Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր երկրում չեն կարող լինել այս գույնի, այն գույնի մարդիկ, բոլորս մի գույնի ենք կամ եռագույն ենք»․ Գյումրիում հայտարարեց ՀՀ նախագահը

Դեկտեմբեր 25,2020 16:33

Այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա հանդիպեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, այնուհետեւ թեմի սոցիալ-կրթական կենտրոնում զրուցեց պատերազմում վիրավորած ժամկետային, պայմանագրային ու կամավորագրված զինծառայողների հետ։ Նախագահի խոսքը հուսադրող էր, նա հորդորեց չկոտրվել։

«Եկել եմ ասեմ, որ դուք իսկապես պարտված չեք, այլ հաղթած եք, որովհետև այն հնարավորությունը, ինչ դուք ունեիք և ինչ որ արեցիք, դա հաղթանակն է։ Դա ցույց տվեց, որ եթե դուք ուրիշ պայմաններում լինեիք, ուրիշ պայմաններ ունենայինք, զենք ունենայիք, հաստատ հաղթելու էիք», -ասաց նախագահը։

Արմեն Սարգսյանը նաև ասաց, որ վերջնական հաղթանակներ չեն լինում, ինչպես և չեն լինում վերջնական պարտություններ։

«Այո՛, այս պատերազմում մենք պարտվել ենք, բայց 26 տարի առաջ ձեր ծնողները հաղթել են, և հաղթել են ոչ թե նրա համար, որ նրանք ավելի հզոր են, ավելի նվիրված են, նույնը դուք եք, ձեզանից որևէ մեկը թող իրեն պարտված չզգա», -հորդորեց նախագահը։ Նա նաև հիշեցրեց հայտնի խոսքը՝ « երբեք մի ասա երբեք»։

Արմեն Սարգսյանն ասաց, որ 26 տարի առաջ հաղթել էինք ու ամեն օր հպարտանում էինք մեր հաղթանակով, ապրում էինք հաղթածի հոգեբանությամբ՝ չմտածելով, որ նորից պատերազմ է լինելու։

«Ցավոք, պիտի ասեմ, մենք պարտվեցինք․ 26 տարի ունեինք, որ պատերազմի պատրաստվեինք և հավատացել էինք, որ էլ պատերազմ չի լինելու», -ասաց նա։

Նախագահը մտերմիկ զրույց ունեցավ զինվորների հետ, նրանց հետ անձամբ ծանոթացավ։

«Ձեր ապագա հաղթանակները ձեր հետ են լինելու, չկասկածե՛ք։ Դուք պիտի ապրեք, աշխատեք, սովորեք, դառնաք մասնագետ, սպասեք այն օրվան, երբ որ ձեր հաղթանակը գալու է, ոչ թե սպասեք սպասելու համար, այլ պատրաստ լինեք։

Հաղթանակ տեսած մարդ եմ, 26 տարի հետո էլ տեսել եմ այս ամենն ու չգիտեմ՝ կկարողանամ նորից հաղթանակ տեսնել, բայց դուք հաստատ հաղթանակը տեսնելու եք», -վստահեցրեց նախագահը։

Նա նաև նշեց, որ մեր հաղթանակը կազմակերպված լինելու, իրար ձեռք բռնելու մեջ է․ մեր ժողովուրդն ուժեղ կամք ունի, իսկ մեր զինվորականները հաղթահարել են աշխարհի դժվարությունները։

«Մի քիչ կազմակերպված լինենք, մի քիչ իրար ձեռք բռնենք, մի քիչ անջատվենք հիմար բառերից, հայհոյանքներից, հասկանանք, որ մեր երկրում չեն կարող լինել այս գույնի, այն գույնի մարդիկ, բոլորս մի գույնի ենք, կամ եթե ուզում ենք գունավոր լինել, մի գույն կա՝ եռագույն ենք բոլորս։ Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք»։

Արմեն Սարգսյանը Միքայել Սրբազանի ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ եղավ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Նա չպատասխանեց լրագրողներին հետաքրքրող այն հարցին, թե երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը արդյո՞ք հորդորել է նրան հրաժարական ներկայացնել։

Նախագահն առաջարկեց հարցերը գրավոր ուղղել։

Այս պահին էլ նա հանդիպում է քաղաքի մտավորականների հետ, հանդիպումը փակ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031