«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր, որ պատրաստվում է արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների երեխաների համար կազմակերպել ամանորյա միջոցառումներ: Հիմնադրամը միջոցառման համար հատկացրել է 14 մլն 890 հազար դրամ:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղադրվել էին վրաններ և տոնածառ: Սակայն, այս միտքը դուր չէր եկել ստեփանակերտցիներին:
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկել էր դեկտեմբերի 25-ին հավաքվել՝ իրենց բողոքն արտահայտելու համար:
«Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 -ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին: Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ: Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք»,- գրել էր նա:
Կարդացեք նաև
Սակայն, մինչև հավաքը համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես են ապամոնտաժվում վրանները և տոնածառը:
Իսկ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ՝ գրելով. «Այս պահին ապամոնտաժվում է այն միջոցառման նախաձեռնումը, որին դեմ ենք մեր ժողովրդով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ