90 հազար արցախցի օգտվել է 68 հազար դրամ + 15 հազար դրամ ֆինանսական աջակցության ծրագրից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նշված ծրագրով 6,5 միլիարդ դրամ է տրամադրվել Արցախի քաղաքացիներին, շահառուների 90%-ն օգտվել է ծրագրից։
Ընդհանուր առմամբ կառավարությունը արցախցիներին հատկացվող սոցիալական աջակցման 15 միջոցառում է իրականացնում, դրանք հիմնականում ուղղված են պատերազմի հետեւանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրների ժամանակավոր կարգավորմանը։
Պարոն Առաքելյանի ներկայացմամբ՝ տեղեկատվական բազայի հետ կապված տեխնիկական որոշակի խնդիրներ կան, Արցախում էլ որոշ փոքր խնդիրներ կան, եւ կա քաղաքացիների մի փոքր խումբ, որոնք մերժում են ստացել։ Սակայն նախարարը վստահեցրեց, որ նման յուրաքանչյուր շահառուի խնդիրը Արցախի գործընկերների հետ անհատական քննարկում են։
Կարդացեք նաև
Ըստ նախարարի, որպեսզի առցանց գործընթացը պարզեցվի, երեկվանից գործարկվել է դիմում-բողոքներին արագ արձագանքման հարթակ, եւ այն քաղաքացիները, ովքեր ծրագրի շահառու չեն կարողանում հանդիսանալ, այդ հարթակում կարող են նշել իրենց հիմնավորումները․ «Մասնավորապես, լինում են դեպքեր, երբ մարդիկ փաստացի բնակվել են Արցախում, սակայն փաստաթղթերի խնդիր է առաջացել։ Մենք Արցախի մեր գործընկերների հետ քննարկելու են նրանց խնդիրը, եւ հնարավոր է կրկնակի որոշում կայացվի»։
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փաստացի գրանցված եւ վերջին երեք ամսում այնտեղ բնակված քաղաքացիներին եւս սոցիալական աջակցություն է տրամադրվում, նախարարության մոտավոր հաշվարկներով՝ մոտ 30 հազար նման շահառու կա․ «Նրանցից այս պահին մոտ 5 հազարը ստացել է աջակցությունը, մյուս մասին այս պահին Արցախի մեր գործընկերների հետ նույնականացնում ենք եւ ամեն օր աջակցություն է տրամադրվում։ Այս աջակցությունը կազմում 300 հազար դրամ՝ յուրաքանչյուր նման շահառուի համար, այդ թվում՝ անչափահաս»։
Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակարանները պատերազմի հետեւանքով վնասվել են եւ հնարավոր չէ այնտեղ բնակվել, սակայն բնակավայրը գտնվում է Արցախի վերահսկողության տակ, նույնպես ֆինանսական աջակցություն կտրամադրվի։ Նախարարն ասաց, որ այդ քաղաքացիներն այսօր կամ վաղը կարող են արդեն դիմել, յուրաքանչյուրին հատկացվելու է 250 հազար դրամ։ Այս ծրագիրը կտեւի երեք ամիս, քանի որ Արցախի կառավարությունը այս բնակարանների վերանորոգման աշխատանքներ են իրականացնում։
Արցախցիների կենսաթոշակների եւ նպաստների վճարման համար, ներառյալ դեկտեմբեր ամիսը, ՀՀ կառավարությունը 940 միլիոն դրամի համաֆինանսավորում է իրականացրել։
«Շահառուներն աջակցությունը ստանում են կամ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով, եւ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մեծ մասը Արցախփոստից է ստացել։ Մեր վերլուծությունների համաձայն, Արցախում մշտական բնակավայր ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնց կացարանը պահպանվել է, գրեթե բոլորը վերադարձել են Արցախ»,-ասաց նախարարը։
Ընդհանուր ծրագրերի բյուջեն, ըստ նախարարի, կազմում է 25 միլիարդ դրամ․ «Սակայն, անհրաժեշտության պարագայում ծրագրերը շարունակվելու են, այսինքն, բյուջեն 25 միլիարդով չի սահմանափակվելու»։
Արցախցիներին ՀՀ-ում հյուրընկալող քաղաքացիներին աջակցության ծրագրով սահմանված է յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազար դրամ։ Արդյոք այս գումարը բավարար է վարձով բնակվող եւ աշխատանք չունեցող արցախցիների համար, այն դեպքում, երբ վարձով բնակարանների գումարը բավականին բարձր է։ Այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց՝ աջակցությունը յուրաքանչյուր չափահաս անձի հաշվով է տրվում, եւ եթե դիտարկենք, որ ընտանիքում 2-3 չափահաս կլինի, 60-90 հազար դրամ է բյուջեն․ «Կարծում ենք,որ հնարավոր է վարձակալության ծախսերը հոգալ։ Ընդ որում, այլ աջակցության ծրագրերով նույնպես քաղաքացիները շարունակում են աջակցություն ստանալ։ Սրանք ֆինանսական միջոցառումներ են, բայց նաեւ Համահայկական հիմնադրամի եւ այլ հիմնադրամների միջոցով պարենի, կենցաղային միջոցների աջակցություն եւս տրամադրվում է»։
Նախարարը նաեւ ասաց․ «Այն մարդիկ, որոնք վերադարձել են Արցախ, շարունակում են ապրել, ապրել ավելի մեծ պատրաստակամությամբ՝ ստեղծելու, արարելու մտքով։ Մասնավորապես Ստեփանակերտում կյանքը շարունակվում է որոշակի սոցիալական դժվարություններով, սակայն գրեթե բոլոր ոլորտներում ունենք կյանքի կենսագործունեության համար նորմալ իրավիճակ, օրինակ՝ առեւտրի, ծառայությունների, դպրոցների, կրթության, բնակչության սպասարկման, առողջապահության մասով։ Կյանքը նորմալ հունով ընթանում է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ