Լրահոս
Օրվա լրահոսը

Այն գործոնները, որոնք ազդել են տնտեսական անվտանգության մակարդակի վրա, մոտակա ժամկետներում կսկսեն արդեն ուղիղ ազդեցություն ունենալ․ «Փաստ»

Դեկտեմբեր 26,2020 11:10

«Փաստը» տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի հետ ամփոփել է տնտեսական տարին՝ անդրադառնալով անցնող տարում մեր երկրին բաժին հասած ցնցումներին, առկա իրողություններին ու հնարավոր նոր մարտահրավերներին:

«Ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսը թողել ու դեռ շարունակում է թողնել իր սոցիալ-տնտեսական հետևանքը մեր երկրի վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ համաճարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված մեր արձագանքն անհամաչափ էր: Եվ պարզ է, որ այս պարագայում տնտեսական շոշափելի հետևանքներ էինք ունենալու: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն դեռ տնտեսությանը շոշափելի հարված չի հասցրել՝ հաշվի առնելով նախ այն, որ մինչ պատերազմն էլ օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ հոսքեր չունեինք:

Կապիտալի խոշոր արտահոսքի հետ կապված ևս դեռ տեղեկություններ չկան: Հակառակը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ֆինանսական մեծ հոսքեր եկան երկիր, առևտրաշրջանառությունը մեծացավ, հարկեր գեներացվեցին: Այդուհանդերձ, պատերազմը արդեն հարվածել է մեր տնտեսական անվտանգության մակարդակին՝ մի քանի բաղադրիչներով»,-մեզ հետ զրույցում նկատեց տնտեսագետը: Թվարկելով մի քանի կողմից տնտեսությանը հասցված հարվածները՝ նա առաջինը բանկային համակարգին անդրադարձավ. «Հայտնի է, որ ՀՀ բանկային համակարգը վերաֆինանսավորել էր Արցախի բանկային համակարգին: Խոսքն ավելի քան մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է: Նախնական հաշվարկներով, մոտ 600 միլիոն դոլար կորել է այն տարածքներում, որտեղ տարբեր ծրագրեր են ֆինանսավորել ու վարկավորել:

Դրանք կորած գումարներ են, ինչը հարված կլինի մեր ֆինանսական անվտանգությանը, առանց այդ էլ բարդ վիճակում գտնվող բանկային համակարգին: Լուրջ ու ծանր հարված ենք նաև հասցրել պարենային անվտանգությանը: Միայն ցորենի առումով մոտ 50 հազար հեկտարից ավելի տարածք ենք կորցրել, որը տարեկան միջինը 100-150 հազար տոննա ցորեն էր ապահովում: Դրան գումարած՝ պտղատու մրգերի հազարավոր հեկտարներ, այգիներ ենք կորցրել, ինչը ևս մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա: Հարված ենք ստացել էներգետիկ անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ թշնամու տարածքում մնացած ՀԷԿ-եր ունենք: Սոցիալական անվտանգությանն է լուրջ հարված հասցվել. ավելի քան 40 հազար մարդ անտուն է մնացել, իսկ այսօրվա տնտեսական, անվտանգային իրավիճակը չի խրախուսում նրանց գնալ և Արցախում նորից տուն-տեղ ստեղծել:

Այս բոլոր գործոնները, որոնք ազդել են տնտեսական անվտանգության մակարդակի վրա, մոտակա ժամկետներում կսկսեն արդեն ուղիղ ազդեցություն ունենալ»:

Տնտեսագետը շեշտեց ռեալ քաղաքականության վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին: «Պատերազմի հետևանքով սահմանները փոփոխվեցին, սահմանների ճշգրտում է տեղի ունենում, կտրուկ ավելանում է սահմանամերձ բնակավայրերի քանակը: Այդ բնակավայրերում տնտեսական ներուժի կտրուկ անկում կլինի, մասնավորապես՝ գյուղատնտեսության անկում: Սահմանամերձ բնակավայրերում սոցիալ-տնտեսական խնդիրները խորանալու են, ինչը էլի անդրադառնալու է մեր տնտեսության վրա:Սրան գումարենք նաև ֆինանսատնտեսական խնդիրները: Բազմիցս ենք խոսել կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից տուժած ոլորտների խնդիրների մասին, հիմա գումարվում է պատերազմը, որի հետևանքով առաջացած խնդիրները շատ մեծ հարված են նաև բանկային համակարգին:

Ֆինանսական համակարգն էլ է հայտնվել շատ բարդ իրավիճակում, որը էլի ուղղակի ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Ըստ էության՝ մի քանի կողմից հարված է սպասվում տնտեսությանը, որոնցից պաշտպանվելու համար նախ պետք է գույքագրել խնդիրները: Օպերատիվ աշխատանք է պետք, բայց չկա տեղեկություն, թե ինչ աշխատանք է տարվում կամ առհասարակ տարվո՞ւմ է, թե՞ ոչ: Կորցրածն այս պահին հետ բերել չի լինի, պետք է եղածը պահել, և այս առումով առաջինը ֆինանսական, տնտեսական հարցերը պետք է լուծել, որ մեր վիճակն ավելի չվատանա, ավելի չգլորվենք: Այո, աքսիոմա է՝ քաղաքական անկայունությունն իր տնտեսական հետևանքները թողնում է, ինչն անխուսափելի է:

Առաջնային խնդիրն, իհարկե, քաղաքական կայունության հաստատումն է, որն ազդում է ներդրումների հոսքի վրա, թեպետ նշեցի՝ այնպես չէ, որ ունեինք, հիմա էլ կրճատվել է: Ազդում է նաև կապիտալի խոշոր արտահոսքի վրա: Կարճաժամկետ կտրվածքով այս առումով դեռ էական ազդեցություն չկա, բայց եթե քաղաքական անկայունությունը ձգվի, միջնաժամկետ կտրվածքով չի կարող բացասական հետևանք չունենալ տնտեսության վրա»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031