Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք իրավունք չունենք համակերպվելու այս խղճուկ, ստրկական իրավիճակի հետ»․ Ժիրայր Ազիզյան

Դեկտեմբեր 27,2020 10:07

«Առավոտի» զրուցակիցը քաղաքագետ Ժիրայր Ազիզյանն է, որը նաև մասնակցել է արցախյան մարտական գործողություններին։

-Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի աթոռից կառչած լինելը, Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է կապված։ Նա իր գործը դեռ չի՞ ավարտել, և արդյոք ինչի՞ է սպասում։

– Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է մնալ իշխանության, չնայած այն հանգամանքին, որ այսօր ՀՀ ում փաստացի իշխանությունը դուրս է նրա վերահսկողությունից։ Նա կորցրել է իր լեգիտիմությունը և այժմ վախենալով դատ ու դատաստանից՝ փորձում է մնալ իր աթոռին։

-Կարծես այս կառավարության պտուղները նաև Արցախում են հասակ առնում` աննպատակ և անհայտ ճանապարհներով։ Ի՞նչ կարծիքի եք։

-Արցախում տեղի ունեցածից հետո կարծես թե փոխվել է ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ հարաբերությունների տրամաբանությունը և քաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք միտված են արդյունավետ համագործակցությանն ու ստեղծված իրավիճակի հաղթահարմանը։

-Հայկական պետականության կայացման ամենադժվարին ժամանակահատվածում հայոց բանակը հաղթանակած էր, իսկ Ստեփանակերտի հրապարակով անցնում էր ադրբեջանական ռազմավար զինտեխնիկան։ Իսկ հիմա՞… դավաճանների կույտը բացահա՞յտ է, թե դեռ էլի բացահայտվելու տեղեր կան։

-Ինչ վերաբերում է մեր ձախողումներին, դրանց պատճառները շատ են, սկսած համատարած դասախոսություններից մինչև պետական դավաճանություններ։ Ամեն դեպքում անկախ հնչեցվող թեզիսներից` առաջին օրից ինձ համար պարզ էր, որ գործ ունենք մեզանից ավելի քան 40 անգամ հզոր Թուրքիայի հետ և պատերազմը պետք էր կանգնեցնել հնարավորինս շուտ, խուսափելով տարածքային և մարդկային այսչափ կորուստներից։

Եղածը եղած է, սակայն մենք իրավունք չունենք համակերպվելու այս խղճուկ, ստրկական իրավիճակի հետ, պետք է համախմբվենք և միջոցներ ձեռնարկենք իրավիճակից դուրս գալու համար։ Պետք է սկսենք զրոյից և առաջին հերթին ձևավորենք նոր, ոչ թե քաղաքական, այլ ազգային իշխանություն, որը հիմնված կլինի բացառապես ազգային արժեհամակարգային սկզբունքների վրա։

Պետք է գիտակցենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ձևավորված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է հայոց պետականության գոյությանը։ Ստեղծված իրավիճակում գործող արդեն ոչ լեգիտիմ իշխանության հրաժարականը անխուսափելի է։
Հաշվի առնելով հանրային ծայրահեղ հակադիր տրամադրությունները, «հների և նորերի» բաժանումն ու փոխադարձ ատելության մթնոլորտը` նոր ձևավորվող իշխանությունը պետք է ընդունելի լինի հնարավորինս բոլոր կողմերի համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի Դաշնության անմիջական ազդեցությունը` նոր իշխանության ներկայացուցիչը պետք է ընդունելի լինի և ունենա բարիդրացիական հարաբերություններ վերջինիս հետ։ Հաշվի առնելով պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությունն ու հանրության շրջանում առկա բազմաբնույթ սոցիալական խնդիրները` նոր իշխանության ներկայացուցիչը պետք է ունենա տնտեսագիտական հմտություններ։

Զրույցը՝ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031