Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղ անապատ է, ծաղկի սերմեր ուղարկեք՝ ցանեմ». 19-ամյա հերոս

Դեկտեմբեր 26,2020 12:00

Ժորժ Արսենի Գեւորգյանը ծնվել էր 2000թ. դեկտեմբերի 26-ին, Քաջարանում: Ժորժի մասին խոսել ենք նրա քրոջ՝ Կիմայի հետ:

«Հումորով էր, բայց ամեն մարդու մոտ չէր, որ ծիծաղում էր: Մեծ շրջապատ ուներ եւ ամեն վայրկյան պատրաստ էր օգնել ընկերներից յուրաքանչյուրին: Միշտ կիսվում էր ունեցածով»,-ասում է մեր զրուցակիցը:

Քույրը հիշում է եղբոր հետ անց կացրած ամեն վայրկյանը, չարաճճիությունները. «Երբ տանը ինչ-որ առիթ էր լինում, Ժորժը սեղանից «գողանում էր» երշիկները եւ գաղտնի ուտում կամ լցնում էինք գրպաններս՝ հետո ուտելու համար:

Մի անգամ մանկապարտեզի բակում խողովակով ջուր էր տեսել եւ սկսել ջրել ինձ, եւ մինչեւ կգային, որ մեզ տուն տանեին, մենք արդեն տանն էինք: Դպրոցում լավ էր սովորում, բոլոր ուսուցիչները սիրում էին նրան, շատ ընդունակ էր: Շատ էր սիրում մաթեմատիկա, անգլերեն, գրականություն: Սիրում էր նաեւ գրքեր կարդալ, հատկապես ռուսերեն: Այնքան բարի սիրտ ուներ, որ ամբողջ դպրոցին կոնֆետներ էր բաժանում»:

2018թ.-ին Ժորժն ավարտեց դպրոցը, ընդունվեց Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա բաժինը: 1 կիսամյակ սովորելուց հետո՝ 2019թ. հունվարին զորակոչվեց բանակ: Սկզբից ծառայել է Գյումրիում, ապա տեղափոխվել Արցախի Հանրապետություն՝ Հադրութի շրջան:

Քույրն ասում է ծաղկի սերմեր էր ուզել տանից, ասել էր. «Ստեղ ոնց որ անապատ լինի: Ծաղիկները աճեցրել էր, նույնիսկ սոխ եւ սխտոր էր աճեցրել: Զատկի տոնին սեղանն ինքն էր զարադարել եւ ձվերն էլ ներկել էր հենց իր աճեցրած սոխի կլեպով: Ժորժը չէր բողոքում ոչ մի բանից, ամեն անգամ, երբ զանգում էր` ասում էր լավ եմ եւ սկսում էր մեզանից հարց ու փորձ անել, չէր պատմում իր մասին: Պատերազմի ժամանակ նշանակվել էր դասակի հրամանատար, քանի որ զոհվել էին նրանց 2 հրամանատարները: 40 օր քնապարկում էր քնել, եւ մենք տեղյակ չէինք, միշտ ասում էր ամեն ինչ լավ է»:

Ժորժի հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 1-ին: 3-4 օր լուր չունենալուց հետո սկսել են անհանգստանալ եւ նոյեմբերի 6-ին տեղեկացել, որ ծանր վիրավորում է ստացել, պատրաստվում են տեղափոխել, սակայն ավելի ուշ իմացել են, որ զոհվել է: Քրոջ համար ցավալին այն էր, որ եղբորը տեսել է 2019թ. ամռանը:

Երբ հարցրինք, թե էլի բան ունի ավելացնելու եղբոր մասին, քույրը պատասխանեց. «19 տարի ապրած մարդու մասին ի՞նչ պատմես…»:

Մարիամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031