Ագրեսիան նոր չէ. սովետական տասնամյակներին անընդհատ էր կրկնվում եւ հանդիպում հայ կոմունիստ ղեկավարների խելացի, հեռատես, ինքնապաշտպանության հզոր բնազդ ունեցող պատասխանատուների դիմադրությանը: Սովետական պայմաններում անգամ նրանք այնպես էին արել, որ, օրինակ, ազերիները Շամշադինի շրջան կարող էին մտնել միայն կանաչի եւ բանջարեղեն վաճառելու, այն էլ՝ մինչեւ կեսօրվա ժամը 2-ը. ազերիներին թույլատրված չէր այնտեղ ապրել:
Նույնը՝ ավելի դժվարին պայմաններում, կատարվում էր Սյունիքում՝ Կապանում եւ շրջակա հինավուրց հայկական բնակավայրերում, որոնք այսօր, հատ-հատ, մաս-մաս, տուն առ տուն հանձնվում են թշնամու ողորմածությանը՝ վարչապետի աթոռը զոռով զբաղեցրած մոլագարի երեւակայության մեջ միայն գոյություն ունեցող «անվտանգության նկատառումներով»… Ամենեւին անվտանգ չէ Հայաստանը, պատերազմական դադար է միայն: Երեկ Ալիեւը զբոսնում էր Իշխանաձորում, վաղը ման կգա Կոռնիձորում: Էրդողանը իրականացնում է Դեմիրելի, Օզալի, Էնվերի, Քեմալի եւ մյուս ոճրագործների երազանքը՝ ոչնչացնել պահանջատեր հայությանը, մեր հիշողությունից ջնջել Ցեղասպանությունը, ստրկացնել վերջին պատառիկ մնացած մեր երկիրը, պետությունն ու ժողովրդին:
Դժնի ու դժբախտ այս կացության դիմաց շատերը, շատերս, պահանջում ենք մոլագարի հրաժարականը: Ճիշտ ենք անում, վաղուց, դեռ 44-օրյա պատերազմից էլ առաջ պետք էր նույնը պահանջած լինեինք: Ոչ միայն նրա հրաժարականը, այլեւ նրա մեղսակիցներինը, օտարամուտ եւ օտարոտի այն խմբակինը, որը 2,5 տարի ամեն բան արեց ներսից քայքայելու մեր պետությունը, բաժանելու, պառակտելու մեր ժողովրդին, կազմաքանդելու պետական կառույցները, թուլացնելու պաշտպանունակությունը, իրեն ենթարկեցնելու նաեւ Արցախը:
Պատերազմի ընթացքում եւ այնուհետեւ մեղսակիցների այդ խմբակին միացան նաեւ մեր գեներալները, որոնք ճագարների պես ենթարկվեցին մոլագարի քմահաճ հրամաններին, հանդուրժեցին նրա կնոջ քմահաճույքները: Նրանք պատմությունից չգիտեի՞ն, որ Հիտլերն անգամ, ի վերջո, ինքնասպան լինելուց առաջ հանցանքը գցել էր իր մեծատաղանդ գեներալիտետի վրա: Ինչո՞ւ պաշտպանությունը, մեր մարտունակ բանակի գործողությունների համակարգումը չվերցրեցին իրենց ձեռքը: Ինչո՞ւ թողեցին, որ մոլագարն զբաղվի իր չիմացած ու չհասկացած գործերով՝ պատերազմի հրահրում այն դեպքում, երբ թշնամին սպառազինության վրա ծախսել էր 24 մլրդ դոլար՝ մեր 4 մլրդ-ի դիմաց: Մի՞թե նրանք էլ էին կորցրել ինքնապաշտպանության բնազդը: Չգիտեի՞ն, որ մոլագարը մեղքը ի վերջո գցելու է իրենց վրա եւ արդեն գցում է. «Ես թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թիվ 1 մեղավորը չեմ»:
Կարդացեք նաև
Այդ բնազդը կորցրել է մեր ժողովրդի մեծ մասը, այլապես այսքան սակավաթիվ չէր լինի հրաժարական պահանջողների քանակը: Այս ընթացքով շուտով ավելորդ է դառնալու որեւէ պահանջ, որեւէ հրաժարում: Ինքնապաշտպանության բնազդից զրկված երկրում ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է վարչապետ:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում