Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի հայրենակիցներ,
Մոտենում են Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ 2020-ի նման տարի չէինք ունեցել։ Սարսափելի արհավիրքի միջով անցանք։ Առանց այն էլ դժվար ու լարված տարի՝ համավարակ, տնտեսական խնդիրներ և այլն, մեզ փաթաթեցին դաժան պատերազմ, պատերազմ, որն ի սկզբանե դավաճանական էր, և ըստ էության սկզբից էլ դատապարտված էինք պարտության։
Դրա հետևանքով ահռելի կորուստներ ունեցանք՝ մարդկային, տարածքային, ռազմական, նյութական, ֆինանսական, բարոյական, հոգեբանական․․․ Բայց պետք է ասեմ՝ ես չեմ ճանաչում և երբեք չեմ ընդունելու Արցախի զավթումը կամ բաժանումը։ Արցախը Հայաստանի մասն է։ Պետք է վերադարձնենք։
Կարդացեք նաև
Դեռ չգիտեմ, թե երբ կվերականգնվենք այս ամենից։ Դեռ ապաշնորհ իշխանությունների հեռացման խնդիր ունենք։ Օրինական և արդար երկիր կառուցելու խնդիր ունենք։ Ուժեղ և մարտունակ բանակ ստեղծելու խնդիր ունենք։ Միջազգային հեղինակությունը վերականգնելու և արտաքին քաղաքականության ձախողումները շտկելու խնդիր ունենք։ Հայրենաթափությունը զսպելու խնդիր ունենք։ Երիտասարդությանը կյանքի վերադարձնելու խնդիր ունենք։ Կրթության և գիտության գերակա դերի ամրապնդման խնդիր ունենք։ Հայի պատիվը և բարոյահոգեբանական վիճակը վերականգնելու և բարձրացնելու խնդիր ունենք․․․
Թող նոր տարին, հետագա բոլոր տարիները դրական մեծ փոփոխությունների տարիներ լինեն, թող հայն իր արժանին ստանա իր՝ աշխարհին տվածին համարժեք, թող որդեկորույս մայրերի աչքերին ժպիտ գա՝ կորցրած զավակների նոր եղբայրներ և քույրեր լույս աշխարհ բերելով, բազում թոռնիկներ տեսնելով, թող Հայաստանը հզորանա, թող դառնա երազանքի երկիր՝ թեկուզ տարածքով փոքր, բայց շատ անգամ ավելի լավը, քան հսկայական չափերի երկրներն են, թող բոլորն առողջ լինեն ու հաջողակ, թող մեր որդիներն ու դուստրերն ուրախություն բերեն իրենց հաջողություններով ու նվաճումներով, թող ամեն հայ 10 հոգու տեղ աշխատի ու ավելացնի մեր բարիքները, ու թող միշտ խաղաղություն լինի․․․