Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու օր գնացինք մանկապարտեզ, երրորդ օրը սկսվեցին մեր տանջանքները, լաց-կոծ, դեպրեսիա». ի՞նչ անի ծնողը՝ նման իրավիճակից խուսափելու համար

Դեկտեմբեր 25,2020 21:21

«Բալիկս  2.5 տարեկան է, երկու օր գնացինք մանկապարտեզ, երրորդ օրը սկսվեցին մեր տանջանքները, լաց-կոծ, մեքենայից չիջնել, կապտել ու դեպրեսիա»։ Ծնողների համար նախատեսված ֆեյսբուքյան տարբեր խմբերում ծնողներից շատերն են այսպիսի իրավիճակներ նկարագրում, որոնց հետ բախվել են: Մեկ այլ ծնող էլ նշում է, որ երեխան չէր ցանկանում գնալ մանկապարտեզ, մեծ սթրես էր ապրում, որոշեցին մանկապարտեզը փոխել՝ ավելի մեծ ըստ տարիքային խմբի, բայց ապարդյուն, քանի որ երեխան նորից գնում է լացով, ներս մտնում է արդեն մի քիչ լաց լինում, հանգստանում: Ծնողը նկարագրում է. «Արդեն երեք օր է անգամ իմ շորերն, իր գիշերային շորերը չի թողնում փոխեմ, գիտի, որ տանում եմ, տնից դուրս չի գալիս»։

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում հոգեբան Մարինե Մելոյանին փոխանցեց՝ շատ մայրիկներ դժգոհում են, որ իրենց երեխաները լացով են գնում մանկապարտեզ, մեծ սթրես են տանում: Ինչպե՞ս կարելի է խուսափել այս իրավիճակից: Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին: Նա պատասխանեց. «Երեխան երբեք հենց այնպես լաց չի լինում։ Մանկապարտեզում օրը շատ հագեցած և բազմաբովանդակ է անցնում։ Խնդիրը տան մեջ է. տանը քիչ ժամանակ են տրամադրում երեխային։ Երեխան պիտի շատ շփում ունենա մայրիկի, մանկապարտեզում ընկերների հետ։ Օրը սկսել հեքիաթներ պատմելով, խաղերով ճանապարհել մեծին և դիմավորել նույնչափ մեծ սիրով ու ջերմությամբ»:

Ծնողներից շատերը կարծում են, որ այս խնդիրներից խուսափելու համար պետք է մանկապարտեզներում ադապտացիոն շրջան լինի՝ գոնե մեկ-երկու շաբաթ, երբ ծնողը երեխային տանում ու նրա հետ սկզբի օրերին մնում է մանկապարտեզում մի քանի ժամ, հետո աստիճանաբար կրճատվում է այդ ժամանակահատվածը՝ ըստ երեխայի ադապտացիոն ընթացքի: Մարինե Մելոյանն այս առիթով ասաց. «Ադապտացիոն շրջանն իրականացնում է մայրը դաստիարակի հետ միասին։ Առավոտյան մի փոքր ուշ են գնում կամ մանկապարտեզից շուտ են վերցնում երեխային։ Սա համատեղ աշխատանք է։ Միայն մանկապարտեզը, դաստիարակը դժվար թե արդյունքի հասնեն։ Երեխային ինքնուրույն մեծացնել է պետք։ Նա սիրով պիտի հաճախի մանկապարտեզ, որն այնքան կարևոր է: Նույնիսկ լացով մանկապարտեզ գնացող երեխան հիանալի օր է անցկացնում այնտեղ»։

Հոգեբանից հետաքրքրվեցինք՝ նպատակահարմա՞ր է արդյոք մինչև 3 տարեկանը երեխային տանել մանկապարտեզ, թե՞ ցանկալի չէ, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր մայրիկ արդեն երջանիկ է իր բալիկով։ Իր կյանքի գոնե 3 տարին պարտավոր է նվիրել իրեն մամա կանչողին։ Մանկիկն ամենից շատ մոր կարիքն է զգում.սա գիտակցել է պետք։ Բացառությունները բացառենք։ Երեխան մոր խնամքն ավելի շատ ունի այդ տարիքում։ Երբեմն, ցավոք, մայրերը աշխատանքի բերումով, ստիպված են գնալ այդ քայլին։ Սակայն դա չի նշանակում, որ երեխան «զրկվում է» մոր սիրուց։ Պարզապես հետո՝ երեկոյան, մայրը պիտի կարողանա լրացնել այդ բացը։ Սեր է պետք տալ երեխային անկախ տարիքից։ Այս պարագայում՝սեր, ժամանակ, զբոսանք՝մաքուր օդ։ Մանկապարտեզը՝ շփումը հասակակիցների հետ, վարժանքները, դիդակտիկ խաղերը համապատասխան պարագաներով նպաստում են երեխայի զարգացմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031