Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը Կարբիում

Դեկտեմբեր 26,2020 12:30

Կարբին հին բնակավայր է: Աստեղ մարդն ապրել է անհիշելի ժամանակներից: Այն հիշատակվում է 5-րդ դարում, երբ այստեղ է այցելել լուսահոգի Մեսրոպ Մաշտոցը: Բնակավայրը ուշ միջնադարում արդեն գավառի վարչական կենտրոնն էր եւ ուներ 10-ից ավելի եկեղեցիներ ու մատուռներ, որոնցից ամենանշանավորը գյուղի կենտրոնում կանգուն Սբ Աստվածածին եկեղեցին է: Այն արտաքինից ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկա է, երկթեք տանիքով, ներսից չորս կենտրոնական մույթերով, որոնց վրա հենվում են թաղակիր կամարները: Նրա արեւելյան մասում կիսաշրջան խորանն է, բեմով, որի երկու կողմերում մեկական թաղակապ ավանդատներն են: Եկեղեցու արեւելյան մասում, թեքությամբ, կանգուն է 13-րդ դարում կառուցված զանգակատունը:

1679 թ. հունիսի 4-ի Արարատյան (կամ Գառնիի) երկրաշարժը իր ավերիչ ներգործությունն է ունեցել նաեւ այստեղ: Հովհաննավաքում գործող ականատես պատմիչ Զաքարիա սարկավագ Քանաքեռցին դառը կսկիծով ու տրտմությամբ է նկարագրել երկրաշարժի մանրամասները. «Յանկարծակի գոռաց երկիր որպէս ամպքն. յետ գոռալոյն ահագին թնդմամբ շարժեցաւ. երկիրն Արարատեան առհասարակ դողայր եւ երերիւր… Եհաս շարժն մինչ ի գիւղաքաղաքն Կարբի, եւ 3 արք (մարդ) մեռան»:

Այդ երկրաշարժից հիմնահատակ կործանվում է գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել էր 13-րդ դարի սկզբում: Այն հիշատակվում է 1278 եւ 1304 թթ., երբ այստեղ ձեռագրեր է բազմացրել Մկրտիչ քահանան: Ըստ զանգակատան 1331 թ. արձանագրության, Հակոբ Դեղիրիցենցը իր դստեր հետ եկեղեցուն էր նվիրել իրենց ընծան: Երկրաշարժից հետո, 1691-1693 թթ., կարբեցի մեծահարուստ պարոն Այվազը նոր եկեղեցի է կառուցում, ոչ թե հնի տեղում, այլ զանգակատան արեւմտյան մասում եւ շինությունում օգտագործում է ավերված եկեղեցու սրբատաշ քարերն ու շրջակա գերեզմանոցից մի քանի խաչքարեր: Վերջիններիցս երկուսը 15-րդ դարի են եւ կերտված են նշանավոր վարպետ Հովհաննեսի կողմից ու դրված են արեւմտյան մուտքի երկու կողմերում: Ահա այսպես զանգակատունը մնաց կանգուն եկեղեցու արեւելյան մասում: Այսօր էլ զանգակատան արեւելյան մասում նկատելի են հին եկեղեցու հիմքերից հատվածներ:

17-րդ դարում Կարբին վաճառաշատ, շեն ու բարգավաճ բնակավայր էր, որը պատմական աղբյուրներում նշվում է, որպես գյուղաքաղաք (կամ քաղաքագյուղ, ավան) եւ ուներ շուրջ 6000 շունչ բնակչություն: Այստեղ ստեղծվում էին բազում մշակութային արժեքներ, ընդօրինակվում ձեռագրեր:

1679 թ. երկրաշարժից վնասվում են Կարբիի մյուս՝ Սբ Գրիգորը Լուսավորիչ, Սբ Պողոս-Պետրոս, Սբ Հրեշտակապետաց, Սբ Կիրակոս, Ծիրանավոր, Թուխ Մանուկ եկեղեցիները, մի շարք բնակելի ու արտադրական կառույցներ, Քասախի կիրճում ջրաղացներ եւ այլն:

Հետագայում, Կարբիում զգացնել են տալիս 1827, 1840 եւ 1918 թթ. երկրաշարժերը, իսկ 1988 թ. Սպիտակի աղետից կործանվում է Քասախի կիրճում Թուխ Մանուկ մատուռը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

Լուսանկարում՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

«Առավոտ» օրաթերթ
25.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031