Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

20 իրավաբաններ պետական դավաճանության հիմքով քրեական գործ հարուցելու պահանջ են ներկայացրել գլխավոր դատախազին

Դեկտեմբեր 25,2020 13:20

20 իրավաբաններ հանրային/մասնագիտական պահանջ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործ հարուցելու պետական դավաճանության հիմքով:

Պահանջի տեքստն ամբողջությամբ

«Հարգելի պարոն Գլխավոր դատախազ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետեւանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարեւորություն եւ անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ եւ ենթակառուցվածքներ: Մասնավորապես, նա նշել է. «… Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS սարքերով: Այդ սահմանով Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, եւ ուզենք, թե չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, պետական սահմանը տեղորոշելիս եւ փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանամերձ շրջաններում եւ միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքներով.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության.

բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.

գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության.

դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

Ինչպես պարզ է դառնում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված դրույթներից, ՀՀ պետական սահմանի տեղորոշումն իրականացվում է բացառապես միջազգային պայմանագրի հիման վրա ընդունված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ «GPS» համակարգը` որպես ՀՀ պետական սահմանի տեղորոշման միջոց, սահմանված չէ:

Վարչապետի կողմից հիշյալ զարգացումների համար պատասխանատվությունից խուսափելը հիմնավորվում է այն անհերքելի փաստով, որ վերջինս սահմանագծումը փորձել է արդարացնել խնդրի հետ որեւէ իրավական առնչություն չունեցող դեռեւս 1995 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով։

Վարչապետի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ եւ ԱՀ միջեւ միջազգային պայմանագրի ստորագրման փոխարեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ արտաքին սահմանը տեղորոշվում է սոսկ ձեռք բերված՝ մեր Երկրի հանրության համար ոչ հասանելի, գաղտնի, երկկողմ, բանավոր (կամ գրավոր) համաձայնության հիմքով, որի ուժով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի այնպիսի կարեւոր եւ անվտանգության գոտի համարվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մայրաքաղաքը Սյունիքի մարզի հետ կապող Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասը, ոսկու մեծ պաշար ունեցող Սոթքի հանքավայրի մեծ մասը, ռազմավարական նշանակության դիրքեր եւ բարձունքներ:

Միաժամանակ. 24/12/2020թ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ (ուղղակի մեջբերում) «Սյունքի մարզում ներկայումս տեղի են ունենում տեղորոշման աշխատանքներ, եւ այդ տեղորոշման աշխատանքները ունեն որոշակի նրբություններ եւ որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքը այն է, որ այդ աշխատանքները պետք է տեղի ունենան… իհարկե այնտեղ կարող են երկու, երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի մասին է, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, եւ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաեւ ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։

Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ տեղի է ունենում հանցագործություն՝ տարածքային ամբողջականության ապօրինի խախտում, որի դիմաց էլ կառավարությունը նախատեսում է դրամական փոխհատուցում տալ քաղաքացիներին, ինչը միանշանակ չի նվազեցնում հանցանքի հանրային վտանգավորությունը, քանզի ՀՀ անբաժանելի մաս կազմող տարածքների նկատմամբ նմանատիպ ակնհայտ ապօրինի գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն վերոնշյալ համայնքների, այլեւ ամբողջ պետության բնականոն կենսագործունեությունը եւ անվտանգությունը։

Բացի այդ, ըստ շրջանառության մեջ դրված հավաստի տեղեկատվության՝ այս գործընթացը շարունակվելու է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի տարածքների նկատմամբ: Տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ այս գործընթացն առերեւույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, պատերազմ սանձազերծած եւ պատերազմի ընթացքում ոճրագործություններ կատարած թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական եւ ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը:

Վերը նկարագրված արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ արտաքին անվտանգության դեմ իրագործվող հանցագործության փաստի առթիվ քրեական հետապնդում հարուցելու, նշված հանցավոր արարքները կանխելու եւ խափանելու ուղղությամբ:

Մասնավորապես.

1.Վերը նշված փաստական տվյալներն ակնհայտորեն վկայում են հանցագործության օբյեկտի եւ օբյեկտիվ կողմի ակնհայտ հատկանիշների առկայության մասին, հետեւաբար անհրաժեշտ է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ պետական դավաճանության վերաբերյալ սույն հաղորդման հիմքով։

2.Ներկայացված հաղորդման մեջ նշված ենթադրյալ հանցանքը կատարած Նիկոլ Փաշինյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետագա հանցավոր գործողությունները կանխելու եւ խափանելու համար, անհրաժեշտ է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ, կիրառել խափանման միջոցներ եւ որոշում կայացնել վերջիններիս պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, քանի որ առավել քան բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նշված անձինք մնալով պաշտոնում կարող են շարունակել հանցավոր գործունեությունը եւ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:

3.Ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ սույն քրեական գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության իրականացումն ապահովելու համար:

Նշված գործողություններն իրականացնելու համար Գլխավոր դատախազն ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները, դրանք բխում են Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերից եւ, ըստ այդմ էլ պահանջում են առավելագույն օպերատիվություն:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել մասնագիտական աջակցություն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ արտաքին անվտանգության իրավական պաշտպանության գործում:

Ղազինյան Գագիկ – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դիլբանդյան Սամվել – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչիկյան Հարություն – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գաբուզյան Արա – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Այվազյան Նորիկ – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մարգարյան Աննա – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ստեփանյան Վահե – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դանիելյան Գեւորգ – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հովհաննիսյան Վլադիմիր – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Իսկոյան Աիդա – իրավ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Այվազյան Վարդան – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Դավթյան Տաթեւիկ – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մուրադյան Սամվել – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ենգոյան Հասմիկ – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մելիքյան Ռուբեն – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդազարյան Տիրայր – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդանյան Քնարիկ – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Խաչիկյան Տիգրան – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Եսայան Վարդուշ – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ասատրյան Աննա – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ


Հայրենիքի փրկության շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031