Լրահոս
Օրվա լրահոսը

«Հադրութն ու Շուշին կարող ենք ետ բերել միջազգային համաձայնագրերով»

Դեկտեմբեր 26,2020 14:30

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր: Նա վստահեցնում է, որ վարչապետը`անկախ նրա ով լինելուց, պարտադիր պետք է գնար Եռաբլուր: Հարցին` դեպի Եռաբլուր ծափերով, «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով, սգո անվանված երթը, որը ընդդիմախոսները անվանեցին «Եռաբլուրի գրավման օպերացիա», ի՞նչ բերեց առանց այդ էլ պառակտված հասարակությանը, նա պատասխանեց, որ «հին ժամանակաշրջանի» մարդ է մնացել եւ տեսել է, որ ցավի ժամանակ մարդիկ միավորվում էին եւ հակասությունների վետտո էր հայտարարվում այդ օրը: Օրինակ է բերում հայերի` ապրիլքսանչորսյան համախմբումը: Այս համատեքստում, Հովհաննես Իգիթյանը շատ կցանկանար, որ այդ ողբերգական օրը նույնպես այդպես լիներ. «Եկեք մեղավորներ չփնտրենք` մեկն այսպես էր ասում, մյուսը`ասում էր`չպիտի գաս… Եթե այդ օրը մենք մեր մեջ չգտանք այդ մեծահոգությունը, նշանակում է, որ իրապես խնդիր կա»:

Հովհաննես Իգիթյանն, ի դեպ, Եռաբլուր չի գնացել, քանի որ առողջական խնդիր ունի, երկար քայլել չէր կարող:

Հայաստանում սկսված «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերի մասին խոսելով, Հովհաննես Իգիթյանն ասում է, որ ազգը անձի շուրջ չի միավորվում, այլ գաղափարի. «Բայց սա չի նշանակում, որ ես մերժում եմ քաղաքական պայքարը: Ես ընդունում եմ, որ ամեն մի մարդ, ամեն մի հոգեւորական, իրավունք ունի քաղաքական պայքար մղելու`առանց բռնության: Ես մի բան եմ ուզում, որ մեր պետությունն օրենքով աշխատի: Ես չեմ ուզում, որ մեր ոստիկանը ոչ համաչափ ուժ կիրառի որեւէ մեկի դեմ: Բայց ես չեմ ուզում նաեւ, որ մի քանի հոգի փորձեն մարդկանց մի մասին անախորժություն, անօրինականություն պատճառեն, քանի որ այստեղ ոստիկանությունը բավական բարդ վիճակում է հայտնվում»:

Հովհաննես Իգիթյանը չի ցանկանում, որ իր բնութագրմամբ` «ներքաղաքական աժիոտաժի մեջ» մեր հիմնական ուղերձները կորչեն: Իսկ դրանք, ասում է` հետեւյալն են. Հայաստանի եւ Արցախի դեմ կատարվածն անարդարություն էր, Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի դերակատարությունն այս իրավիճակում, անընդունելի ենք համարում այս իրավիճակը, որում Հայաստանի երկարատեւ անվտանգության հարցեր կան: «Ցանկացած երկրի, եւ հատկապես` չճանաչված երկրի անվտանգության համակարգը լուծվում է ոչ միայն բանակով, այլ ավելի շատ միջազգային իրավունքի բանաձեւերով: Կոսովոյում այսօր թե սերբական փոքրամասնությունը, թե ալբանցիների մեծամասնությունն իրենց ապահով են զգում, որովհետեւ աշխարհը իրենց համար գտել է մի մոդել, որը բանակը եւ խաղաղապահ ուժերը չեն: Աշխարհը գտավ նոր բանաձեւ, որը ըստ էության, կիսաճանաչումն է, որը աշխատում է: Մենք էլ պետք է փորձենք միջազգային այն մոդելը գտնենք, որը կապահովի Արցախում ապրող հայության, այդ թվում հադրութցիների, շուշեցիների անվտանգությունը: Բանակով այսօր անհնար է վերադարձնել Հադրութը Արցախի կազմ, բայց բանաձեւերով հնարավոր է, որովհետեւ նախկինում գործող բոլոր բանաձեւերով Հադրութն ու Շուշին Արցախի մասն էին: Եվ այնտեղից վռնդված բոլոր հայերը վերադառնալու իրավունք պետք է ունենան»:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մասին Հովհաննես Իգիթյանն ասում է. «Այդ փաստաթուղթը շատ անարդարությամբ եւ պարտադրված փաստաթուղթ է եւ դա բոլորն են ասում, այդ թվում նաեւ ՌԴ-ն: Բայց նույնիսկ այս անարդար փաստաթղթի կետերից մեկն այն է, որ փախստականները կարող են անվտանգ վերադառնալ իրենց տները: Ի՞նչ է, դա միայն ադրբեջանցիների՞ն է վերաբերվում: Այս հարցը բանակով չենք կարող լուծել»: Իսկ փաստաթղթի համար պատասխանատուների եւ մեղավորների մասին, Հովհաննես Իգիթյանը չի ցանկանում խոսել: Բայց ասում է, որ նույնիսկ Հադրութի շրջանի` Ադրբեջանին հանձնված վերջին երկու գյուղերը`Խծաբերդը եւ Հին Թաղերը, կարող էինք միջազգային փաստաթղթերով պաշտպանել. «Տեսանք, որ անգամ ռուսական խաղաղապահ ուժերը չկարողացան ապահովել այնտեղ ապրող հայերի`այդտեղ ապրելու իրավունքը: Բոլորը փորձում են մեղավորներ գտնել` ինչո՞ւ այդ երկու գյուղերն էլ տրվեցին: Մենք կարող ենք մեղավոր գտնել, ես փորձում եմ պատճառն ու լուծումը գտնել: Ես համարձակ ասում եմ, որ խաղաղապահ ուժերը, եթե մի փոքր շուտ մտնեին, հնարավոր է կարողանայինք պահել այդ գյուղերը»: Իսկ թե ինչո՞ւ ավելի վաղ չմտան ռուս խաղաղապահները`չի կարող ասել: Բայց վստահ է, որ եթե ամբողջ հայությամբ լծվենք խնդրի լուծմանը, որ հադրութցիները վերադառնան Հադրութ` երկարատեւ կյանքի իրավունքով, կհաջողենք:

«Այս պարագայում, երբ հասարակությունը ճեղքված է երկու մասի, ցանկացած միավորող գաղափար, ավելի հզոր է դառնում, իսկ այդպիսի գաղափարներ կան»,- ասում է Հովհաննես Իգիթյանը` հավելելով` եթե իր գաղափարները չեն ընդունվում`նշանակում է ինքն անելիք չունի քաղաքական դաշտում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին

«Առավոտ» օրաթերթ
25.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031