Այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված վիճակն ու լուծման ուղիները» թեմայով: Բայց ո՛չ կառավարությունից, ո՛չ «Իմ քայլը» խմբակցությունից քննարկմանը չեն մասնակցել:
Քննարկմանը մասնակցում են միայն ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:
Կապան քաղաքի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը ներկայացրեց իրավիճակը. «Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական սանձազերծած պատերազմում մեծ մասնակցություն են ունեցել սյունեցիները ինչպես մարտի դաշտում, այնպես էլ Սյունիքում: Սյունիքը կրել է մեծ, անդառնալի կորուստներ: Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարների մասնակցությամբ: Այնտեղ առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության ու Սյունիքի պաշտպանության կոորդինատորը նշանակվեց այն ժամանակ գեներալ Արտակ Դավթյանը: Մենք ինքնակազմակերպվեցինք ու անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը: Այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք, շատ ծանր օրեր էին, ընդհանրապես որեւէ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մնացած բոլոր ոլորտներից: Մենք ցուցում ստացանք այն ժամանակ կոնկրետ գեներալ Դավթյանից, որ զբաղեցնենք մեր համար շահավետ դիրքեր՝ դա կլինի ՀՀ սահմանների վրա, թե սահմաններից դուրս: Մենք ընտրեցինք այն բնագիծը, որը որոշակի հեռու էր մեր բնակավայրերից՝ դրանով իսկ անվտանգության գոտի ապահովելով: Կապանում թեժ մարտեր ընթացան Դավիթ Բեկի հատվածում, Կենտրոնական ու Ներքին Հանդի հատվածում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով այդ բնագծերը: Նոյեմբերի 9-ին, ինչպես գիտենք, ընդունվեց այդ համաձայնագիրը, որտեղ հստակ առաջին կետով ասվում էր՝ ՀՀ եւ Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են: Մենք, բնականաբար, մնացինք կանգնած այդ դիրքերում: Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ին ստացանք հրաման ՊՆ-ից, որ ձեր զբաղեցրած բնագծերը թողեք, դիրքերը թողեք եւ անցեք արդեն ՀՀ սահմանների վրա: Դա իրականում մեր համար՝ կոնկրետ կապանցիներիս համար շատ լուրջ խնդիրներ է առաջացրել»:
Փարսյանը նշեց, որ ՊՆ-ի հետ համագործակցում էին, բայց իր տպավորությամբ, անգամ գեներալները տեղյակ չէին, ամսի 17-ին են իմացել, որ հայկական կողմի զբաղեցրած դիրքերը պետք է զիջել. «Ինչպես գիտեք, մենք հանդիպում ենք ունեցել ՊՆ նախարարի հետ: Ես այդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ, որ առաջին կետով սա եղավ, այսօր հրաման եք իջեցնում, որ մենք մեր դիրքերը զիջենք, մենք դեմ ենք, որովհետեւ անվտանգության խնդիր է առաջանում: Նա ինձ պատասխանեց, որ այս համաձայնությունը ի սկզբանե եղել է: Ի զարմանս ինձ: Եթե այդ համաձայնությունը եղել է, ապա ինչո՞ւ մեզ տեղյակ չեն պահել: Նոյեմբերի 9-ից հետո մենք երկրորդ բնագիծ ենք կառուցել պաշտպանության, երրորդ բնագիծ ենք կառուցել: Նույնիսկ այն կարծիքին ենք եղել, որ էլի կռիվ կարող է լինի այդ հողերի համար, մենք ամրացել ենք այդ տարածքի վրա: Ու ես ստացա այդ պատասխանը: Մենք նույնիսկ հարցրեցինք՝ հնարավոր չէ՞ նոր բանակցություններ, որ պահպանենք, ասեց՝ չէ, բացառվում է: Մեզ ոչինչ չէր մնում, քան այդ դիրքերը զիջեինք»:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Շատ կարեւոր տեղեկություն եք հայտնում, սա ցույց է տալիս, որ արդեն իսկ եղել է դավաճանություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ