Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայերին սպանում են, եւ ոչ մեկի պետքը չէ»

Դեկտեմբեր 26,2020 13:30

1990-ական թվականներին մեր տարածաշրջնում արդեն ուրվագծվում էին այսօրվա գործընթացները, որոնց մասին գրել եմ 1993թ. «Ուրբաթ» շաբաթաթերթում «Մասնավոր դատողություններ» եւ «Ազգ» օրաթերթում «ՀՀ դիվանագիտության փորձաքարը. Քելբաջար» հոդվածներում։ Ներկայացնում եմ որոշ հատվածներ՝ նոր մեկնաբանություններով։

«Մասնավոր դատողություններ». ա/ «Վերակառուցումը» ձեռնտու էր Արեւմուտքին եւ նախկին ԽՍՀՄ կուսակցական հարստացած նոմենկլատուրային։ Նրանցից առաջինը շահագրգռված էր ԽՍՀՄ տրոհմամբ, այժմ նաեւ Ռուսաստանի մասնատմամբ՝ ընդհուպ Սիբիրի անջատումը։ Լենինի եւ Գերմանիայի միջեւ կնքված գործարքի ժամանակ բոլշեւիկները հանուն իշխանության ստիպված եղան զգալի տարածքներ զիջել, իսկ հետո որքան կարողացան, այնքան հետ վերադարձրին:

Նույնը կկրկնվի նաեւ այժմ, եթե «Դեմոկրատական Ռուսաստանը» ամրանա եւ սխալ չլինի «Վերակառուցման» վարպետների՝ Արեւմուտքի գործակալներ լինելու հանգամանքը։

1988-1994 թթ. Արցախյան շարժմամբ եւ պատերազմով ( 7000 զոհերով եւ հայկական 7 շրջանների ազատագրումով)սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզման եւ Արցախի անկախության գործընթացը, 2020 թ. արցախյան պատերազմով (մոտ 7000 զոհերով ու 7 շրջանների ու Արցախի կորստով) փորձ է կատարվում սկսել ԽՍՀՄ-ի տարածքների վերականգնման գործընթացը, որն առայժմ նպաստելու է թուրքական աշխարհի միավորմանը։

1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիան զավթեց Հայաստանի զգալի մասը, մնացած մասը բռնակցվեց Ռուսաստանին, այնպիսի սահմաններով, որ Հայաստանը Ռուսաստանից անկախ՝ երբեք չկարողանա ինքնուրույն գոյատեւել։ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերին հայ-թուրքական պատերազմում Հայաստանի դաշնակից Ռուսաստանի «չեզոքության» եւ Արեւմուտքի «լռության» պատճառով Հայաստանը պարտվեց։ Ռուս-թուրքական դավադիր դաշինքը՝ ազատագրված հայկական 7 շրջանների, Արցախի որոշ տարածքների կորստի եւ ՀՀ Սահմանադրության ոտնահարման հաշվին, զինադադարի պատրվակով Հայաստանին պարտադրեց անիրավազոր (միջազգային իրավունքի նորմերին եւ Մինսկի խմբի ձեւաչափին հակասող) «հայտարարություն»։ Ռուսաստանն այդ ամենը փորձում է արդարացնել հետագա արյունահեղությունը կանխելու հանգամանքով, կարծես ավելի վաղ չէր կարող կանխել։ Ճիշտ են այն վերլուծաբանները, ովքեր ՌԴ-ի այս քայլը համեմատում են 1944թ. Վարշավայի ապստամբությանը ռուսների «եղբայրական օգնության» հետ։ Ակնհայտ է, որ առանց ՆԱՏՕ-ի համաձայնության Թուրքիան եւ առանց Ռուսաստանի հավանության Ադրբեջանը պատերազմ չէին սկսի Արցախի դեմ։ 09.11.2020 թ. հայտարարությամբ հայությունը վերջնականապես կորցրեց ՌԴ-ի նկատմամբ իր երբեմնի հավատն ու վստահությունը, թեեւ ՀՀ դիմությունն ու ընդդիմությունը, հասկանալի պատճառով մրցում են իրենց «ռուսասիրությամբ»։ Իրականացավ Ադրբեջանի ձայնափող Իգոր Կորոտչենկոյի արտահայտությամբ. «Հայերի ձեռքով կրակից շագանակներ հանելու» Կրեմլի տենչանքը։

բ/ Արեւմուտքի համար՝ եթե Դեմիրել-Հոբլ պլանը իրականացնելու խնդիր առաջանա, ուրեմն, այն նախ Իրանի հետ կառնչվի, եւ միաժամանակ, ինչ խոսք, կծառանա նաեւ պանթուրքական գործոնը՝ որպես փոխհատուցում Թուրքիային, որը իր միջինասիական եղբայրների միջոցով նույնպես նպաստելու է Ռուսաստանի մասնատմանը եւ խոչընդոտելու է Ռուսական կայսրության վերականգնմանը։ Արեւմուտքը կարող է «Մեծ Թուրանի» գաղափարը սոսկ օգտագործել, բայց ոչ իրականացնել։

1920-1921 թթ. Աթաթուրք–Լենին հակահայ քաղաքականությունն առայժմ շարունակվում է Էրդողան-Պուտին համագործակցությամբ։ 1920 թ. Աթաթուրքը նորածին Ադրբեջանը նվիրեց Ռուսաստանին, պայմանով, որ Ղարաբաղը, Գարդմանը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը (Գ. Նժդեհը կանխեց Զանգեզուրի կորուստը) ընդգրկվեն Ադրբեջանի կազմում (քաջ գիտենալով, որ վաղ, թե ուշ Ադրբեջանը վերադառնալու է իր գիրկը), իսկ Ռուսաստանը Թուրքիային նվիրեց Հայաստանի զգալի մասը: Ըստ իս, չի բացառվում, որ այժմ էլ Թուրքիան Ադրբեջանը զիջի ՌԴ-ին՝ տրոյական փաթեթավորմամբ։ Չմոռանանք, որ Թուրքիան էլ էր պատրաստ մտնել Մաքսային միություն, քանզի կարելի է դեմոգրաֆիական եւ կրոնական էքսպանսիայի միջոցներով եւս մասնատել ՌԴ-ն ու տարածքներ գրավել։ Հիշենք՝ տարիներ առաջ Էրդողանն իր այդ ցանկության մասին հայտնել էր Նազարբաեւին։

Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալը մեզ չի փրկի նրա պանթուրքական նկրտումների զոհը դառնալուց։ Այժմ Թուրքիային բարոյադիվանագիտական տեսանկյունից կարող է սանձել միայն ՄԱԿ-ում Հայկական հարցի բարձրացումը, այլապես Արցախի հարցում նա ավելի ու ավելի սանձարձակ է դառնալու: Փաստորեն արցախյան շարժմամբ շահագրգռված է նաեւ Թուրքիան, քանի որ այն հայ ժողովրդին շեղում է Հայկական հարցից:

Միշտ էլ տուժել կամ պատմաբեմից անհետացել են այն ժողովուրդները, որոնք չեն կարողացել գիտակցել իրենց ազգային շահերը։ Դրա համար պիտի գործի ազգի հավաքական միտքը։ Հայ ժողովրդի հավաքական միտքը երեկ մթագնվում էր կոմունիստական, իսկ այսօր ՀՀՇ-ի եւ օտարածին այլ կազմակերպությունների եւ կրոնական աղանդների ապազգային քարոզչությամբ։

Եթե ԽՍՀՄ գոյության պայմաններում ինչ-որ տեղ արդարացվում էր Արցախի խնդրի մեկուսի բարձրացումը… որպես զուտ Ռուսաստանին առնչվող հարց, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ այն թափանցել է միջազգային ոլորտներ, բնականաբար, հանդես պետք է գա իր բնական տեսքով՝ որպես Հայկական հարցի բաղկացուցիչ մաս։

1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ 2020 թ. արցախյան պատերազմն ուղղված էր հատկապես Հայկական հարցի դեմ։ Նորից ակտիվացել են թուրքասերները՝ Ժիրայր Լիպարիտյանն ու ՀՀՇ- ՀԱԿ-ը, ովքեր Հայկական հարցը համարում են հեքիաթ։ Պատերազմի արդյունքում իրականացավ ՀՀ առաջին նախագահի փայփայած երազանքը՝ վերադարձնել տարածքները, թուրքերի հետ լավ լինելով հզորանալ։ Այ սա, իրոք, հեքիաթ է։ Սփյուռքի հայությունը պիտի հուսալի դաշնակիցներ գտնի, միջազգային քարոզչություն իրականցնի եւ 2013 թ. Թուրքիայի դեմ կազմած իրավաբանների համահայկական հայցը լրամշակի՝ ընդգրկելով ցեղասպան Ադրբեջանին եւ ներկայացնի միջազգային դատարան՝ իր բաղադրիչներով՝ Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչում եւ փոխհատուցում, հայանպաստ միջազգային պայմանագրերի ու ակտերի իրավունքների պաշտպանություն, հակահայ անիրավազոր պայմանագրերի վերանայում…

գ/1991 թ. Արցախի անկախության գաղափարը նույնպես դրսից էր հորդորվել, այլապես Հայաստանի իշխանությունները գոնե նախապես կխնդրեին, ասենք, Մադագասկարի կամ մեկ այլ երկրի ճանաչել Արցախի անկախությունը։ Ավելին, Հայաստանը ինքը ինքնուրույն չէ Արցախի ճանաչման հարցում։ Ճիշտ կլիներ, եթե արցախահայերը անկախության հանրաքվեի փոխարեն հանրաքվեով ամրապնդեին Հայաստանի եւ Արցախի վերամիավորման 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը: Անկախությամբ Արցախը հանձնվեց թուրքերի հոշոտմանը, եւ այժմ հայաթափվում է: …Տեղին է հիշել Ֆրանսիայի առողջապահության պետական նախարար Բեռնար Քուշների վերջերս արտահայտած կարծիքը. «ՀԱՅԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ, ԵՎ ՈՉ ՄԵԿԻ ՊԵՏՔԸ ՉԷ»։

Արցախյան պատերազմը հայերն ու ադրբեջանցիները չեն սկսել, որպեսզի իրենք էլ կարողանան առանց «երրորդ» ուժի դադարեցնել՝ Էլչիբեյ-Տեր-Պետրոսյան «յոլդաշությամբ», կամ առավել եւս՝ Ա. Բլեյանի «քիրվայական առաքելությամբ»։

ՀՀ-ն 1989 թ. դեկտեմբերի 1-ի՝ Արցախի ու Հայաստանի միացումից չպիտի հրաժարվեր, կամ էլ Արցախի անկախությունը պիտի ճանաչեր, բայց, հավանաբար, ՌԴ-ն չի թույլատրել ոչ մեկը, ոչ՝ մյուսը, այսօր էլ չի թույլատրում։ Մինչդեռ ՌԴ նախագահ Վ. Պուտինն արդեն քանիցս հեգնել է ասելով. «Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախի անկախությունըե։ Ավելին՝ ունենալով հեռահար նպատակներ, ենթադրվում է, որ ՌԴ-ն է արգելել ազատագրված 5 շրջաններն էլ ադրբեջանահայերով վերաբնակեցնել։

ե/ Մենք անկախ եւ ինքնուրույն քաղաքականություն վարող պետականություն արդ չունենք, այլապես մեր իշխանավորները… հանրապետության միջոցները կկենտրոնացնեին Իրանի հետ կապող երկաթուղի, գազամուղ կամ նավթամուղ կառուցելու համար… Տնտեսությունը հիմնովին չէին քանդի…։ Իսկ ժողովուրդն էլ թույլ չէր տա, որ մեր պետության «հասունացած այրերը» պատեհ ու անպատեհ առիթներով, նահատակ միլիոնների ու նրանց ժառանգների անունից ամեն տեղ հայտարարեին, թե մենք հողային պահանջ չունենք։ Կամենում ենք, թե ոչ, դժբախտություն է, թե պարտականություն, Հայկական հարցն այսօր դարձել է հայության ինքնությունը բնորոշող էական հատկանիշներից մեկը։ Սակայն ամենասարսափելին վաղվա օրվա նկատմամբ անորոշությունն է. բարոյալքվում է փաստորեն բախտի քմահաճույքին թողնված ազգաբնակչությունը, ընկնում է ազգային ոգին՝ ազատության եւ անկախության պաշտպանության երաշխիքը։

Արդեն ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմում ՌԴ-ն չպաշտպանեց իր դաշնակիցը եւ գաղութը հանդիսացող Հայաստանին եւ Արցախին՝ ռուս-թուրքական առեւտրի արդյունքում նորից ջարդվեց հայոց ազգային ոգին։ Այս հարվածն արթնացրեց անհոգության մեջ նիրհած հայությանը, մնում է վեր հառնել։ Վ. Պուտինը միջազգայնորեն Ուկրաինայի մախո կազմող Ղրիմի հանրաքվեի արդյունքներն ընդունում է, իսկ Արցախինը՝ ոչ։ Միթե՞ կարելի է ՌԴ-ին հուսալի դաշնակից համարել։ ՀՀ-ի հուսալի դաշնակիցն Իրանն է, եթե չեղարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցները։

ՀՀ դիվանագիտության փորձաքարը՝ Քելբաջար… Այսպիսով, «ստեղծվելիք թուրանական համագործակցությունը» Արեւմուտքի ձեռքին կդառնա հարվածային ուժ մասնատված Ռուսաստանի (նույնիսկ առանց Սիբիրի), Իրանի (առանց Ատրպատականի), Արաբական երկրների, ինչու չէ, նաեւ Չինաստանի դեմ։

09.11.2020թ. հայտարարությամբ Թուրքիան իրավունք ստացավ Հայաստանով անցնել Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա՝ իրականացնելու Արեւմուտքի (ՆԱՏՕ-ի) հեռահար ծրագիրը՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ։ Ռուսաստանն Արցախ մտնելով մասամբ մեղմեց, բայց չվերացրեց վտանգը, քանզի ՆԱՏՕ-ի դաշնակիցը նույնպես հաստատվեց Արցախում։

Արեւմուտքը փաստորեն ցանկանում է էլ ավելի բորբոքել ղարաբաղյան հակամարտությունը: Իսկ եթե Զանգեզուրը չի դրվում միջազգային դիվանագիտության զոհասեղանին, եւ հաստատվելիք նոր հարաբերություններում մեծանում է Հայաստանի դերն ու կշիռը, ապա հեռանկար է բացվում Հայկական հարցի մասնակի լուծման համար։

Բայց քանի որ Ռուսաստանը փորձ է կատարում վերականգնել ԽՍՀՄ-ի սահմանները եւ իր միջամտությամբ «կարգավորել» հայ-թուրքական հարաբերությունները, Հայկական հարցով առայժմ պիտի զբաղվեն հիմնականում սփյուռքահայերը։

Նորիկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031