Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ ադրբեջանցիների կողմից մի խումբ մոտիկացավ մեր սահմաններին՝ բանակցելու մեր ՊՆ ծառայողների հետ, առաջարկեցին 150-200 մետր հետ քաշվենք, մի այդքան էլ իրենք». Փարսյան

Դեկտեմբեր 25,2020 15:34

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված վիճակն ու լուծման ուղիները» թեմայով:

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը ներկայացրեց իրավիճակը: Նա նշեց, որ այսօր զբաղեցնելով ՀՀ սահմանային դիրքեր, ունենք հետեւյալ պատկերը. «Թշնամին կոնկրետ մեր բնակավայրերից, օրինակ, Սյունիքից գտնվում է բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքից՝ 1 կմ հեռավորության վրա: Այդ բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր է առաջացել: Շատ կարեւոր դիրքեր, որոնք գտնվում են թե՛ Սյունիք համայնքի, թե՛ Կապան համայնքի դիմաց, այդ բարձունքները թշնամու կողմից զբաղեցնելով՝ կոնկրետ Կապան քաղաքը եւ այլ բնակավայրեր դառնում են լուրջ թիրախ թշնամու համար: Մենք ունենք նաեւ խնդիր ճանապարհների անվտանգության հետ կապված»:

Փարսյանի դիտարկմամբ, երեք խնդրահարույց ուղղության կա՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն հատվածը եւ Կապան-Ագարակ գյուղ հատվածը. «Կապան-Գորիս ճանապարհը այսօրվա դրությամբ գործում է, Կապան-Ճակատենը գործում է, բայց Կապան-Ագարակ տանող ճանապարհը ստիպված ենք եղել չօգտագործել, որովհետեւ ամբողջությամբ անցել է թշնամու վերահսկողության ներքո: Բարեբախտաբար, այլընտրանքային ճանապարհ կա, բայց այն երկար է ու հիմնանորոգման կարիք ունի, ձմռան այս եղանակներին գրեթե անանցանելի է դառնում: Այսինքն, որոշ առումով Ագարակի, Բուժանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել՝ այդ ճանապարհի պատճառով: Կապանի բնակչության մոտ լարված, անհանգիստ վիճակ է: Ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ է սպասվում ապագայում: Մեր քաղաքացիները ինձ են հարցնում՝ ի՞նչ է լինելու: Բնականաբար, ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց հավատացած եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք մեր քաղաքացիների անվտանգությունը»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ ռիսկեր տեսնո՞ւմ եք, որ գերի վերցնեն այդ ճանապարհին, անվտանգության վիճակը ոնց եք գնահատում՝ Փարսյանը պատասխանեց. «12,5 կմ հատված արդեն կառուցվել է, բայց եւս կա կառուցելու 17,5 կմ հատված: Բայց այստեղ լուրջ խնդիր կա. Կապան-Շինուհայր տանող ճանապարհը մեծ բեռնատար մեքենաների համար անհարմար է: Անհարմար է Տաթեւից մինչեւ Սատանի կամուրջ հատվածը. նեղ ոլորաններ են ու ավելի կտրուկ: Կարող է թեթեւ մարդատար մեքենաների համար հարմար լինի՝ որպես այլընտրանքային ճանապարհ, բայց բեռնատարների համար հարմար չէ: Այն մեր մայրուղին ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է: Դրա համար այդ ճանապարհը ցանկացած պարագայում պետք է պահպանվի: Եթե թշնամու հետ բանակցությունների արդյունքում խնդիրներ առաջանան, անհրաժեշտություն կա գոնե այդ խնդրահարույց հատվածները շրջանցել»:

ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանին հետաքրքրում էր՝ թշնամու բնակավայրեր կա՞ն, որ նույն իրավիճակում են, գտնվում են մեր թիրախում: Կապանի քաղաքապետը պատասխանեց, որ գրեթե չկան նման բնակավայրեր. «Չեմ կարծում, որ այդ հատվածներում իրենք բնակեցնեն; Նման բնակավայրեր կան Ներքին Հանդի հատվածում»:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը մեջբերեց մի շարք պաշտոնյաների խոսքերը, որ սահմանազատում գոյություն չունի, վարչապետի խոսքը՝ դելիմիտացիա, դեմարկացիա չկա, ու հարցրեց՝ հասարակությունը հիմա մոլորված է, չի հասկանում ինչ է կատարվում մեր սահմաններին՝ սահմանազատո՞ւմ է, սահմանների փոփոխո՞ւմ է՝ Փարսյանը պատասխանեց. «Իրականում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում՝ նշանների տեղադրումով եւ այլն: Ավելի շատ ադրբեջանցիների եւ ռուսների մասնակցությամբ գիտե՞ք ինչ գործընթաց է՝ դիրքերի տեղորոշման; Օրինակ, երեկ ադրբեջանցիների կողմից մի խումբ մոտիկացավ մեր սահմաններին՝ բանակցելու մեր պաշտպանության նախարարության ծառայողների հետ: Մեր կողմից բանագնաց էր գեներալ Քոչարյանը: Ի՞նչ են առաջարկում ադրբեջանցիները՝ այն հատվածներում, որտեղ մենք դիրքավորված ենք սահմաններին, հետ քաշվենք սահմաններից, ապահովել անվտանգության գոտի դիրքերի միջեւ, մի 150-200 մետր մենք հետ քաշվենք, մի այդքան էլ իրենք հետ քաշվեն, որպեսզի մեր զինվորներն իրար հետ շփում չունենան եւ դրանից նոր կոնֆլիկտեր առաջանան: Բայց մեր ՊՆ-ի կողմից առաջարկություն հնչեց, որ եթե այդպես է, բերեք համակարգային մոտեցում անենք, այսինքն՝ ամբողջ սահմանագծի երկարությամբ, որովհետեւ հատվածներ կան, որ հենց իրենք են եկել սահմանի վրա դիրքավորվել»:

Կապանի քաղաքապետն ասաց, որ հիմա սահմանների վրա լուրջ աշխատանքներ չեն իրականացնում, որ «անակնկալներ» չունենան, ինչպես նախկինում, այսինքն, չգան ասեն՝ պետք է հետ քաշվեք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031