ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2020 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակիչն իր երկու ընկերների հետ, իր կողմից վարած «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով, այցելել է Վանաձոր քաղաքում գործող խորտկարանի մոտ, ավտոմեքենան կայանել նշված վայրում՝ խաթարելով ճանապարհի բնականոն երթևեկությունը:
Այնուհետև իր հետ ավտոմեքենայում գտնվող երկու ընկերների հետ, խուլիգանական մղումներով, նախահարձակ է եղել խորտկարանի մոտ գտնվող երիտասարդների նկատմամբ, վիճաբանել նրանց հետ և խմբով, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, բազմաթիվ հարվածներ հասցրել նշված անձանց՝ ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
Կարդացեք նաև
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն և վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին