Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան․ «Սահմանադրության բարեփոխումները ճգնաժամի լուծման ճանապարհներից մեկն են»․ «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 26,2020 08:45

Այս տարվա փետրվարին ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներսում, ՀԺ-ի տեղեկություններով, քննարկումներ են ընթանում հանձնաժողովի աշխատանքը դադարեցնելու, բարեփոխումների մշակումը չշարունակելու հարցով:

Հանձնաժողովի 7-8 անդամներ հրաժարվում են աշխատել Սահմանադրության բարեփոխումների վրա՝ համարելով, որ հիմա դրա ժամանակը չէ, պետք է սպասել՝ երկիրը դուրս գա ճգնաժամային իրավիճակից:

Մեզ հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

«Կան նման կարծիքներ եւ դա բավական խնդրահարույց է: Երբ որ բարձրացվեց հանձնաժողովի ստեղծումից հետո արված աշխատանքի ամփոփման հարցը, որի կապակցությամբ պետք է նիստ հրավիրվի, շատերը կարծիք հայտնեցին, որ պետք է չշարունակել բարեփոխումների մշակումը: Խոսքն, իհարկե, սաբոտաժի մասին չէ, սակայն կան մարդիկ, ըստ որոնց հիմա ռեֆորմի ժամանակը չի: Ճիշտն ասած, անձամբ ես խորհրդակցել եմ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, մենք համակարծիք ենք եղել, որ հակառակը՝ ռեֆորմը պետք է իրականացվի»,- ասաց Իոաննիսյանը:

Թեեւ վերջնական որոշումը վարչապետինն է՝ հանձնաժողովի հետագա գործունեության հետ կապված, սակայն Իոաննիսյանը վստահ է՝ Սահմանադրության բարեփոխումները ճգնաժամի լուծման ճանապարհներից մեկն է:

«Ասում են ճգնաժամը պետք է լուծվի՝ նոր այս հարցերին անդրադառնանք, բայց ես համարում եմ, որ սահմանադրական փոփոխությունները ճգնաժամի լուծման ճանապարհներից մեկն են միջնաժամկետ, կարճաժամկետ եւ երկարաժամկետ առումով: Մենք պետության, պետականության, ժողովրդավարական ապագա կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, եւ այդ վտանգի նվազեցման ուղղություններից մեկը սահմանադրական բարեփոխումներն են: Եթե մենք բարեփոխումները հիմա չենք իրականացնում, կարող է էլ երբեք չիրականացնենք: Եվ այս առումով, ինձ թվում է, մենք պիտի սահմանադրական բարեփոխումերով կանգնեցնենք այդ լրջագույն ռիսկը, նվազեցնենք ժողովրդավարական երկիր չունենալու հեռանկարի ռիսկը»,- ընդգծեց ՀԿ ներկայացուցիչը:

Հարցին՝ ձեր առաջարկած փոփոխություններից հատկապես ո՞րն է այդ վտանգը չեզոքացնում, Իոաննիսյանը պարզաբանեց.

«Շատերը խոսում են քաղաքական ճգնաժամից: Մեր առաջարկած փոփոխություննների մի զգալի հատված վերաբերում է հենց ուղիղ ժողովրդավարությանը եւ ժողովրդի կամարտահայտության հնարավորությունների լայնացմանը: Օրինակ, մենք առաջարկել ենք մեխանիզմներ, որ ստորագրահավաքների ինստիտուտը դառնա նորմալ գործող ինստիտուտ: Եթե այս ինստիտուտը լիներ նորմալ գործող, հիմա ստորագրահավաքով հնարավոր կլիներ պարզել, վեր հանել, արդյոք իշխանությունը ունի՞ հանրային աջակցություն, թե՞ ոչ, կամ ընդդիմությունը, 17 կուսակցությունները ունե՞ն հանրային աջակցություն, թե՞ ոչ, իշխանության որեւէ գործողություն ունի՞ հանրային աջակցություն, թե՞ ոչ, եւ այլն: Հանրաքվեների ինստիտուտը կդառնա ավելի գործուն, Ազգային ժողովի վերահսկման մեխանիզմները կդառնան ավելի գործուն, ինչը եւս էապես կնվազեցնի մի շարք ռիսկեր: Այսինքն եթե հիմա մենք ունենայինք ավելի լավ Սահմանադրություն, ավելի քիչ խնդիր կունենայինք: Եվ վաղը չէ մյուս օրը մենք ավելի քիչ խնդիր կունենանք, եթե վաղը ունենանք ավելի լավ Սահմանադրություն»:

Իոաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է հիմա հանրաքվե անցկացնել, եթե շատերն ասում են, որ նույնիսկ արտահերթ ընտրություն ներկա պայմաններում չի կարող իրականացվել:

«Եկեք հետեւյալը արձանագրենք. հանրաքվե հո հիմա չե՞նք անցկացնելու: Այս տեմպերով աշխատելու դեպքում հանրաքվեն կլիներ, օրինակ, հաջորդ տարվա վերջում: Մենք կաշխատեինք, կաշխատեինք ՝ մի տարի հետո կլիներ հանրաքվե: Մի տարվա գործ ունենք անելու, Սահմանադրությունը շըփ-թըփ անելու գործ չէ, դա լուրջ հարց է»,- ավելացրեց նա:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031