Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմից բանկերում ներդրվող ավանդները նվազում են, մյուս կողմից դրամով ավանդները վերածվում են դոլարայինի․ «Ազգ»

Դեկտեմբեր 26,2020 10:31
vark

Մի կողմից բանկերում ներդրվող ավանդները ամսե-ամիս նվազում են, մյուս կողմից՝ դրամով ավանդները վերածվում են դոլարայինի: Այսինքն, բանկերն ավելի քիչ գումարներ են ստանում վարկեր տրամադրելու համար եւ խորանում է դոլարիզացիան՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ներկայացնենք, թե վերջին ամիսներին ինչպես են փոխվել բնակչությունից ներգրավվող ավանդների չափերը:

Սեպտեմբերի վերջին, նախորդ ամսվա նկատմամբ բնակչությունից ներգրավված ավանդները նվազել են 7 մլրդ 489 մլն դրամով կամ 0,4 տոկոսով: Հոկտեմբերին նվազման գործընթացը խորացել է: Հոկտեմբերի վերջին բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է արդեն 69 մլրդ 900 մլն դրամով կամ 4,1 տոկոսով: Ի՞նչ է անում այս գործընթացին դիմագրավելու համար Կենտրոնական բանկը: ԿԲ-ն բարձրացնում է երաշխավորված ավանդների չափը: Սեպտեմբերի 28-ին այդպիսի որոշում է ստորագրել ՀՀ նախագահը: Ըստ այդ որոշման.

ա) Դրամային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափը՝ տասնվեց միլիոն հայկական դրամ:

բ) Արտարժութային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափը՝ յոթ միլիոն հայկական դրամ:

Ինչպես նաեւ, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ տասնվեց միլիոն հայկական դրամով: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Նշված սահմանաչափերը ուժի մեջ են մտել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից եւ տարածվում են նաեւ ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա: Մինչ այդ, երաշխավորված ավանդների չափերը 10 մլն դրամ էր դրամային ավանդների դեպքում եւ 5 մլն դրամ՝ արտարժույթով ավանդի դեպքում:

Այսինքն, նոր որոշմամբ խրախուսվում է ընդհանրապես ավանդներ բանկերում ներդնելը եւ մասնավորապես՝ դրամով ավանդները: Սակայն արդյո՞ք դա բավարար է, որպեսզի ավանդները «չփախչեն» բանկերից՝ չխոսելով արդեն ավելանալու մասին: Թերեւս՝ ոչ: Դրամի արժեզրկման ներկա վիճակը, տնտեսական անկումը, անվստահությունը տնտեսության հեռանկարի նկատմամբ հակառակ արդյունքն են տալիս, ինչը երեւում է նաեւ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:

Սրանք ներկա պահին մեր տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական զարգացումների մի մասն են ընդամենը: Զարգացումներ, որոնց դիմագրավելու ցանկություն եւ կարողություն ներկա իշխանությունը չունի:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031