«Բավականին մանիպուլյատիվ քննարկում է գնում, դիտավորյալ կամ անզգուշությամբ: Իրականում սահմանների ու տարածքների հարցը պետք է իրարից տարանջատել: Վերցրեք միջազգային իրավունքի ցանկացած դասագիրք ու կտեսնեք, որ այնտեղ սահմանների ու տարածքների կարգավիճակի հարցերն առանձին հարցեր են ու կարգավորվում են միջազգային օրենքներով»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ներկայումս Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման խնդիրներին, ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, միջազգային և հանրային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ երկրորդ շերտը, որտեղ էլի առաջանում է մեծ խաբեություն, կոնֆլիկտի համապարփակ լուծման, կարգավորման ու խաղաղության և հրադադարի սահմանումների տարբերություններն են:
«Բերում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը: Բացեցի բնօրինակ փաստաթուղթը, որի մեջ Ադրբեջանի մասին կա առնվազն 70 նշում, և այդ օրենքում ասում է՝ հարակից է Ադրբեջանին: Չի ասում, որ Որոտան գյուղի 12 տունն Ադրբեջանինն են: Ոչ ոք երբեք պատմականորեն չի բարձրաձայնել, որ այդ տարածքները հարակից չեն Ադրբեջանին, բայց այստեղ 2 կարևոր խնդիր կա: Մինսկի խմբի ձևավորումից հետո որոշվել էր, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջնական լուծումը պետք է լինիի Մինսկի կոնֆերանսի ժամանակ: Հետևաբար՝ քանի դեռ չկա այդ կոնֆերանսը, որը կկարգավորի և ԼՂ կարգավիճակի, և տարածքի, և միջանցքների հարցը, ապա կարելի է համարել, որ այդ տարածքները, որպես այդպիսին, իրենց կարգավիճակով վիճելի են»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ փաստաթղթում գրված չէ, որ սահմանը պետք է անցնի հենց այդ գծով:
Անդրադառնալով սահմանը ԽՍՀՄ վարչատարածքային սահմաններին համապատասխանեցնելու խնդրին՝ Արամ Օրբելյանը նշեց, որ համաձայն չէ այդ մոտեցման հետ, քանի որ միջազգային իրավունքում հստակ կանոնակարգված չէ՝ ինչպես են գծվում ցամաքային սահմանները:
Կարդացեք նաև
«Երկրորդ՝ ԽՍՀՄ ո՞ր թվականի սահմաններով է գծվում հայ-ադրբեջանական սահմանը: Ինչ-որ մեկն ասում է՝ 1974թ․, և ինձ համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ: Ամենատրամաբանականն այն է, որ կամ ԽՍՀՄ մտնելու, կամ ԽՍՀՄ քայքայվելու սահմաններով պետք է գծվեն դրանք: Չի կարող մեջտեղի ինչ-որ տարեթվի սահմաններով գծվել: Բացի դրանից, եթե պետք է ԽՍՀՄ սահմաններով գծվեր, ապա այդ գործընթացն ավարտված կլիներ 1991թ.»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ հենց նույն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի պայմանագիրը վավերացվել է 2011թ., այսինքն՝ այդ երկրների միջև սահմանները գծվել են 20 տարի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը՝ 2015թ., և այլն, ու սա նշանակում է, որ սահմանազատման պրոցեսը բարդ, ոչ միանշանակ և երկարատև պրոցես է:
«Երկարատև է, որովհետև ձևավորվում են հանձնաժողովներ, պայմանավորվում, ձևավորվում են որոշակի սկզբունքների հիման վրա, բանակցվում են մոտեցումներ, որոնք կարող են լինել տարբեր: Այսինքն՝ նախ պետք է լինի դելիմիտացիա»,- նկատեց Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ սահմանի սահմանազատում չի եղել, և ինչ-որ մարդիկ իրենց քաղաքական շահերի համար պնդումներ են անում:
«Երկու հարևան իրար հետ սահմանային, պատի վեճ են ունենում, 10 տարի դատվում են: Ինչ-որ մարդիկ որոշել են, որ սահմանազատում կա, և դրանց մի մասը բարձր պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում, և ասում են, որ Ադրբեջանն իր տարածքներն է վերցնում: Մոտավորապես այ լոգիկան է»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ մենք Ադրբեջանի հետ չունենք համաձայնագիր, որի ընթացքում որոշված լինեն ընդհանուր սկզբունքները, սահմանային գիծը:
Արամ Օրբելյանի խոսքով՝ երկրորդ մեծ սուտն այն է, որ պատերազմն ավարտվել է, այնինչ դա այդպես չէ, և նոյեմբերի 9-ին ստորագրվել է հրադադարի մասին պայմանավորվածություն:
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Ադրբեջանը հաջորդ տարվա բյուջեով իր ռազմական բյուջեն ավելացրել է 550 միլիոն դոլարով: Այսինքն՝ նա արտահայտում է դիրքորոշում, որ պետք է Սյունիքն էլ տրվի Ադրբեջանին, Սևանա լիճն է, և ընդհանրապես «Էրիվանը» Արևմտյան Ադրբեջանի կենտրոն է եղել: Եվ եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ մեզ պաշտպանելու են, սխալվում են: Մենք ականատես ենք լինում «Կոլցո-2» օպերացիային: Այն ժամանակ այդպես ադրբեջանական օմոնը որոշեց հայաթափել Լեռնային Ղարաբաղին հարակից 20-ից ավելի գյուղեր: Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը սկսել է հայաթափել Հայաստանի կենտրոնական կարևոր մարզերը»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը՝ հատուկ ընդգծելով, որ մենք այս պահին էլ պատերազմի մեջ ենք:
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում