Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք չենք կարող փոխել և հեղաշրջել աշխարհը, բայց կարող ենք սկսել գոնե մեզանից. Քրիստինա Վարդանյանը՝ մարդու առողջության համար բնության բացառիկ դերի մասին

Դեկտեմբեր 26,2020 18:00

Aravot.am-ի «Ֆեմինի», «Առողջ առավոտ» նախագծերի շրջանակներում բազմիցս անդրադարձել ենք սթրեսի, ընկճախտի, բացասական հույզերի հաղթահարման ուղիներին, որոնք շատ տարբեր են և ներառում են մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան վիճակի կայունացմանն ուղղված բազմաթիվ գործոններ։ Այդ գործոններից կարևորագույնը բնությունն է, որն իր սրտում ամփոփում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության համար։

Մեզ հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը հանգամանորեն ներկայացնում է բնության դերը մարդու առողջության պահպանման գործում։

Քրիստինա Վարդանյանը և Լունան

Ինչպես հաղթահարել սթրեսը բնության օգնությամբ

Ժամանակակից պայմաններում մարդը մշտապես գտնվում է հսկայածավալ տեղեկատվական հոսքերի ներքո, որոնց մեծ մասը կապված են բացասական հույզերի առաջացման հետ։ Այս ամենը հանգեցնում է նյարդահուզական գերլարվածության և ստեղծված պայմաններում օրգանիզմը չի հասցնում հարմարվել այդ՝ օրեցօր ուժգնացնող ճնշմանը:

Սա անխուսափելիորեն բերում է սթրես-կայունության նվազմանը, հոգեկան լարվածության կուտակմանը, որն էլ իր հերթին առաջ է բերում ագրեսիա, ընկճախտ, տագնապ, հոգեմարմնական խանգարումներ:

Հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ բնությունը ունի բացառիկ նշանակություն մարդու առողջության պահպանման համար: Բնության լանդշաֆտը` անկախ նրանից՝ այն բնական է, թե արհեստական, ակտիվ կերպով նպաստում է ուժերի վերականգնմանը, օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև առկա խաթարված հավասարակշռության վերականգմանը, որոնք առաջ են եկել հոգնածության, բնության գրկում անբավարար գտնվելու կամ հիվանդությունների հետևանքով:

Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ բնության և նրա տարբեր էլեմենտների հետ ֆիզիկական և տեսողական շփումը առողջության կենդանի բանալին է։ Այսօր բավական արդիական են սենսոր կամ զգայարանային այգիները, որտեղ բոլոր հնարավորությունները ստեղծված են՝ կիրառելու համար բնության տարատեսակ ազդակներն ի օգուտ մարդու առողջությանը։

Մարդու տեսողական միջավայրը, նույնիսկ պատուհանից բնության պարզ դիտումը, օգնում է վերականգնվել սթրեսային իրավիճակից:

Շրջակա միջավայրի ազդեցությունը երեխաների վրա

Շրջակա միջավայրի կանաչապատման աստիճանը զգալիորեն անդրադառնում է երեխաների առողջության և հոգեհուզական վիճակի վրա։ Առավել կանաչապատ տարածքում բնակվող երեխաների շրջանում ավելի ցածր են հիվանդացության, լարվածության մակարդակները և ավելի բարձր է ինքնագնահատականը:

Ներկա պայմաններում ամբողջ աշխարհում ավելի ու ավելի արդիական է դառնում հանրային այգիների տարածքում վերականգնողական այգիների ստեղծման գաղափարը։ Վերջինների յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ հաշվի են առնվում նաև բնակչության հատուկ խմբերի, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց հետ մասնագետների համար աշխատելու հնարավորությունների ստեղծումը։

Այս նոր ուղղությունը շատ արագ զարգացում է ապրում և ավելի ու ավելի մեծ գիտական նշանակություն է ձեռք բերում:
Վերականգնողական նպատակների համար նախատեսված այգիների կազմակերպման ծրագրերում ընդգրկվում են այս ոլորտում մասնագիտացված լանդշաֆտային ճարտարապետներ, բժիշկներ, ֆիզիոթերապևտներ, հոգեբաններ, աշխատանքային թերապիայի մասնագետներ, որը թույլ է տալիս ստեղծել ոչ միայն այգու արտաքին դիզայնը, այլ նաև այն ծրագիրը, որոնց միջոցով կարող ենք այգին օգտագործել բուժական և վերականգնողական պրոցեսներում:

Ինչ ասել է թերապևտիկ լանդշաֆտ

Թերապևտիկ լանդշաֆտը հանդիսանում է առողջարանային բժշկության, հոգեմարմնական հիվանդությունների կանխարգելման կարևոր բաղադրիչներից մեկը:

Բժիշկների կարծիքով թերապևտիկ լանդշաֆտի կիրառումը հանդիսանում է հոգեթերապիայի լավագույն մեթոդներից մեկը: Այն իր մեջ ներառում է այնպիսի բարենպաստ ազդեցություններ, ինչպիսիք են՝
⦁ հոգեկանխարգելում,
⦁ բուժական էֆֆեկտ,
⦁ աշխարհագրական և մշակույթային լանդշաֆտի հաշվին մարդու օրգանիզմի վերականգնում:

Լանդշաֆտաբուժության հիմնական նպատակը հանդիսանում է մարդու փոփոխված հոգեկան և ֆիզիկական վիճակի վերականգնումը: Այս մեթոդը ստեղծում է ամբողջական հոգեթերապիայի անցկացման համար գերազանց ֆոն և վերացնում է հոգեկան դիսկոմֆորտը:

Լանդշաֆտաբուժությունը լայն կիրառություն է գտել տարբեր վերականգնողական ծրագրերում: Նշված թեմայի բացահայտողն ու առաջատարը Ռոջեր Ուլրիխն է, որն ապացուցեց, որ կապը բնության հետ ի զորու է ոչ միայն բարելավել մարդու ինքնազգացողությունը, այլ նաև նվազեցնել ցավի զգացողությունը հետվիրահատական շրջանում և արդյունքում նվազեցնել նաև ցավազրկողների օգտագործման ծավալը:

Հետագայում նրա և այլ գիտնակաների կողմից ապացուցվել է հիվանդների՝ բուժհաստատություններում գտնվելու ժամկետի նվազման հնարավորությունը՝ նրանց տարածքներում թերապևտիկ այգիների առկայության շնորհիվ:

Վերականգնողական այգին բնության տարբեր էլեմենտների կիրառմամբ կարելի է օգտագործել նաև ուսումնական գործընթաց իրականացնելու նպատակով։

Այգին կարող է օգտագործվել կենսաբազմազանության ներգրավման համար, որն իր հերթին կարող է ներգրավել այն անձանց, ովքեր բնության և կենդանիների սիրահարներ են: Այս բոլորը պայմաններ է ստեղծում, որ բնակչությունը հնարավորինս շատ ընդգրկված լինի բնության հետ անմիջական շփման մեջ։

Մարդու առողջության վերականգնման ընթացքը բնության գրկում անցկացնելու արդյունավետության հետ կապված հետաքրքիր աշխատանք են կատարել Ճապոնիայում։ Աշխատանքում ընդգծված են անտառի բուժիչ հատկությունները և «անտառային լոգանքների» կամ «շինրին-յոկու» ազդեցությունը օրգանիզմի վրա։ Ըստ գիտնականների այս աշխատանքը՝ կանաչապատ տարածքների վերականգնողական պոտենցիալի վերաբերյալ գիտական հիմնավորումն է: Մեթոդի առանձնահատկությունները և բուժման արդյունքները պայմանավորված են մասնագետի կողմից ուղղորդվող բոլոր զգայարանների համակցված աշխատանքի վրա: Գիտնականները ամբողջ աշխարհում արձանագրեցին մեթոդի գերդրական արդյունքը, ինչը արտահայտվում էր սրտի աշխատանքի, շնչառության, կորտիզոլի մակարդակի, մկանային լարվածության, ուղեղի էլեկտրական ակտիվության և այլ ցուցանիշների բարելավմամբ։ «Անտառային լոգանքները» դարձել են վերականգնողական համաժողովրդական ավանդույթ Ճապոնիայում:

Բույսերի միջոցով արթ-թերապիայի ազդեցությունը երեխաների հոգեհուզական վիճակի վրա․ մեր փորձը 

Բույսերի միջոցով արթ-թերապիայի ներգրավումը թերապևտիկ գործընթացում և դրա ազդեցությունը երեխաների հոգեհուզական վիճակի վրա ուսումնասիրվել են նաև մեր կողմից։

2008-2010 թթ․ «Մուրացան» համալսարական մանկական կլինիկական հիվանդանոցի պայմաններում բուժում ստացող երեխաների շրջանում կիրառեցինք «կանաչ ընկերոջ» գաղափարը։ Բուժական գործընթացում բույսերի հետ երեխաների ամենօրյա աշխատանքը հավաստիորեն դրական ազդեցություն թողեց փոքրիկ պացիենտների հոգեհուզական վիճակի վրա։ Իսկ հոգեհուզական լարվածությունը բացասաբար է ազդում բուժման գործընթացի վրա։

Հատուկ թերապևտիկ այգիների ստեղծման խնդրին է անդրադարձել իր աշխատանքում Marcus C.-ն (2018), որտեղ հեղինակը ներկայացրել է բուժիչ այգիների ազդեցությունը տարբեր հիվանդությունների, վնասվածքների առկայության դեպքում:

Մեզ շրջապատող աշխարհն ու իրականությունը անմիջական կերպով հանդիսանում է մեր կեցության հայելային անդրադարձը։ Մեր քաղաքի այգիները, կանաչ գոտիները, բակային տարածքները պատմում և ցույց են տալիս մեր մշակույթը, վերաբերմունքը բնության նկատմամբ և գաղափարախոսությունը։

Մեր երազած առողջ, հաղթող ու գեղեցիկ սերունդը պետք է ապրի 21-րդ դարին վայել միջավայրում։ Քանի որ աշխարհից՝ անգիտակից կերպով, ստացածն ու տեսածն ենք մենք գիտակցաբար վերադարձնում կյանքին։ Եվ շրջակա միջավայրը որքան մարդկային ու մարդուն վայել լինի, այնքան մարդն էլ կամա թե ակամա իրեն 21-րդ դարի արժանավայել բնակչի նման կզգա ու կդրսևորի։

Մենք չենք կարող փոխել և հեղաշրջել աշխարհը, բայց մենք կարող ենք սկսել գոնե մեզանից՝ մեր տնից, մեզ շրջապատող 4մ2-ուց։ Ինչո՞ւ չէ,  ստեղծել նոր կարծրատիպ, միգուցե փոխվի նաև հարևանի, բարեկամի վերաբերմունքն առ այն, ինչ շրջապատում է մեզ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031