Լրահոս
Օրվա լրահոսը

Պասուց տոլմա (տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2020 14:00

Յուրաքանչյուրս ունենք պասուց տոլմայի մեր փորձված բաղադրատոմսը, եւ թերեւս մեկը մյուսից համեղ են: Ավելին, գուցե ամեն անգամվա պատրաստածը նման չի նախորդ անգամվա պատրաստածին՝ կախված նրանից, թե ինչով եք լցոնել այս անգամ, չէ՞ որ դժվար է պասուց տոլմայի համար շատ հստակ, գրամ-գրամ բաղադրատոմս ասել, աչքաչափը այստեղ գլխավոր դերերում է: Սակայն կան որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել: Առաջարկում եմ պասուց տոլմայի իմ տարբերակը:

Անհրաժեշտ մթերքները

Չոր լոբի- 1 բաժակ (եթե ունեք տարբեր գույներ լոբիներ, կարող եք յուրաքանչյուրից մեկական բաժակ դնել)

Սիսեռ-1 բաժակ

Ոսպ-1 բաժակ (եթե ունեք կանաչ եւ կարմիր սիսեռներ, կարող եք յուրաքանչյուրից մեկական բաժակ վերցնել)

Բլղուր-1-2 բաժակ (հնարավորության դեպքում վերցրեք միջին չափի բլղուր)

Չոր ոլոռ- 1 բաժակ (սա պարտադիր չէ, եթե ունեք՝ 1 բաժակ դեղին կամ կանաչ չոր ոլոռ վերցրեք, եթե ոչ՝ պետք չէ)

Գլուխ սոխ-2-3 գլուխ

Լեչո-0,5 կգ տարայով

Լոլիկ սեփական հյութի մեջ- 1 բաժակ

Տոմատի մածուկ-2-3 ճաշի գդալ

Պղպեղի մածուկ-2 ճաշի գդալ (եթե չունեք՝ հոգ չէ)

Թարմ կանաչի-1 խոշոր կապ

Չորացրած ռեհան-1 լիքը բուռ

Կանեփի սերմ-0,5 բաժակ (սա պարտադիր բաղադրիչ չէ, սակայն շատ է սազում պասուց տոլմային, ես միշտ ավելացնում եմ)

Աղացած կարմիր պղպեղ – 1 ճաշի գդալ քաղցր եւ 1 թեյի գդալ կծու

Սեւ պղպեղ, աղ- ըստ ճաշակի

Բուսական յուղ-1 բաժակ

Սեւ սալորաչիր-10-15 հատիկ

Սերկեւիլ-1 հատ

Թթու կաղամբ

Պատրաստման եղանակը

Լոբիները, սիսեռը, ոլոռը եւ ոսպը պետք է նախապես լավ լվանալ, թրջել եւ եփել: Ես մեկ օր առաջ լվանում եմ լոբազգիները, թրջում եմ ամբողջ գիշերվա ընթացքում, առավոտյան եփում, իսկ երեկոյան փաթաթում տոլման: Կարող եք վերցնել նաեւ պատրաստի պահածոյացված լոբիներ եւ սիսեռ, այդ դեպքում ժամանակի կորուստ չեք ունենա: Բլղուրը պետք չէ թրջել, պարզապես լավ լվացեք ցանցի մեջ: Կանեփը նույնպես լվացեք:

Սոխը մաքրեք, լվացեք, մանր կտրատեք եւ առատ յուղի մեջ սոխեռած արեք: Երբ սոխը ոսկեգունի, ավելացրեք տոմատի եւ պղպեղի մածուկները, չոր ռեհանը, աղացած պղպեղները, ապա՝ լեչոն: Թողեք մի փոքր էլ եփվի, անջատեք, թողեք սառչի:

Մեծ թասի մեջ լցրեք բոլոր նախապես եփած լոբազգիները, ոսպը, բլղուրը, կանեփը, մանր կտրատած կանաչիները: Ավելացրեք սոխեռածը, լավ խառնեք: Համտեսեք, եթե զգաք աղի կարիք կա, ավելացրեք: Եթե զգաք բուսական յուղի կարիք կա, դա էլ ավելացրեք:

Կաղամբի տերեւները լցոնեք միջուկով: Մեծ կաթսայի հատակին մի քանի տերեւ դրեք, տոլմաները շարեք վրան: Յուրաքանչյուր շերտի վրա դրեք կտրատած սերկեւիլ եւ մի քանի սալորաչիր, ինչպես նաեւ՝ մի քանի գդալ լեչո կամ սեփական հյութի մեջ լոլիկ:

Երբ բոլոր տոլմաները շարված կլինեն, վրան ավելացրեք 1-1,5 բաժակ տոմատաջուր, տոլմաների վրա ափսե շուռ տվեք, ծածկեք կաթսան կափարիչով եւ դրեք սկզբում միջին կրակին, հենց եռա, ցածրացրեք կրակը եւ ամենամարմանդ կրակի վրա եփեք 45-60 րոպե:

Պասուց տոլման մատուցում են սառը վիճակում՝ որպես սառը նախուտեստ, սակայն եթե չեք համբերում, կարող եք տաք-տաք էլ ուտել:

Բարի ախորժակ:

Պատրաստման մանրամասները  դիտեք տեսանյութում:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031