«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պարտվում է, նա պետք է գնա, անկախ ամեն ինչից»,- այսօր Էջմիածնում` Սբ. Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանը` խոսելով նոյեմբերի 10-ին ՌԴ-ի, Ադրբեջանի եւ ՀՀ ղեկավաների միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության մասին:
Վլադիմիր Գասպարյանը Էջմիածնում մասնակցում էր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ցույցին:
Լրագրողի դիտարկմանը` Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին երկխոսության առաջարկ է արել` արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Ի՞նչ արտահերթ ընտրություն, վերջացրեք: Քաղաքակիրթ ճանապարհներ շատ կան, այդ թվում`ընտրությունը, բայց ես չեմ կարծում, թե այս իշխանությունը այս պարագայում կարող է անցկացնել նորմալ ընտրություն»:
Լրագրողները հետաքրքրվեցին` մտավախություններ կան, որ վարչական ռեսուրս կիրառի՞, ինչպես ՀՀԿ-ն էր նախկինում անում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Դա դուք եք ասում»: Հիշեցմանը, որ նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր դա ասում, նա արձագանքեց. «Ամեն ժամանակում պետք է այդ ժամանակի մեջ դիտել ամեն ինչը, այլ ոչ թե հետին թվով գնահատականներ տալ»:
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ անդրադարձան այն տեսակետին, որ հնարավոր էր պատերազմը ավելի շուտ կանգնեցնել եւ այսքան կորուստ չէինք ունենա, նախկին ոստիկանապետը ասաց. «Ամենօրյա ծեծված թեմաներից եք խոսում: Դրա մասին խոսվել է, պատասխանները տրվել են, դրա մասին ես էլ եմ խոսել, այնպես որ ոչ ամեն պարագայում է, որ կրկնությունը գիտության մայրն է: Մեկ-մեկ կրկնությունը հոգնեցուցիչ է: Այնպես որ` չկրկնվեմ»:
Իսկ հարցին` ուժային կառույցները ի՞նչ վերաբերմունք պիտի ունենան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, հատկապես որ կադրերի արտահոսք կա, Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց, որ այդ մասին էլ մեկ անգամ խոսել է. «Ովքեր չեն դիմանում տխմարությանը, թող հեռանան։ Բայց մեծ հաշվով, ես կարծում եմ, որ ոստիկանությունը, ուժային կառույցներն այսօր պետք է լինեն իրենց տեղում եւ գործեն օրենքի սահմաններում»: Դիտարկմանը, որ հիմա ապօրինի հրամաններ է կատարում ոստիկանությունը, նա հակադարձեց. «Ես կարծում եմ, որ ոչ թե ապօրինի հրամաններ է կատարում, այլ քմահաճույքներ է կատարում»:
Իսկ Եռաբլուրում կատարվածի վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանի վերաբերմունքն այսպիսինն է. «Լկտիություն, այլանդակություն, էշություն»:
Իսկ դիտարկմանը` տեղեկություններ եղան, որ պատերազմի ժամանակ ոստիկաններին խաբեությամբ են տարել Շուշի, նա արձագանքեց. «Ես պահանջատեր եմ իմ հարցում, ես գիտեմ, թե ինչ է կատարվել, ես պատասխանները պահանջելու եմ վաղ թե ուշ: Չէի ասի, թե խաբեությամբ են տարել։ Բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում: Որովհետեւ երբ սպաների, գեներալների գործողությունների մեջ քաղաքացիներ են մտնում եւ քմահաճույքներ են իրականացնում, եւ մարդկանց հոգին փառավորվում է, որ ոստիկանների են ծեծում, դա այդ հոգին փառավորվելու շարունակությունն է: Իհարկե մարդիկ պետք է պատասխան տան»:
Հարցին` ունե՞ք տվյալներ, թե քանի ոստիկան է զոհվել, քանի որ իշխանությունները հստակ թվեր չեն հրապարակում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Իհարկե թաքցվել է: Ավելին ասեմ. դեռ գլխներին խփած, որ թաքցրել են, բայց որ այդ տղաներին առանց զինվորական հարգանքի տուրքի են հուղարկավորել, կարծում եմ պիտի վիրավորական լինի ողջ համակարգի համար եւ ցանկացած նորմալ մարդու համար: Նույնիսկ անունները չեն ասել»:
Լրագրողի դիտարկմանը` կարծիք կա, որ Շուշին վաճառվել է, հինգ միլիարդ դոլարի մասին են խոսում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ծեծված թեմաներ են: Ես գիտեմ, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վեց միլիարդ դոլարի մասին է խոսակցություն եղել: Եղել է եւ երկրորդ, եւ երրորդ նախագահի ժամանակ: Հիմա չգիտեմ` ինչո՞ւ հինգ միլիարդ է դարձել: Երեւի ինֆլյացիա է եղել: Դրան հավատալ-չհավատալու խնդիր չկա: Պետք է քննություն լինի, այդ ամենը պետք է քննվի, թե չէ փողոցային խոսակցություններով լուն ուղտ կամ ուղտը լու դարձնելով չի լինի»:
Հիշեցմանը, որ դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը, նախկին ոստիկանապետն արձագանքեց. «Ակնկալում եմ, որ դատախազությունը պետք է առաջնորդվի օրենքով, ոչ թե քմահաճույքներով»:
Եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, Վլադիմիր Գասպարյանն իրեն տեսնո՞ւմ է ուժային կառույցներում հարցի պատասխանն էլ այսպիսինն էր. «Ես տարիներ շարունակ ասել եմ, որ եկել եմ 60 տարով եւ խնդրել էի ինձ մինչեւ 60-ը հանդուրժել: Հիմա համարյա 63 եմ: Բացառում եմ իմ վերադարձը»:
Գրի առավ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ