Անկախ ռազմական և քաղաքական ձախողումների մեղավորների թեմայից` ակնհայտ է, որ ինքնաբավ ու հաջողված պետություն դառնալու ճանապարհին Հայաստանն այսօր կանգնել է լուրջ խնդիրների առջև։
Տարիներով կուտակված կառավարման խնդիրները ու նաև դրանցից բխող ռեսուրսային անբավարարությունը, ինչպես նաև ներկայիս իշխանության անհասկանալի քայլերը հանգեցրին ցավալի արդյունքների՝ բերելով մարդկային ու տարածքային մեծ կորուստների։ Սակայն պետք է փաստել, որ Հայաստանի համար բարենպաստ լուծում՝ միջազգայնորեն ճանաչված անկախություն Արցախի համար կամ Հայաստանին Արցախի ֆորմալ միացում, ըստ էության, գոյություն չի ունեցել։
Եվ դա պայմանավորված էր առաջին հեթին ֆունդամենտալ գործոններով և ոչ այս կամ նախկին իշխանությունների բացթողումներով։ Առանց այդ գործոնների ընկալման, ինչես նաև առանց նոր ձևավորվող իրավիճակը ու հիմնական դերակատարների շահերը հստակ հասկանալու հնարավոր չի լինի մշակել իրատեսական ռազմավարություն և կանխել նմանատիպ աղետները։
Հայաստանի ներկայիս աշխարհագրական ու դեմոգրաֆիական կոնտուրները ձևավորվել են 1914-1920 թթ-ին, երբ երկրի երեսից անդառնալիորեն ջնջվեց Հայաստանի հիմնական մասը, հայերի կեսից ավելին զոհվեց պատերազմի ու ցեղասպանության արդյունքում, իսկ «ռուսական» Հայաստանի տարածքում ձևավորված անկախ պետությունն ունակ չեղավ պահելու իր գոյությունը։ Ընդ որում, ի տարբերություն «խորհրդայնացված» Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի անկախության կորուստն առաջին հերթին 1920 թ-ի պատերազմում Թուրքիային պարտվելու արդյունք էր, որով պարզ դարձավ, որ հայ ազգին պատած տարածքային և դեմոգրաֆիական աղետներն անդառնալի հարված են հասցրել այս բարդ տարածաշրջանում անկախ ու ինքնաբավ Հայաստանի գոյության հնարավորությանը։
Կարդացեք նաև
Ջախջախված հայկական աշխարհի փշրանքներից այսօրվա կոնտուրներով Խորհրդային Հայաստանի ստեղծումը պայմանավորված էր Ռուսաստանի շահերով՝ առաջին հերթին անատոլիական ու կասպիական թուրքալեզու տարրերի միջև անջրպետի ստեղծման անհրաժեշտությամբ, որը և դարձավ նոր Հայաստանի տարածաշրջանային հիմնական «առաքելությունը»։
Արցախյան կոնֆլիկտի հանգուցալուծման ընթացքը, ըստ էության, 100 տարի առաջ ձևավորված ֆունդամենտալ անբարենպաստ գործոնների արձագանքն էր։ Դրանց արդյունքում էր, որ քաոսային 1990-ականների շոշափելի ռազմական հաջողությունները բավարար չեղան հակամարտության բարենպաստ լուծման համար։ 2000-ականների սկզբին Հայաստանին հաջողվեց բանակցությունները տանել «ուժի» դիրքից, բայց այդ փուլը ավարտվեց անարդյունք։
2003-2007 թթ-ի տարածաշրջանային զարգացումները հանգեցրին նրան, որ հայկական կողմի ռազմական ձեռբերումները սկսեցին դիտարկվել ավելի շատ որպես «անոմալիա», քան վերջնական լուծման համար որոշիչ գործոն։ Այդ զարգացումներից հատկանշական է Ռուսաստանի համար նախկին Խորհրդային Միության տարածքում ազդեցության վերականգնումը որպես գերխնդիր դառնալը և այդ համատեքստում Ադրբեջանի դերի բարձրացումը՝ պայմանավորված նաև ՆԱՏՈ-ի անդամ չդառնալու իր որոշմամբ։ Ավելին, Ադրբեջանի նավթային և գազային ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռեսուրսային անհավասարության խորացումը ևս նպաստեց կոնֆլիկտի շուրջ նոր ընկալումների ամրապնդմանը։
2007 թ-ին ձևավորված Մադրիդյան սկզբունքներն էլ հենց այդ նոր ընկալումների արձանագրումն էր։ Այն, որ 2018-2020թթ-ի անհասկանալի զարգացումների արդյունքում հնարավոր չեղավ իրականացնել նույնիսկ ի սկզբանե ոչ այնքան բարենպաստ, բայց կարծես թե երաշխավորված սկզբունքները, հայկական պետականության լրջագույն բացթողումն է, որը կարիք ունի հանգամանալից ուսումնասիրության և համապատասխան գնահատականի։ Բայց նաև ակհայտ է, որ ի տարբերության 2008-2018 թթ-ին հասարակությանը հրամցվող հույսերի՝ գոյություն չի ունեցել մաքսիմալիստական ծրագրերն իրականացնելու իրատեսական տարբերակ։
Վերադառնալով ներկային՝ Հայաստանը պարտության արդյունքում ձևավորված նոր և դժվարին իրավիճակում կանգնած է կարևոր որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։ Հայաստանի իրական մարտահրավերները չգիտակցելն ու անբողջ մեղքը ներկայիս իշխանության կոպիտ սխալներին կամ նախկին իշխանությունների կոռումպացվածությանը վերագրելը կխանգարի հասկանալ այն իրական մարտահրավերները, որոնք ունեն խորքային բնույթ՝ պայմանավորված աշխարհագրությամբ, դեմոգրաֆիայով ու ռեսուրսներով։
Ակնհայտ է, որ նոր պայմաններում առաջնային մարտահրավերն անվտանգության ապահովումն է։ Պատերազմը միայն խորացրել է Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքները։ Արցախի ու Հայաստանի շուրջ բուֆերային գոտու կորուստը ստեղծել է նոր իրավիճակ։
Բացահայտ դարձան նաև Ռուսաստանի զգալի սահմանափակումները իր «անկլավային» դաշնակցի անվտանգությունն ապահովելու հարցում։ Չի բացառվում, որ լարվածությունը կպահպանվի ու կլինեն Սյունիքը՝ ապրելու համար անբերանպաստ տարածաշրջան դարձնելուն ուղղված սադրանքներ։ Այս պայմաններում ավելորդ է խոսել Հայաստանի տնտեսական ու հասարակական զարգացման մասին՝ առանց անվտանգության երաշխիքների։ Անվտանգության հարցում ցանկացած ժամանակավոր կամ կիսատ լուծում հասարակության համար կլինի անընդունելի ու կբերի մեծ արտագաղթի և տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակի շարունակական վատթարացման։
Իրականությունն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի միակ բնական դաշնակիցն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանի գերխնդրին՝ իր պատմական տարածքում հայ ազգի պահպանմանը։ Կարելի է տարբեր տեսանկյուններից անվերջ քննարկել, թե արդյոք հայ ժողովրդի համար Կովկասում ռուսական գործոնի հայտնվելը դրական դեր է խաղացել, բայց անժխտելի է այն փաստը, որ ներկայումս Հայաստանի գոյության հարցում Ռուսաստանն, ըստ էության, միակ շահագրգիռ երկիրն է։
Եթե խնդիրը դիտարկենք realpolitik-ի տեսանկյունից, ներկա սահմաններում Հայաստանի պահպանումը Ռուսաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից է, քանի որ դրանով նա դիմագրավում է 1914 թ-ին առաջացած ու վերջին տարիներին նոր թափ հավաքած թուրքական «աշխարհի» ինտեգրման վտանգին։ Ավելին՝ 19-րդ դարից սկսած հայ ազգի վերադարձը Արևելյան Հայաստան և, ըստ էության, միատարր հայ բնակչությամբ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի առաջացումը միայն ու միայն ռուսական գործոնի արդյունք է։
Դարերով շարունակված գաղթի ու թուրքական ցեղերի ներթափանցման արդյունքում արդեն 19-րդ դարի սկզբին հայ ազգը չէր կազմում մեծամասնություն իր պատմական հայրենիքի որևէ նշանակալի հատվածում, և միայն Ռուսաստանի Կովկասում հաստատվելու արդյունքում հնարավոր եղավ վերականգնել պատմական այդ տարածքներում հայերի դեմոգրաֆիական գերակշռությունը։ Այս համատեքստում անիմաստ է կառչել պատմական առանձին դրվագներից և կասկածի տակ դնել Հայաստանի պահպանման հարցում ռուսական գործոնի ակնհայտ դերակատարումը։
Պատմական այս իրողությունը և դրա կարևորությունը նոր ձևավորվող աշխարհակարգում գնահատելով էլ պետք է առավել քան երբեէ ջանքերը սևեռել Ռուսաստանի կողմից Հայաստանի ու Արցախի պահպանված տարածքների անվտանգության իրական ու անբեկանելի երաշխիքներ ստանալու և դրանք նոր մակարդակում ամրագրելու վրա։ Ընդ որում` Հայաստանի պրոակտիվ նախաձեռնությունները խիստ կարևոր են․ անկախ Ռուսաստանի շահերից, Հայաստանի շուրջ անվտանգության հարցում գնդակը միշտ գտնվում է Հայաստանի կիսադաշտում։ Հայաստանը ինքը պետք է նախաձեռնի ռազմական ու քաղաքական ինտեգրման գծով այն կարևոր քայլերը, որոնք կապահովեն անվտանգության անհրաժեշտ մակարդակը։ Այս գործընթացում Հայաստանը պետք է գիտակցի Ռուսաստանի օբյեկտիվ սահմանափակումներն ու շահերը։
Հայաստանի համար Ռուսաստանի դերը կարևոր է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր բացման արդյունքում առաջացող նոր մարտահրավերներին դիմագրավելու և նոր տնտեսական հնարավորություններն օգտագործելու համար։ Թեպետ տեսականորեն հաղորդակցությունների բացումը Հայաստանի համար շահեկան կարող է լինել, դրանք պետք է դիտարկվեն միայն Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության հարցերի շրջանակում։ Հայաստանին այս պահին տնտեսական առումով հետաքրքիր է միայն Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան երկաթուղային կապի գործարկումը, ինչպես նաև Ռուսաստան-Թուրքիա կապի համար որպես տարանցիկ երկիր հանդես գալը։ Սրանից բխում է, որ հաղորդակցությունների բացման գործընթացին իր կարևոր մասնակցությունը պետք է ունենա ռուսական կողմը։ Ավելին, սահմանները բացելու արդյունքում հնարավոր տնտեսական մարտահրավերները, ինչպիսիք են օրինակ մրցունակության և տնտեսական անվտանգության խնդիրները, պետք է լուծվեն ռուսական կողմի հետ՝ կոորդինացված ճանապարհով։ Այս կապակցությամբ, օրինակ, Մաքսային Միությունը հնարավորություններ է ընձեռում տնտեսական անվտանգության պահպանման պայմաններում առևտրի զարգացման համար։
Հայաստանի իրական խնդիրների լիարժեք ընկալումը միայն հնարավորություն կտա կայացնել երկարաժամկետ անվտանգության համար անհրաժեշտ ճիշտ որոշումներ։ Ցավոք, 2020 թ-ի առանցքային զարգացումների խաչմերուկում Հայաստանը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել ու դրանով կրկնեց իր 1920 թ-ին գործած սխալները։ Երկու դեպքում էլ հիմնական պատճառներն էին օբյեկտիվ սահմանափակումների անտեսումն ու ոչ իրատեսական նպատակների հետապնդումը։ Բայց դեռ կա հնարավորություն դնել երկարաժամկետ խաղաղության ու անվտանգության հիմքերը և ստեղծել իրական երաշխիքներ՝ Հայաստանի պատմական այս փոքր հատվածում հայ ազգի պահպանման և զարգացման համար։
Աղասի ՄԿՐՏՉՅԱՆ