«Առավոտի» զրուցակիցն է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը
-Տիկին Եսայան, «Հայրենիքի փրկության շարժում»-ը կարծես այնքան էլ արդյունավետ չի։ Արդեն տեւական ժամանակ պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց նա կարծես չի պատրաստվում հեռանալ։ Ինչո՞ւ այսպես եղավ ։
-Նախ, քանի դեռ յուրաքանչյուր հայ մարդ չի ասել՝ պահանջում ենք եւ ոչ թե՝ պահանջում եք, արդյունք չի լինի։ Արձանագրենք կարեւորը՝ շարժման բուն նպատակը, հիմնաքարը Փաշինյանի հեռացումն է, իշխանության ղեկը նրա ձեռքից հանելը, քանզի այդ ղեկը նա անթաքույց ի չարս է օգտագործում, ընդդեմ Արցախի եւ հիմա էլ՝ ընդդեմ Հայաստանի հանրապետության։
Իմ անձնական կարծիքը հետեւյալն է, առաջին հերթին նա պետք է հեռացվի այդ ղեկից, քանզի միտումնավոր անընդհատ վթարների է հանգեցնում մեր երկիրը։ Նա վտանգ է ինքնին, նրա վարչապետությունը չարիքապետություն է, երկրի ապրած, իրականում՝ չապրած յուրաքանչյուր օրը, թուրքին հանձնվող յուրաքանչյուր գյուղը եւ տունը՝ ապացույց։
Կարդացեք նաև
Հաջորդը՝ հրապարակ նետված արտահերթ ընտրությունների թեման իմ կարծիքով ժամանակավրեպ է, շտապողական։ Մեր երկրին այս պահին ոչ թե արտահերթ ընտրություն է պետք, այլ՝ նոր բանակցող, նոր լիդեր, որը կկարողանա այսքան դաժան վթարներից հետո քիչ թե շատ շտկել իրավիճակը։ Իրականում, շարժումը հենց սրան էլ ձգտում է։ Հետեւեք հնչող կոչերին, կա՞ արտահերթի անցկացման որեւէ կոչ, չկա, հնչում են հայտնի կոչեր. «Առանց Նիկոլ Հայաստան» եւ «Դավաճան, հեռացիր»: Սա է հիմնականը։
-Սակայն, արտահերթ ընտրությունների թեմա եւս կա եւ, դատելով որոշ ելույթներից, կարծես կողմերը հենց դրան էլ պատրաստվում են։
-Ինքս չգիտեմ թե կողմերից ո՞վ կոնկրետ ինչի՞ է պատրաստվում, ինքս հրապարակ եմ գնում որպես մտահոգ քաղաքացի, որպես պարզ մարդ, ում հայրենիքը բզիկ-բզիկ է անում Փաշինյանը եւ անում է մտածված, ծրագրված եւ կանխավ նախապատրաստված։ Գնում եմ, որպեսզի նա ժամ առաջ հեռանա, որ չհասցնի թուրքին ամբողջությամբ մատուցել իմ երկիրը, իմ հայրենիքը, որ կարողանանք փրկել Արցախը, տեր կանգնել մեր արժանապատվությանը, մեր պատմությանը։ Վստահ եմ, Արցախն ու ՀՀ-ն ծախելու, ադրբեջանցու-թուրքի առաջ փռելու այս ծրագիրը նրան հանձնարարվել էր երկուսուկես տարի առաջ եւ հիմա իրականացնում է փուլ առ փուլ։
Վերադառնալով Ձեր հարցին՝ իրավիճակի իմ անձնական վերլուծությունները հանգեցնում են մեկ համոզմունքի՝ Փաշինյանը շատ արագ փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից եւ շարժումը, որը, իրավամբ ազգի փրկության, հայրենիք փրկության շարժում է, փորձեց խեղաթյուրել, ներկայացնել, որպես հների եւ նորերի պայքար։ Սա նրա հերթական մանիպուլյացիան է, չկա նման բան։ Բայց նրան ձեռնտու է այդպես ներկայացնելը, որպեսզի իր կողմից կուտակված ատելության հերթական չափաբաժինը ներարկի մարդկանց հոգիներից ներս։ Բայց, ով աչք ունի, տեսնում է, որ, այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում`ոչ ռեւանշ է, եւ ոչ էլ իշխանության համար պայքար։ Դա ճղճիմ հնարք է, որ հրապարակ է նետել իշխանական քարոզչամեքենան։ Եվ մեկը, եւ մյուսը շատ աննշան են հիմնականի առաջ, այն է՝ Հայրենիքի փրկությունը, Սյունիքի, Զանգեզուրի, Մեղրիի, Գեղարքունիքի, Երեւանի փրկությունը։
Ինչպես անցած բոլոր տարիներին, այժմ եւս վարչապետի աթոռը զբաղեցրածը փորձում է կեղծ օրակարգեր հրամցնել հասարակությանը եւ ներկայացնել որպես նախկինների եւ ներկաների կռիվ։ Չկա նման բան, կրկնում եմ, սա շատ ավելին է քան նրա պատկերացումները։ Ինքը, գուցե այնքան նեղմիտ է, որ այդպես է ուզում հասկանալ, բայց պնդում եմ , չկա նման բան։ Միակ նպատակը երկիրը փրկելն է, թուրքի ոտքը մեր հայրենիքից կտրելը։
-Իսկ արտահերթ ընտրությունների թեմա՞ն:
-Սա եւս նիկոլիզմի հերթական տրյուկն է, նա ճարպիկ աճպարարի պես բռնեց այս թեման եւ հիմա փորձելու է իր օգտին ծառայեցնել, անել այնպես, որ իրականացնի արտահերթ ընտրություններ եւ փորձի վերարտադրվել։ Այս պահին եթե կա մեկ անձ, մեկ ուժ, որին արտահերթի հրատապ անցկացումը ձեռնտու է եւ որը ձգտում է դրան, դա հենց Փաշինյանն է իր արբանյակներով։ Եվ եթե խոսում եք ռեւանշից, ահա ձեզ իրական ռեւանշի տիպիկ օրինակ՝ այսօր Հայաստանում ռեւանշի է ձգտում մեկ անձ եւ այդ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Նա հասկանում է, որ այլեւս չունի բավարար վստահություն, այլեւս իրեն անգամ չնչին տոկոս ձայն չեն տա, այդ պատճառով էլ շտապում է անցկացնել արտահերթ ընտրություններ, իշխանական ամբողջ ռեսուրսը իր օգտին ծառայեցնելու, կեղծելու եւ վերարտադրվելու նպատակով:
Եվ քանի դեռ վերջնականապես ուշ չէ, եւ սա տեղի չի ունեցել, պարտավոր ենք նրան ժամ առաջ հեռացնել իշխանության ղեկից: Հակառակը կնշանակի՝ արտագաղթ, երկրի թրքացում եւ կործանում։ Ամենեւին չեմ խտացնում:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լուսանկարը՝ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից