Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ընթացիկ տարին եզրափակեց երկու համերգով

Դեկտեմբեր 26,2020 13:03

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ընթացիկ տարին եզրափակեց երկու համերգով: Դեկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց Երգեհոնային երաժշտության երեկո, որի ընթացքում հնչեցին Բախի, Փյորսելի, Պյերնեի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան երգեհոնահարներ Կարինե Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, ինչպես նաև մեցցո սոպրանո Անուշ Մարտիրոսյանը:

Երգեհոնային երաժշտության համերգին երգեհոնահարների ավագ սերնդի հետ առաջին անգամ ելույթ ունեցավ 17-ամյա երգեհոնահար Դավիթ Հովհաննիսյանը՝ Հայաստանի երգեհոնային երաժշտության ապագան։ Դավիթը նշում է, որ երգեհոնի հանդեպ սերն առաջացել է դեռ մանկուց, քանի որ հաճախ էր ունկդրում երգեհոնային երաժշտություն։ Այս ամենից ոգեշնչվելով նա սկսում է ուսանել Թերեզա Ոսկանյանի մոտ։ Վերջերս Դավիթը համերգներով հանդես է եկել Գերմանիայում և Մոսկվայում, ինչպես նաև արժանացել Կատարողական արվեստի Музыкальный рассвет միջազգային մրցույթի (Մոսկվա) Գրան Պրի մրցանակի:

Իսկ դեկտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի պետական կամերային երգչախումբը խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կատարեց Էդ. Հովհաննիսյանի, Բ. Կանաչյանի, Ռ. Շումանի, Ֆ. Մենդելսոնի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործերը: Սա երգչախմբի առաջին համերգն էր, որը ցավոք, անցկացվեց առանց ԵՊԿԵ հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար, Հարություն Թոփիկյանի։

Հիշեցնենք, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացավ հայ երգչախմբային արվեստի երախտավոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը: Մաեստրո Թոփիկյանն իր ողջ կյանքը նվիրեց խմբավարական արվեստին, ամենուրեք հնչեցրեց հայ խմբերգը, ուրույն ձեռագրով կայացրեց ու զարգացրեց իր իսկ ստեղծած Երևանի պետական կամերային երգչախումբը:

Խմբավար Քրիստինա Ոսկանյանը Հարություն Թոփիկյանի՝ երգչախումբը հիմնադրելու առաջին իսկ օրվանից աշխատել է մաեստրոյի կողքին: Որպես խմբավար՝ առաջին անգամ էր հանդես գալիս ԵՊԿԵ-ի մեծ կազմի հետ, նախկինում հասցրել է փոքր կազմեր ղեկավարել:

«Շատ մեծ պատասխանատվություն էր, անհանգստություն, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Մենք երգչախմբում փորձում ենք շարունակել մաեստրո Թոփիկյանի ներդրած ավանդույթները և գործը: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վառ պահենք մաեստրոյի հիշատակը: Մաեստրոն միշտ ներողամիտ էր, խանդավառ, միշտ սովորեցնում էր մեզ, ուժ տալիս: Այս օրերին, երբ փորձեր ենք անում, թվում է, թե հիմա ներս կմտնի..»,-նշում է Քրիստինա Ոսկանյանը:

Նշենք, որ Երևանի պետական կամերային երգչախումբը շուտով առանձին համերգ կնվիրի մաեստրո Թոփիկյանի հիշատակին:

 

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031