Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ցանցերը ծառայեցնել ոչ թե բիզնեսին, այլ սոցիալական պատասխանատվությանը. Հայաստանի օրինակը

Դեկտեմբեր 25,2020 15:45

Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը բիզնես ոլորտում պարբերաբար առաջ է բերում նոր մարտահրավերներ և ստիպում ընկերություններին փոխել բիզնեսի զարգացման մարտավարությունը։ Կարելի է ասել՝ ներկայումս առանց սոցիալական ցանցերի անհնար է պատկերացնել ընկերությունների գործունեությունը։ Facebook, Instagram, Twitter, Youtube և այլ սոցիալական ցանցերը կարևոր դեր են խաղում նրանց գործունեության ոլորտում՝ քանի որ առանցքային կերպով ազդում են իմիջի և հասարակության շրջանում վստահության ձևավորման ու զարգացման վրա։

2020 թվականի ամենաթարմ տվյալներով՝ սոցիալական մեդիայից օգտվողների թիվը աշխարհում 3.6 միլիարդ է, որը կազմում է աշխարհի բնակչության մոտ 47%-ը։ Եվ ակնկալվում է, որ այդ թիվը հաջորդ տարի աճելու է մինչև, ընդհանուր առմամբ 180 միլիոնով։

Հայաստանում 2019թ. APR Group-ի հետազոտողները պարզել են, որ հայաստանցիների 74%-ն օգտվում է համացանցից, իսկ բնակչության մոտ մեկ քառորդը համացանցում է անցկացնում օրական 3 ժամից ավել։ Նույն տվյալներով սոցիալական ցանցերի շարքում առաջին հորիզոնականում Facebook-ն է, որից հետո Instagram-ը, ապա Odnoklassniki-ն։

Համաշխարհային հարթությունում նույնպես առաջատարը Facebook-ն է. այսպես, ըստ DreamGrow տեղեկատվական հարթակի՝ 2020թ. դրությամբ ամսական ակտիվ օգտատերերի հաշվարկով առաջին հորիզոնականում է Facebook-ը, ապա Youtube-ը, հետո՝ Instagram-ը և այլն։

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում այսպիսի ակտիվությունը և առկա մարտահրավերները` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ընկերությունները փորձում են արդյունավետորեն օգտագործել առաջատար այդ հարթակները, հատկապես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արշավների իրականացման գործում՝ ընդգրկելով մեծ թվով մարդկանց։ Սա չափազանց կարևոր հանգամանք է, երբ բիզնեսները սոց. ցանցերում խթանում են ոչ թե իրենց բիզնես ուղղությունները, այլ որոշակի առանցքային ուղղություններ՝ ուղղված Հայաստանում առկա խնդիրների բարձրաձայնման և այդ խնդիրների լուծման ուղղությամբ։

Համաշխարհային մի շարք կայացած ընկերություններ պարբերաբար հանդես են գալիս սոցիալական հետաքրքրաշարժ արշավներով, ինչպիսիք է, օրինակ, «Coca Cola»-ն, որը վերջերս անդրադարձավ «Black lives matter» շարժմանը, կամ «Nike»-ը, որը սպորտի շարունակականության ապահովմանն ուղղված մոտիվացիոն ուղերձ հղեց «Covid-19»-ի հետևանքով ստեղծված իրավիճակի համատեքստում։

Հայաստանյան համատեքստում ուշագրավ էր հատկապես «Գալաքսի» ընկերությունների խմբի 2019թ. Ամանորին ներկայացրած հոգատարության արշավը՝ նվիրված Հայաստանում ապրող միայնակ տարեցներին: Այն տեղեկացնում է, որ 2020թ. շուրջ 49.000 տարեց Նոր տարին կդիմավորի միայնակ։ Արշավի նկարագրողական տեսանյութում ասվում է, որ «Մեզ համար այլևս անկարևոր է տոների փայլն ու խրախճանքը։ Ժամանակն է ցրտերը կոտրել բաց սրտերով»։ Այն դիտվել է 583.000 անգամ։

Հետաքրքիր սոցիալական արշավով է հանդես եկել «Իդրամ»-ը՝ ներկայացնելով իր «Մի դրամի ուժը/ Ամեն ինչ սկսվում է մի դրամից» տեսանյութը, որն ուղղված էր աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը։ Դիտվել է 386.000 անգամ։

Կարելի է առանձնացնել նաև Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի նախաձեռնությունը, որը ներկայացրեց իր «Ցույց պլաստիկի դեմ»  սոցիալական արշավը՝ ցույց տալով, որ բնությունը փրկելը հանդիսավոր միջոցառում չէ. «բնությունը փրկում ենք մենք և դուք ամեն օր»՝ ասվում է «կորպորատիվ քաղաքացիության» տեսանյութում: Այն դիտվել է 168.000 անգամ։

Իհարկե, կան նաև այլ օրինակներ, և դա ուրախալի է Հայաստանում բիզնես մշակույթի վերափոխման, դրա սոցիալական պատասխանատվության բաղադրիչի խթանման տեսանկյունից։ Սա նաև չափազանց կարևոր ցուցիչ է ընկերության հասունության, կայացվածության առումով, երբ սոցիալական ցանցերի ներուժն օգտագործվում է ոչ միայն ապրանքների կամ ծառայությունների առաջմղման համար, այլ սոցիալական արշավներով երկրում, հասարակությունում առկա խնդիրները բարձրացնելու և դրանց լուծման համար տարբերակներ ուղենշելու, օրինակ ծառայելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031