Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար Հայաստան»-ը վարչապետից պահանջում է դադարեցնել Սյունիքում սահմանների «ճշգրտման» գործընթացը

Դեկտեմբեր 25,2020 12:45

ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ս.թ. նոյեմբերի 9-ին ստորագրած տխրահռչակ հայտարարության 1-ին կետով սահմանվել է, որ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։

Ինչպես վերը նշված, այնպես էլ հայտարարության մնացած դրույթներում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հստակեցման, սահմանագծերի որոշման և անցկացման մասին որևէ հիշատակում առկա չէ:

Ավելի՛ն, այս համատեքստում, մեծագույն ցանկության դեպքում անգամ Սյունիքի մարզի սահմանակից տարածքները չեն կարող ընկալվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Միջազգային իրավունքի կանոնների համաձայն՝ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացվում է հարևան պետությունների փոխադարձ համաձայնությամբ, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշել սահմանների ճիշտ տեղը կամ լուծել դրանց հետ կապված խնդիրները, որի նպատակով սահմանակից պետությունների միջև ստեղծվում է դելիմիտացիոն և դեմարկացիոն հանձնաժողովներ։

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով:

Պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի տարածքային ամբողջականության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով:

Վերը նշվածը հիմք է տալիս՝ պնդելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հստակեցման վերաբերյալ որևէ միջազգային պայմանագիր չի ստորագրվել, դելիմիտացիոն և դեմարկացիոն հանձնաժողովներ չեն ձևավորվել, ս.թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում որևէ դրույթ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների ճշգրտմանը, ինչը նշանակում է, որ ներկայումս Սյունիքի մարզում իրականացվող սահմանների հստակեցման գործընթացն ամբողջությամբ իրականացվում է առանց որևէ իրավական հիմքի ու միջազգային պայմանագրի, հետևաբար՝ ամբողջությամբ անօրինական է:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է անհապաղ դադարեցնել Սյունիքի մարզում սահմանների «Ճշգրտման» ապօրինի գործընթացը, Ադրբեջանի հետ հետագա բանակցությունների արդյունքում ստեղծել դելիմիտացիոն և դեմարկացիոն հանձնաժողովներ, որոնց գործունեության արդյունքում նոր միայն հստակեցնել Հայաստանի պետական սահմանները:

«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031