Լրահոս
Օրվա լրահոսը

«Քինախնդիր Նիկոլը հրահանգեց կամակատարներին սեղմել կոճակը… խորհուրդ եմ տալիս բացել Սուքիասյանի բառարանը եւ ծանոթանալ «ժեխ» բառի հոմանիշին». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 26,2020 11:51

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ որոշման նախագիծ է դրել շրջանառութան մեջ, որով ուզում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնել՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի:

Ըստ հիմնավորումների, նա չի կարող ղեկավարել այդ հանձնաժողովը, քանի որ դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որի մեջ նշել է. «Ես ատում եմ քեզ, ժե՛խ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։ Իսկ ավելի ուշ՝ դեկտեմբերի 22-ին էլ Նաիրա Զոհրաբյանը գրել էր. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու… Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու»:

Երկուշաբթի նախագիծը դրվելու է քվեարկության: Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց, թե ինչպես է արձագանքում այդ նախաձեռնությանը ու արդյոք մեծ ողբերգություն է իր համար այդ պաշտոնից զրկվելը:

Նա պատասխանեց. «Ինձ համար պատիվ է մերժված լինել ու հետապնդման ենթարկվել հայրենիքը հանձնողի, դավաճանի, հողատուի եւ հայրենադավի կողմից, սա՝ միանշանակ: Բնականաբար, իրենք ձեւախեղել են իմ խոսքը, եւ ես պնդում եմ այն, ինչ ասել եմ իրականում. այն մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլը լավ է արել, որ Արցախը հանձնել է, ովքեր սատարում են 5000 զինվորի սպանության մեղավորին, ովքեր այսօր սատարում են Սյունիքը մաս-մաս հանձնողին, ովքեր վաղը սատարելու են Սեւանի մերձակայքի որոշ հատվածներ թուրքին հանձնողին, ովքեր մյուս օրը սատարելու են Մեղրիի կարգավիճակի վերաբերյալ կասկածելի բանակցությունները, որի մասին կիմանանք շուտով, այո՛, հասարակության այդ հատվածին ես համարում եմ «անմաքուր»: Այդ նախաձեռնության հեղինակին՝ այդ փոքրիկ, քինախնդիր մարդ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս բացել Սուքիասյանի բառարանը եւ ծանոթանալ «ժեխ» բառի հոմանիշին: Այո, այդ մարդիկ ինձ համար անմաքուր են: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ հայրենիք հանձնողի տեսակից իմ պետությունը, պետականությունը փրկելու համար»:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ինքը դեռ ամիսներ առաջ էր մտածել վայր դնել հանձնաժողովի նախագահի իր պաշտոնը, որպեսզի ավելի անկաշկանդ լինի իր ձեւակերպումների մեջ. «Միջազգային կառույցների իմ գործընկերների հորդորով, որոնք ինձ ասացին՝ ոչ, թող իրենք հանեն, ես սպասել եմ այս օրվան: Գիտեք, Նիկոլի եւ նիկոլականների համար է նախագահ, վարչապետ, պաշտոն, հանձնաժողովի նախագահ կարեւոր ատրիբուտիկաներ: Ես ունեմ ամենամեծ վստահությունը՝ պատգամավորին քվե տված ժողովրդի վստահությունը եւ այդ քվեով շարունակելու եմ պայքարել Նիկոլի եւ նիկոլականության դեմ ու շարունակելու եմ մերժել այն մարդկանց, ովքեր կսատարեն դավաճանին ու կասեն՝ ինչ ինքը անում է՝ լավ է անում: Իսկ ինչ վերաբերում է իմ՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնին, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, թե՛ որպես երկար տարիների Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, թե՛ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, թե՛ որպես պատգամավոր՝ ես արել եմ, անում եմ շատ ավելին, քան իրենց արտգործնախարարությունը՝ ամբողջապես վերցրած, քան բազմաթիվ միջազգային կառույցների հետ աշխատող ՀԿ-ներ միասին վերցրած՝ բացառությամբ օմբուդսմենի գրասենյակի ու Թաթոյանի, որի աշխատանքը հատկապես այս պատերազմական իրավիճակում ես գնահատում եմ իսկապես բարձր: Ես Բաքվում էլ եմ կռվել ադրբեջանցիների դեմ, Ստրասբուրգում, միջազգային կառույցներում էլ եմ պաշտպանել իմ երկրի շահը ու որպես միջազգային կառույցներում բավականին լուրջ հեղինակություն եւ ազդեցություն ունեցող պատգամավոր՝ շարունակելու եմ իմ աշխատանքը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանը տեւական ժամանակ հրահանգել էր ԱԱԾ-ին, իրավապահ համակարգին այսպես ասած «չեպե» գտնել ու իր դեմ քրեական գործ պեղել, սակայն չի ստացվել. «Քանի որ ինքը փոքրիկ ու քինախնդիր տղեկ է, կառչեց այդ մի բառից եւ հրահանգեց իր կամակատարներին սեղմել կոճակը, որը երկուշաբթի օրը իրենք միասնաբար, մեկ մարդու պես կանեն»:

Հարցին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը այդ ի՞նչ կարեւոր լծակ է, որ դրանից զրկելը կարող են համարել ձեր հարցերը լուծած՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Քանի որ իրենց 90 տոկոսը խորհրդարան եկել է անհայտությունից, իրենց թվում է, թե դա ինձ համար մեծ ողբերգություն ու դժբախտություն կլինի: Ես լինելու եմ շատ ավելի ազատ այլեւս՝ ազատվելով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնից բխող որոշ սահմանափակումներից:

Ինչ վերաբերում է իրենց անաչառությանը, եթե ես իրենց հարգեի, իրենց կուղղեի այս հարցը, բայց քանի որ չեմ հարգում, հանրությանն եմ ուղղում՝ երբ որ Նիկոլ Փաշինյանը դատավորներին անվանում էր վնգստացողներ, երբ որ ժողովրդին բաժանում էր սեւերի եւ սպիտակների, ծեփում էր պատերին, խփում էր ասֆալտներին, պինցետով հանում էր պլինտուսների տակից, երբ որ մեր փայլուն դիվանագետներին անվանում էր «կոշիկ լպստողներ», այդ ժամանակ իմքայլականների մեջ ինչո՞ւ չզարթնեց արժանապատվություն՝ Նիկոլ Փաշինյանի վստահության հարցը դնելու եւ էթիկայի հանձնաժողով դիմելու համար:

Երբ որ ԱԺ կին փոխնախագահը իր պաշտոնական էջում դնում է կամուֆլյաժ հագած կասկածելի «ֆեյք զինվորականների», ովքեր ամենազազրելի հայհոյանքներն են տալիս ընդդիմության հասցեին ու նրանցից մեկը ասում է՝ «Նաիրա Զոհրաբյան, ներքնաշորս ուտես», այդ ժամանակ, հարց եմ տալիս, ինչո՞ւ իմքայլականներից որեւէ մեկը չբարձրացրեց Լենա Նազարյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկելու հարցը դնելու քվեարկության: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է Նիկոլի կողմից, ով չի հանդուրժում իր հանդեպ քննադատություն, ուզում է բոլոր հնարավոր միջոցներով ճնշել ընդդիմախոսներին ոնց կարող է:

Օրինակ, Ծառուկյանի նկատմամբ անընդհատ քրգործեր հարուցելով, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելով: Իրենց համար պաշտոնը գերագույն արժեք է ու իրենց թվում է՝ երկուշաբթի կոճակը սեղմելով՝ անելու են ինձ ամենամեծ վատությունը: Դուք ինձ լավություն եք անելու, որովհետեւ դեռ ամիսներ առաջ ուզում էի կամավոր դուրս գալ, բայց իմ գործընկերների հորդորով թույլ եմ տվել, որ դուք դա ձեր ձեռքով անեք, որպեսզի միջազգային կառույցներում ես հերթական լծակն ունենամ ասելու, որ դուք քաղաքական հետապնդման եք ենթարկում բոլոր նրանց, ովքեր համարում են, որ Նիկոլը հանձնել է հայրենիքը եւ նիկոլականություն աղանդը մեր երկրի պետականությունը կործանող աղանդ է: Ես եւ իմ համախոհները դա թույլ չենք տալու»:

Մենք հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ի նշան համերաշխության, հատկապես որ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այս խորհրդարանին կարճ ժամանակ է մնացել, ձեր երկու գործընկերները եւս՝ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը հրաժարվեն ԱԺ փոխնախագահի ու հանձնաժողովի նախագահի իրենց պաշտոններից՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես որեւէ բարոյական իրավունք չունեմ իմ գործընկերներից նման բան պահանջելու: Ամեն մեկը ինքն է որոշում իր անելիքը: Ես ցանկացել եմ, որ իմքայլականները իրենք ինձ զրկեն իմ պաշտոնից, որ լինեմ շատ ավելի ազատ եւ սկզբունքային»:

Հարցին՝ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների հետ կապված արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ ովքեր գնան ու մասնակցեն, իր հետ ստորագրելու են «կապիտուլյացիայի» տակ, դուք մասնակցելո՞ւ եք, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը հնչել է երեկ, մենք մեր խմբակցությունում դա չենք քննարկել: Ես իմ անձնական կարծիքն ունեմ, որն այս պահին չեմ հրապարակի, որովհետեւ ես թիմի անդամ եմ; Երբ մեր խմբակցությունը հարցը քննարկի, մեր պատասխանը կհրապարակենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031