Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը Հայաստանում է: Նա վաղը մասնակցելու է մի հաճելի արարողության:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ Արմեն Նազարյանին, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանին եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպայի լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում:
Ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը Aravot.am-ին տեղեկացրել էր, որ գիտխորհուրդն այդ որոշումը կայացրել է, որովհետև ինստիտուտի լավագույն շրջանավարտները, որոնք իրենց մասնագիտական կարիերայում ձեռք են բերել բարձր արդյունքներ, աշխարհի բոլոր ծագերում բարձր են պահել ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀՖԿՍՊԻ-ի պատիվն ու հեղինակությունը:
«Ինստիտուտի հիմնադրման 75-ամյակի շրջանակներում պետք է կազմակերպվեր հանդիսավոր արարողություն, որի ժամանակ այդ վկայագրերը հանձնվելու էին մեր փառապանծ շրջանավարտներին, սակայն COVID-19-ի համավարակով եւ արցախյան վերջին պատերազմով պայմանավորված դրանք չեղարկվեցին: Օգտվելով առիթից, որ Արմեն Նազարյանը այս պահին Հայաստանում է, նախատեսել ենք հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ նրան հանդիսավոր հանձնել պատվավոր պրոֆեսորի գրքույկը:
Կարդացեք նաև
Անկեղծ ասած, մտադիր էինք նաեւ Լեւոն Արոնյանին հրավիրել, սակայն նա մասնակցում է օնլայն մրցաշարի: Ուստի որոշեցինք չխանգարել, չշեղել մրցաշարից: Դե, Հենրիխ Մխիթարյանն էլ ներկայումս Իտալիայում է: Սակայն նրանց էլ, երբ հարմար լինի, սիրով կհրավիրենք մարզական մայր բուհ ու պատվավոր կոչումները կշնորհենք»,-ասաց Դավիթ Խիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ