղարին ուղղված նամակ, որում զգուշացվում էր մոտալուտ պատերազմի մասին եւ զսպող քայլեր ձեռնարկելու առաջարկ էր արվում, որը, սակայն, ըստ Միքայել Մինասյանի, անպատասխան է մնացել հայկական կողմից:
Պատասխանելով այդ առիթով լրագրողների հարցերին, Արթուր Վանեցյանն ասաց. «Ես բազմիցս նշել եմ, որ վերջին պատերազմի հետ կապված պատերազմի սկսելու, ընթացքի եւ ավարտի հետ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ։ Հստակ պատասխանները ենթադրում են քրեական գործի շրջանակներում իրականացվող քննություն։ Ես համոզված եմ, որ այս իշխանությունների օրոք այդ քննությունն օբյեկտիվ եւ արդարացի չի իրականացվի, ուստի իշխանափոխությունից հետո անպայման պետք է իրականացվի քննություն եւ տրվի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գրության»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ