Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Մասնագիտացված դատավորներ ունենալու գաղափարը լավն է, եթե չդառնա քաղաքական հետապնդումների գործիք․ «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 26,2020 09:05

ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է նախատեսել քրեական մասնագիտացում ունեցող առանձին դատավորներ, որոնք դատական վերահսկողություն կիրականացնեն միայն մինչդատական վարույթի եւ կոռուպցիոն հանցագործությունների գործերի նկատմամբ։

Մինչդատական վարույթը գործի նախնական քննության փուլն է, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացնում դատարան՝ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու, նրա բնակարանում խուզարկություն իրականացնելու եւ այլ գործողությունների թույլտվություն ստանալու համար։ Այլ կերպ ասած՝ նախարարությունն առաջարկում է ունենալ դատավորների մի խումբ, որը կքննի այդպիսի միջնորդություններ եւ որոշում կկայացնի դրանք բավարարելու կամ մերժելու մասին, եւ մեկ այլ խումբ, որը կքննի բուն քրեական գործեր եւ կկայացնի դատավճիռներ անձի մեղավորության կամ անմեղության մասին։ Բուն քրեական գործեր քննող դատավորների մեջ էլ առանձին խումբ կկազմեն կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորները։

Նախարարության հիմնավորմամբ՝ օրենսդրական այսպիսի փոփոխությունները կնպաստեն դատարանների գերծանրաբեռնվածության հաղթահարմանը, գործերի արդյունավետ քննությանը, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը կարծիք հայտնեց, որ տեխնիկական մասով նախագծի գաղափարը շատ լավն է, այն արդյունավետ ինստիտուտ է եւ կարող է շատ խնդիրներ լուծել, եթե միայն ճիշտ ծառայի իր նպատակին եւ չդառնա քաղաքական հետապնդումների գործիք որեւէ իշխանության ձեռքին։

Արմինե Ֆանյանի խոսքով՝ պրակտիկայում հաճախ է լինում, երբ որեւէ քրեական գործի ըստ էության քննությունը մակագրվում է այն նույն դատավորին, որը այդ գործի նկատմամբ մինչդատական վարույթում վերահսկողություն է իրականացրել․ «Ստացվում է, որ անձը, ով մինչդատական վարույթում հաստատել է, որ, օրինակ, կալանքի հիմքը կա, պայմանները կան, հետագայում պետք է այդ անձի մեղավորության կամ անմեղության հարցը քննարկի, բայց նախկինում կայացրած իր այդ դատական ակտով ինքն անուղղակիորեն դիրքորոշում է արտահայտել, որ այդ անձը առնչություն ունի այդ մեղադրանքին, ինչը ըստ էության քննության ժամանակ կաշկանդում է արդարացի որոշում կայացնել, եւ ոչ բոլոր դատավորներն են ի զորու այդ բարդույթը հաղթահարել»։

Ֆանյանը հիշեցրեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախկին կարգավորումներով կալանավորման միջնորդությունը քննած դատավորին չէր թույլատրվում հետագայում այդ քրեական գործի ըստ էության քննությունը իրականացնել․ «Կամ խուզարկության միջնորդություն է ներկայացվում, դատարանը բավարարում է, եւ բնակարանից ձեռք են բերվում հանցագործության գործիքներ կամ անձի՝ հանցագործությանը առնչություն ունենալու վերաբերյալ ապացույցներ, եւ հետագայում, երբ պաշտպանության կողմը վիճարկի այդ ապացույցները, հնարավոր է՝ բարձրացնի դրանց ձեռքբերման հարցը, այն ապացույցների, որոնք ձեռք են բերվել նույն այդ դատավորի որոշմամբ, այսինքն՝ սա իսկապես հետագայում խնդիր է առաջացնում»,- ասաց Ֆանյանը՝ նշելով, որ կան դատավորներ, ովքեր ունեն կանխակալ մոտեցում այն բոլոր գործերի նկատմամբ, որոնցով վերահսկողություն են իրականացրել մինչդատական վարույթում։

Նշված խնդիրները, ըստ նրա, ամենաառանցքայինը պիտի լինեին, սակայն նախագծում սրանց որեւէ անդրադարձ չկա։ Փոխարենը նշվում է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակային լինելը կանխատեսելի է դարձնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, ինչն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից: Նոր դատավորների հերթապահության ժամանակացույց եւս նախատեսվում է, բայց ըստ նախագծի՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալներ: Այս հանգամանքը Արմինե Ֆանյանը փաստարկված չի համարում․ «Ասում են՝ նշվելու է հերթապահ դատարանի նստավայրը, բայց չի նշվելու, թե ովքեր են դատավորները՝ դրանով իսկ ապահովելով կոռուպցիոն ռիսկի նվազում, բայց այսպես թե այնպես այդ դատավորների հաստիքները հայտնի են լինելու, նստավայրը նշվում է, այդ նստավայրում քրեական գործ քննող ինչքան դատավոր կա, բոլորը հերթապահ են, հետեւաբար կողմի համար ոչ թե կանխատեսելի է, թե ում կմակագրվի, այլ ինքը գիտի, որ այդքանից ինչ-որ մեկին է մակագրվելու, եւ այստեղ կոռուպցիոն ռիսկի նվազում ես չեմ տեսնում»։

 

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031