Դեկտեմբերի 25-ից սկսած արտակարգ իրավիճակների նախարարությունը, տեղեկացնելով հանրապետության ավտոճանապարհների վիճակը, նշում է նաեւ Տաթեւ–Աղվանի–Կապան ավտոճանապարհի մասին։ Նշենք, որ նշված հատվածը Երեւան–Գորիս–Կապան–Մեղրի միջպետական ճանապարհի այլընտրանքային հատվածն է, որը շրջանցում է Գորիս–Որոտան—Շուռնուխի հատվածը։
Երեւան–Մեղրի Մ2 միջպետական հիմնական ճանապարհն անցնում է Որոտանով ու Շուռնուխով, եւ այս օրերին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը այդ հատվածով երթեւեկողներին նախազգուշացնում է ճանապարհին կասկածելի դեպքեր նկատելիս զանգահարել ԱԱԾ թեժ գծին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեր հարցմանը ի պատասխան նշեցին, որ վերջին երկու օրերին ավելացել է ավտոմեքենաների հոսքը Տաթեւ–Աղվանի–Կապան ուղղությամբ, ինչի համար էլ տրվում է տեղեկատվություն։ «Այդ ճանապարհը այնքան էլ բարվոք չէ, գրունտային է եւ մեկ օր առաջ խցանում էր այդտեղ։ Այդ իսկ պատճառով որոշվեց վարորդներին տեղեկացնել ճանապարհի իրավիճակի մասին»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
Վերջինիս հավաստմամբ, եթե հանրապետության ավտոճանապարհների որեւէ մի ուղղությամբ էլ ավելանա մեքենաների հոսքը, ապա այդ հատվածի մասին էլ ամենօրյա պաշտոնական հաղորդագրության մեջ կտեղեկացվի։
Կարդացեք նաև
Ի դեպ, երեկ երեկոյան, ժամը 19.20-ին նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դժվարանցանելի է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածը (կա մոտ 60 կուտակված բեռնատար ավտոմեքենա): Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նշված ժամին ճանապարհին գտնվող ուղեւորներից մեկը, ճանապարհը ծանրաբեռնված էր Կապան տեղափոխվող զինվորականների ավտոմեքենաներով։
Մեր զրուցակցի խոսքով, նրանց տեղեկացրել են, որ N բանակային կորպուսի զինծառայողներն են, որոնց տեղափոխում են սահմանները պաշտպանելու համար։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ